Գրիգոր Սկևռացի
Գրիգոր Սկևռացի (նաև՝ Գրիգոր Լամբրոնացի, 1170-ականներ[1] կամ 1160-ականներ[2], Լամբրոն, Կիլիկիայի Հայկական Իշխանություն[1][2] - մոտ 1230[2] կամ անհայտ[1], Սկևռա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ։
Գրիգոր Սկևռացի | |
---|---|
Ծնվել է | 1170-ականներ[1] կամ 1160-ականներ[2] Լամբրոն, Կիլիկիայի Հայկական Իշխանություն[1][2] |
Մահացել է | մոտ 1230[2] կամ անհայտ[1] Սկևռա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ և մեկնիչ |
Գործունեության ոլորտ | պոեզիա |
Գիտական ղեկավար | Ներսես Լամբրոնացի |
Հայտնի աշակերտներ | Գևորգ Սկևռացի |
Մատենագիր Գևորգ Սկևռացու մորեղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԼամբրոնացի է կոչվել ծննդավայրի, իսկ Սկևռացի՝ Սկևռա վանքում ուսուցիչ և վանահայր լինելու պատճառով։ Սովորել է Կիլիկիայի վանական դպրոցներում։ Եղել է Ներսես Լամբրոնացու աշակերտն ու մտերիմը, Լևոն Բ թագավորի թարգմանիչը, խորհրդատուն ու խոստովանահայրը։ Վերջինիս առաջարկությամբ հունարենից հայերենի է թարգմանել Նիկիայի արքեպիսկոպոս Հովհաննեսի Թուղթը (1203)՝ ուղղված Զաքարիա Ա Ձագեցի կաթողիկոսին։ Գրել է ներբողներ, շարականներ, ճառեր։ Ներբողներից են «Բան գովեստի պատմագրաբար յաղագս ծննդեան, քաղաքավարութեան և վերափոխման ամենասուրբ կուսին, ասացեալ ի Գրիգորէ Մենաւորէ», «Ներբողեան ի սուրբն Լամբրոնացի»։ Վերջինը և՛ կենսագրական ներբող է, և՛ պատմական դրվագ, որտեղ ներկայացված են Ներսես Լամբրոնացու կյանքը, գրական գործունեությունը, ժամանակաշրջաևը և պատմական իրադարձությունները։ Ճառերից լավագույններն են՝ «Պատմութիւն վարուց սըրբոյն Գրիգորի Լուսաւորչի», «Քրիստոսի յարութեան»-ը և Եսայի մարգարեի «Տէր ո՛ հաւատաց» խոսքի էությանն ու մեկնաբանությանը նվիրված ճառեր, «Վարք Գրիգորի Նարեկացւոյ»։ Արժեքավոր է Հովհաննես Մկրտչի ծննդյան կանոնում եղած «Արեգականն արդարութեան» սկզբնատողով, հայերենի այբբենական կարգով գրված շարականը, որտեղ տրված են Հովհաննես Մկրտչի ծնունդը, կյանքը, գործունեությունն ու նահատակությունը։ Գրիգոր Սկևռացուն է վերագրվում Ավագրի «Լուսսսոր պատերազմ» երկի մեկնաբանությունը։ Ներսես Լամբրոնացու հանձնարարությամբ կատարել է Սաղմոսի մեկնության հայերեն թարգմանությունը։ Գրիգոր Սկևռացին նպաստել է հայկական երաժշտաբանաստեղծական մասնագիտացված արվեստի զարգացմանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Սկևռացի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 221)։ |