Սարգիս Գնունի նաև Սարգիս Գնունի Վանեցի (մայիսի 10, 1838(1838-05-10), Էրերին, Tuşba, Վանի մարզ, Թուրքիա - մայիսի 9, 1889(1889-05-09), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ մշակութային գործիչ, ուսուցիչ, քարտուղար և սրբագրիչ։

Սարգիս Գնունի
Ծնվել էմայիսի 10, 1838(1838-05-10)
ԾննդավայրԷրերին, Tuşba, Վանի մարզ, Թուրքիա
Վախճանվել էմայիսի 9, 1889(1889-05-09) (50 տարեկան)
Վախճանի վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Գրական անունՍ.
ՄասնագիտությունՈւսուցիչ, սրբագրիչ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՀիսուսյան վարժարան, Սուրբ Թարգմանչաց վարժարան (Միջագյուղ),
Ուշագրավ աշխատանքներ«Հայոց վարդեր և փշեր»

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Գնունին ծնվել է 1838 թվականի մայիսի 10-ին Վանի նահանգի Էրերին գյուղում։ Գյուղի ծխական դպրոցում սկզբնական ուսումն ավարտելուց հետո, 1855 թվականին տեղափոխվել է Վան քաղաք և սովորել տեղի Հիսուսյան վարժարանում։ 1857 թվականին գնալով Կ.Պոլիս, որդեգրվում է Մագսուտ ամիրայի (Հայր Մագսուտ Սիմոն բեյ) կողմից և ընդունվում է Միջագյուղի Սուրբ Թարգմանչաց վարժարանը, ավարտելով այն, 1860 թվականին ստանում է վկայական և իր առաջադիմության համար պարգևատրվում է մինէազարդ արծաթյա մեդալով։ Ապա կարգվում է օգնական նույն վարժարանի Հայկաբանության ուսուցիչ՝ Հովհան Վանանդեցու և նորաբաց Հռիփսիմյան օրիորդաց ուսումնարանի։

1860 թվականին, Կ.Պոլսում Սարգիս Գնունին հրատարակում է «Վարդ» ամսաթերթը, աշխատակցությամբ իր աշակերտակից Թովմաս Թերզյանի։ 1863 թվականին վերադառնալով Վան, կարգվում է Հայոց լեզվի և կրոնի ուսուցիչ Հիսուսյան վարժարանում, որտեղ ցույց է տալիս մեծ առաջադիմություն և հիմնում է «Ընթերցասիրաց Անդրանիկ» ընկերությունը, որը գոյատևում է տասը տարի։ 1872 թվականին ընտանիքով անցնելով Ռուսաստան, Գևորգ Դ կաթողիկոսի հրամանով հաստատվում է Իգդիրի դպրոցում, որպես Հայոց լեզվի, Կրոնի և Հայոց պատմության ուսուցիչ, որտեղ աշխատում է 3 տարի։ Իգդիրում եղած ժամանակ եղել է Եղիշե Պահլավունու ուսուցիչը։

1877 թվականին գալով Վաղարշապատ, կարգվում է Վաղարշապատի դպրոցի ուսուցիչ և այդ պաշտոնում աշխատում 4 տարի։ 1881 թվականից Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի հրամանով կարգվում է Սուրբ Էջմիածնի Տպարանի քարտուղար և սրբագրիչ, որը պաշտոնավարում է մինչև մահ։

Սարգիս Գնունին մահացել է 1889 թվականի մայիսի 9-ին Վաղարշապատում և թաղվել Վաղարշապատի հասարակական գերեզմանատանը։

Աշխատությունները խմբագրել

  • «Հայոց վարդեր և փշեր»

Աղբյուրներ խմբագրել