Սարի, հնդկական կանացի ավանդական տարազ, որն իրենից ներկայացնում է 4,5-ից 9 մետր երկարությամբ[1], մինչև 1,2 մետր լայնությամբ կտոր, որն առանձնահատուկ կերպով փաթաթվում է մարմնի շուրջ։ Սարին հագնում են շապիկի հետ, որը կոչվում է լեհենգա չոլի կամ ռավիկա, և ներքին կիսաշրջազգեստով (հարավում այն անվանում են պավադա , արևելքում՝ շայա)։ Սարին հագնելու ամենատարածված ոճը նիվին է, երբ կտորի մի ծայրը երկու անգամ փաթաթում են ազդրի շուրջ՝ ծածկելով ոտքերը, իսկ վերևի ծայրը ամուր գոտիով ամրացվում է ներքին կիսաշրջազգեստին, որից հետո հետ է գցվում մի ուսի վրայով։ Փողոցում կանայք սարիի ազատ անկյան հատվածը (պալլու) շալի պես գցում են գլխին։ Հնդկաստանում կնոջ նյութական և սոցիալական վիճակով է պայմանավորված եղել այն կտորը, որից պատրաստել են սարին, սակայն այն կրելու եղանակը տվյալ տարածաշրջանի համար նույնն է եղել։

Սարիով կին
Սարիով կին

Ծագում և պատմություն խմբագրել

Հնդկական լեգենդի համաձայն սարիի կտորը խորհրդանշում է տիեզերքի ստեղծումը։ «Սուտրան» (թելը) հանդիսանում է հիմքը, իսկ «սուտրադխարան» (դերձակը)՝ տիեզերքի արարիչը։ Սարի բառը ծագել է սատտիկա բառից[2]։Սանսկրիտով « սատի» նշանակում է կտորի շերտ։

Հնդկական հագուստի պատմությունն արմատներով գնում է դեպի հնդկական քաղաքակրթություն, որն իր ծաղկմանն է հասել մ. թ.ա. 2800—1800 թվականներին՝ ժամանակակից Հնդկաստանի տարածքում (Հուջարաթ, Խարյանա և Ռաջաստան, Սինդ և Պենջաբ)։ Ամենահին հայտնի սարին Ինդուս հովտում գտնված քրմուհու արձանի վրա է քանդակված եղել[3]։

Որոշ տարազագետներ ենթադրում են, որ տղամարդու դխոտին (ամենահին հնդկական հագուստը) նախորդել է սարիին։ Մինչև XIV դարը դխոտին հագել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք[4]։ Գանդհարայի արձանը (1-ին—4-րդ դարեր մ.թ.), պատկերում է աստվածուհու և պարուհու, որի հագուստը ծածկում է ոտքերը, դիմացից ունի ծալքեր։ Գոտկատեղից վերև մարմինը մերկ է։ Այնպիսի գրավոր աղբյուրներից, ինչպիսիք են «Ռամայանան» և «Մախաբխարատան» հայտնի է, որ կանանց և տղամարդկանց համար ամենօրյա հագուստը կազմված է եղել դխոտիից կամ լունգիից , որը ծածկում էր ոտքերը և ծածկոցից, որը ծածկել է ուսերը, կամ գլուխը։ Միայն կտորի մի հատվածից բաղկացած սարին ավելի ուշ է հայտնվել։ Միայն մ.թ. 4-րդ դարում ձևավորվել է դխոտիի և սարիի հագնելու այլ ոճ, հայտնվում են կանացի և տղամարդու հագուստի առանձնահատուկ տարրեր։ Սակայն սարին հիմնականում հազարամյակներով գրեթե անփոփոխ է մնացել։

Հաճախ վեճի առարկա է դառնում չոլիի և ներքին կիսաշրջազգեստի պատմությունը։ Որոշ հետազոտողներ հայտնում են, որ դրանք մինչև Հնդկաստանի բրիտանական գաղութ լինելը հայտնի չեն եղել։ Նախկինում կանայք հագել են միայն մեկ ծածկող կտորից հագուստ, իսկ կուրծքը բաց է եղել։ Այլ պատմաբաններ էլ վկայում են կուրծքը ծածկող բազմաթիվ ծածկոցների, թաշկինակների մասին։

Մինչև 20-րդ դարը Հարավային Հնդկաստանում կանայք հագել են միայն սարի, իսկ մարմնի վերևի հատվածը բաց է եղել։ Նույնիսկ այսօր գյուղական վայրերի որոշ կանայք չոլի չեն հագնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. БСЭ. Статья «сари».
  2. Mohapatra, R. P. (1992) «Fashion styles of ancient India», B. R. Publishing corporation, ISBN 81-7018-723-0
  3. Alkazi, Roshan (1983) «Ancient Indian costume», Art Heritage; Ghurye (1951) «Indian costume», Popular book depot (Bombay); Boulanger, Chantal; (1997)
  4. Ghurye (1951) «Indian costume», Popular book depot (Bombay); Alkazi, Roshan (1983) «Ancient Indian costume», Art Heritage

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարի (հագուստ)» հոդվածին։