Սիրակուսե, Սիրակուզա Սիրակուսք, Սիրա-կուսք (իտալերեն՝ Siracusa, սից.՝ Sarausa, հուն․՝ Συράκοσαι, Συράκουσαι, Συρήκουσαι, լատ.՝ Syracusae), հին հունական քաղաք-պետություն (պոլիս) Սիցիլիա կղզու հարավ-արևելքում։ Հիմնել են կորնթացիները մ․թ․ա․ մոտ 735 թվականին։ Բնակիչների հիմնական զբաղմունքն էր երկրագործությունը և ծովային առևտուրը։ Մ․թ․ա․ 7-6-րդ դարերում Սիրակուսեն Սիցիլիայում հիմնել է մի շարք գաղութներ։ Տիրաններ Գելոնի (մոտ 485-478), Հիերոն I-ի (մոտ 478-467), Դիոնիսիոս I Ավագի (406-367), Ագաթոկլեսի (317/316-289) ժամանակ Սիրակուսեի քաղաքական կայուն վիճակը ընդմիջվել է ներքին քաղաքական պայքարով, Սիրակուսեի ժամանակավոր թուլացմամբ։ Տարբեր ժամանակներում Սիրակուսեի պետությունն ընդգրկել է Սիցիլիայի մեծագույն, Հյուսիսային Իտալիայի մի մասը։ Պունիկյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ Սիրակուսեն Հռոմի դաշնակիցն էր, սակայն 215 թվականից անցել է Կարթագենի կողմը։ Երկամյա պաշարումից հետո՝ մ․թ․ա․ 212/211 թվականին, հռոմեացիները գրավել են Սիրակուսեն (սիրակուսեցիները պաշտպանվել են իրենց հայրենակից Արքիմեդի հնարած ռազմական մեքենաներով) և ավերել։ Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում Սիրակուսեն Սիցիլիա պրովինցիայի կուսակալների նստավայրն էր։