Սկևռայի Ավետարան
Սկևռայի Ավետարան, «Լվովի Ավետարան», «Լեմբերգի Ավետարան», 1197 թվականի մագաղաթե ձեռագիր մատյան։ Գրիչ և մանրանկարիչ՝ Գրիգոր Սկևռացի, պատվիրատու՝ Ներսես Լամբրոնացի։ «Սկևռայի Ավետարան» գրված է բոլորաձև երկաթագրով (426 էջ, 28,9 x 21,5 սմ)։
Սկևռայի Ավետարան | |
---|---|
Հեղինակ | Գրիգոր Սկևռացի |
Ստեղծման տարեթիվ | 1197 |
Նկարազարդող | Գրիգոր Սկևռացի |
Պատմություն
խմբագրել1592 թվականին լեհահայ մեծահարուստ Թորոս Բեռնարտովիչի (Պեռնաթենց) պատվերով Ավետարանը նորոգվել է, մինչև 1830 թվականը այն պահվել է Լվովի հայկական համայնքում, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականներ) ժամանակ ձեռագիրը Լվովի հայկական արքեպիսկոպոսարանից անհետացել է։ 1993 թվականին գերմանացի բյուզանդագետ Գ. Պրինցիգն այն հայտնաբերել է Լեհաստանի Գնեզնո քաղաքի արքեպիսկոպոսարանում. այնտեղից ձեռագիրն ուղարկվել է Գերմանիայի Մայնց քաղաքի Գուտենբերգի թանգարան՝ վերանորոգման։ 1997 թվականին «Սկևռայի Ավետարանը» ցուցադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում՝ «Բյուզանդիայի փառքը» ցուցահանդեսում։ «Սկևռայի Ավետարանը»-ի պատկերազարդումն ընդգրկում է Եվսեբիոս Կեսարացու թուղթը (Եվսեբիոսի և Կարպիանոսի կիսանդրիների պատկերներով), 7 խորան (պակասում է Բ կանոնի խորանը)։ Յուրաքանչյուր Ավետարանի սկզբում նստած ավետարանչի պատկերն է (միայն Հովհաննեսն է կանգնած) և շքեղ անվանաթերթը՝ ավետարանիչների խորհրդանիշները ներառող գլխատառով, բուսական զարդատառերով, ո-աձև կրկնակի կամ լյունետով (կամարային) հատված մեծ ուղղանկյուն գլխազարդով, նաև ծաղկած խաչով ավարտվող լուսանցազարդով։ Ձեռագրի լուսանցքներում պատկերված են զարդեր և ավետարանական անձինք։ Բացակայում են ամբողջ էջով տերունական տոների պատկերները։ Հիմնական գույները (կարմիր, կապույտ, կանաչ, օգտագործել են նաև ոսկի), զարդերը, թռչունների ու կենդանիների իրական և երևակայական պատկերները, լուսանցազարդերը դարձել են XIII դարի կիլիկյան մանրանկարչության հիմքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |