Սյուտադելի զբոսայգի կամ Բարսելոնայի միջնաբերդի զբոսայգի (կատ.՝ Parc de la Ciutadella), գտնվում է Հին քաղաքի հյուսիսարևելյան մասում։ Զբոսայգին բացվել է 19-րդ դարի կեսին և մի քանի տասնամյակ շարունակ եղել է քաղաքի միակ կանաչ հատվածը։ Զբոսայգու տարածքում տեղակայված են մի քանի թանգարաններ, Բարսելոնայի կենդանաբանական այգին, արհեստական լիճ, ինչպես նաև Կատալոնիայի խորհրդարանը[2]։

Սյուտադելի զբոսայգի
կատ.՝ Parc de la Ciutadella
Տեսակքաղաքային զբոսայգի և պատմական պարկ
Կազմված էCascada Monumental?
Երկիր Իսպանիա[1]
ՎարչատարածքSant Pere, Santa Caterina i la Ribera?[1]
Հիմնվել է1877
Ճարտարապետական ոճկատալոնյան մոդեռնիզմ
ԲԾՄ6 մետր
Անվանված էCitadel of Barcelona?
Սյուտադելի զբոսայգիը գտնվում է Իսպանիաում
Սյուտադելի զբոսայգի
Սյուտադելի զբոսայգիը գտնվում է Երկիրում
Սյուտադելի զբոսայգի

Պատմություն

խմբագրել

1714 թվականին՝ Իսպանական ժառանգության համար պատերազմում, որը շարունակվել է 13 տարի, Բարսելոնան գրավվել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ի կողմից։ Քաղաքը պահելու նպատակով վերջինս հրամայում է Բարսելոնայի կենտրոնում ամրոց կառուցել, որից թնդանոթները պետք է ուղղված լինեին Բարսելոնայի աղքատ թաղամասերի բնակելի տներին։ Այն ժամանակ դա Եվրոպայի ամենամեծ ամրոցներից էր։

Ամրոցի կառուցման ընթացքում (1716-1729) քանդվում են բնակելի թաղամասեր, իսկ շինարարությունը ֆինանսապես ապահովելու համար իսպանական իշխանությունները մտցնում են հատուկ հարկ` El Cadestre: Այդ ժամանակից ի վեր ամրոցը մշտապես հիշեցրել է Կատալոնիայի բնակիչներին իրենց պարտությունն այդ պատերազմում, որի արդյունքում կատալոնացիները զրկվեցին ազգային ինքնիշխանությունից։

Միջնաբերդը գոյատևել է մոտ 150 տարի և միայն 19-րդ դարի կեսին, երբ ամրոցը կորցրել է ռազմական նշանակությունը, Իսպանիայի կենտրոնական իշխանությունները համաձայնել են 1869 թվականին այն քանդել։ Ամրոցի շինություններից պահպանվել են մի քանիսը, որոնց թվում` Կատալոնիայի ներկայիս խորհրդարանի նստավայրը (բարոկկո ոճով այդ շենքը կառուցվել է 1716-1748 թվականներին), ինչպես նաև կապելան և նահանգապետային պալատը[3]։

1888 թվականին, երբ Բարսելոնայում կազմակերպվում է առաջին Համաշխարհային ցուցահանդեսը, միջնաբերդի զբոսայգին ընտրվել է որպես դրա անցկացման գլխավոր վայր։ Ցուցահանդեսի կազմակերպման համար զբոսայգին Ժուզեպե Ֆոնտսերի նախագծով զգալիորեն վերաձևվել է անգլիական ոճով և զարդարվել շատ տաղավարներով։ Զբոսայգու մուտքի մոտ տեղադրել են Ժուզեպե Վիլասեկայի նախագծած կամարը։ Այգու ջահերը ստեղծվել են Պերե Ֆալկես ի Ուրպի էսքիզներով։ 1892 թվականին Միջնաբերդի զբոսայգին կրկին վերաձևվել է, որպեսզի այնտեղ տեղավորեն Բարսելոնայի կենդանաբանական այգին։

Լանդշաֆտ

խմբագրել
 
Կենդանաբանական թանգարանի շենքը զբոսայգում

Զբոսայգու լանդշաֆտի հիմքը մեծ լիճն է և կենտրոնական երեք ծառուղիները` լորենու, բարդու և ծփու։ Ջրավազաններից մեկում տեղադրված է կատալոնացի քանդակագործ Ժուզեպ Լյիմոնայի «Հուսահատություն» (Desconsol) քանդակը։ Քանդակագործի` քաղաքին նվիրած քանդակը դարձել է Բարսելոնայի խորհրդանիշերից մեկը։

Այգու հյուսիսային անկյունում գտնվում է Cascada շատրվանը` կառուցված դասական ոճով և զարդարված բրոնզե քանդակախմբով։ Առաջին անգամ այն բացվել է 1881 թվականին՝ առանց քանդակային էքսպոզիցիայի, սակայն հետագա վեց տարիների ընթացքում ստացել է ներկայիս տեսքը և ցուցադրվել Համաշխարհային ցուցահանդեսում։ Շատրվանի կոմպոզիցիայի շուրջ աշխատել են կատալոնացի ճարտարապետ Ժուզեպ Ֆոնսերեն (Josep Fontserè), քանդակագործներ Ռոսենդե Նոբասը (Rossend Nobas), Վենանսի Վալմիտժանան (Venanci Vallmitjana) և այն ժամանակներում քիչ հայտնի Անտոնիո Գաուդին։

 
Շատրվանի քանդակներից

Պիկասոյի հրապարակի երկայնքով գտնվում են Համաշխարհային ցուցահանդեսի համար կառուցված մի շարք շինություններ` Երեք դրակոնների ամրոցը, Ձմեռային այգին (կատ.՝ Hivernacle), Արմավենիների ծաղկաջերմոցը (կատ.՝ Umbracle):

Պլասա դե Արմաս հրապարակում` նախկին զինանոցի շենքում, տեղակայված է Կատալոնիայի խորհրդարանը։ Զբոսայգու տարածքում գտնվում է Երկրաբանության թանգարանը (Բարսելոնայի ամենահին թանգարանն է) և Կենդանաբանական թանգարանը (գտնվում է Համաշխարհային ցուցահանդեսի նախկին սրճարան-ռեստորանում` Երեք դրակոնների ամրոցում)։

Զբոսայգու տարածքի մոտ մեկ երրորդը գտնվում է Բարսելոնայի կենդանաբանական այգում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. "Parc de la Ciutadella, Barcelona". Aviewoncities.com. Retrieved 2016-11-25.
  3. "Parc de la Ciutadella - Parc de la Ciutadella information and pictures". Gothereguide.com. Retrieved 2016-11-25.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուտադելի զբոսայգի» հոդվածին։