Սառա Գոլդբլատ
Սառա Էվա Գոլդբլատ (անգլ.՝ Sarah Eva Goldblatt, դեկտեմբերի 25, 1889, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 22, 1975, Քեյփթաուն, ՀԱՀ), հարավաֆրիկացի լրագրող, ուսուցիչ ու Կոռնելիս Յակոբուս Լանգենհովենի աշխատությունների գրական խմբագիր։ Աֆրիկաանս լեզվով բանաստեղծություններ հրատարակած առաջին կինն է։
Սառա Գոլդբլատ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1889 |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 22, 1975 (85 տարեկան) |
Մահվան վայր | Քեյփթաուն, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լրագրող և ուսուցչուհի |
Կենսագրությւոն Խմբագրել
Վաղ տարիներ Խմբագրել
Սառա Գոլդբլատը ծնվել է 1889 թվականին և հանդիսացել Դեյվիդ Նեյթան Գոլդբլատի և Ֆանի Էսթեր Սմիթի չորս զավակներից ավագը։ Ծնողները Լեհական թագավորությունից սերող գերմանախոս հրեաներ էին, որոնք Անգլիա էին տեղափոխվել նրա ծննդից կարճ ժամանակ առաջ։ Սառան ունեցել է երկու եղբայր և Ռեբեկա անունով քույր։ Ռադոմ քաղաքում ծնված նրա հայրը կրթություն էր ստացել Եշիվայում, ինչպես նաև աշխարհիկ կրթություն Բեռլինում և Վարշավայում ու հայտնի էր որպես բացահայտ սոցիալիստ իդիշիստ[1]։ Հարավաֆրիկյան հանրապետություն են ժամանել 1897 թվականին[2]։
Կրթություն Խմբագրել
Դեռ մանուկ հասակից սովորել է վարժ խոսել գերմաներեն ու անգլերեն։ 1897 թվականին ընտանիքը տեղափոխվել է Քեյփթաուն քաղաքը, որտեղ նա հաճախել է թագուհի Վիկտորիայի փողոցում գտնվող սուրբ Մարտինի դպրոցը, ինչպես նաև օգնել իր հայրիկի տպագրության փոքր բիզնեսում և գրախանութում[1]։ Հոլանդերենով մասնավոր ուսուցման և ինքնակրթության շնորհիվ ձեռք է բերել դպրոցի ավարտական վկայականը (skooleindsertifikaat), որից հետո 1911 թվականին որակավորում է ստացել և Քեյփթաունի ուսումնական քոլեջում աշխատել որպես հիմնական դպրոցի ուսուցիչ, երբ ստացել է T3 վկայական տարրական կրթության համար։
Դասավանդման կարիերա Խմբագրել
Մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ Քեյփթաունի կոմերցիոն քոլեջում, իսկ 1912 թվականին սկսել է դասավանդել Օուդսհուրնի Առևտրային երեկոյան դպրոցում։ Երբ իմացել է, որ թափուր աշխատատեղ կա Het Zuid-Westen[1] թերթում, որի խմբագիրը Լանգենհովենն էր[3], 1912 թվականի սեպտեմբերից միացել է խմբագրակազմին․ նրանք միասին ղեկավարել են թերթը մինչը 1915 թվականի սկիզբը։ Հենց այս ժամանակահատվածում է նրանց միջև շատ սերտ բարեկամություն ձևավորվել։ Նշանակման պահին դեռևս լիովին չէր տիրապետում է աֆրիկաանս լեզվին, բայց սովորել է այն ու Լանգենհովենի նման սիրահարվել այդ լեզվին։ Ջայլամների շուկաների փլուզումը և Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը վնասել են թերթի բիզնեսին, և ֆինանսական դժվարությունների պատճառով 1915 թվականի սկզբին այն դադարեցրել է գործունեությունը։ Գոլդբլատը վերադարձել է մանկավարժական գործունեությանը, իսկ շաբաթվա վերջում Լանգենհովեն համար տպագրություններ արել։
1917 թվականի հոկտեմբերից մինչև 1918 թվականի մայիսը եղել է աֆրիկաանս լեզվով լույս տեսնող Die Burger ամսագրի խմբագրակազմի առաջին կին անդամը, միևնույն ժամանակ աշխատել որպես Լանգենհովենի ձեռագրերի խմբագիր։ Ֆինանսական դժվարությունների պատճառով խմբագրակազմի կրճատման արդյունքում կրկին սկսել է դասավանդել տարբեր դպրոցներում՝ դասվանդելով նաև աֆրկաանս։
1924 թվականին հանձնել է մաթեմատիկայի քննություն, այնուհետև ստացել նաև Բարձրագույն տարրական կրթության դիպլոմ, միևնույն ժամանակ ավարտելով դասընթացներ հոգեբանությունից, կենսաբանությունից ու կենդանաբանությունից, շարունակել խորացված ուսումնասիրել գերմաներեն ու հոլանդերեն։ 1940 - 1944 թվականներին աշխատել է Քեյփթաունի Բրուքլինի հիմնական դպրոցում, իսկ 1944 թվականի վերջին թոշակի անցնելուց հետո շարունակել դասավանդել Հերշելի օրիորդաց դպրոցում, Սեյն Փոյնթի Քրիստիան եղբայրների դպրոցում և Կլարեմոնտի մանկապարտեզների ուսուցիչների վերապատրաստման քոլեջում։ Ամբողջ կարիերայի ընթացքում իր տանը աֆրիկաանսի մասնավոր դասեր է տվել ավագ դպրոցի աշակերտներին, ներգաղթյալներին, դիվանագետներին և Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի անդամներին։ Որպես ուսուցիչ հայտնի է եղել աֆրիկաանս լեզվի զարգացմանն ու այդ լեզվի՝ որպես բոլոր դասարանների ուսուցման միջոց ներդրմանն ուղղված իր աջակցությամբ։ Ծառայել է որպես Հարավաֆրիկյան կրթության միության անդամ և այդ ասոցիացիայի Քեյփի մասնաճյուղի նախագահն է եղել, ինչպես նաև՝ Քեյփի դպրոցի ռադիո ծառայության հիմնադիրներից մեկը։ Հետագա տարիներին նա կենտրոնացել է բուժքույրական կրթության վրա։
Լանգենհովոնի աշխատությունների կուրատոր Խմբագրել
1932 թվականի հուլիսին Լանհենհովենի մահից հետո վերջինիս խնդրանքի համաձայն հանդես է եկել որպես նրա ժառանգության գրական համադրող[4] և իր ժամանակի մեծ մասն անցկացրել այն շուկայավարելով։ Նրա առաջին հիմնախնդիրը «Versamelde Werke» աշխատությունը հրատարակելն է եղել, միաժամանակ զբաղվել է Օուդսհուրնում գտնվող Լանգենհովենի տան պահպանության խնդրով։ 1935 թվականից ռադիոհարղազրույցներ է տվել Լանգենհովենի և նրա աշխատանքների մասին, իր ամբողջ կյանքի ընթացքում նաև բազմիցս ելույթներ ունեցել ու հոդվածներ գրել թերթերում և ամսագրերում նրա և իր գործունեության մասին։ 1943 թվականին աշխատել է որպես Լանգենհովենի «Դոնկեր սպոր» աշխատության հիման վրա ֆիլմի նկարահանումների պատասխանատու պրոդյուսերական թիմի խորհրդական։ 1973 թվականին կազմակերպել է Լանգենհովենի ծննդյան հարյուրամյակը Օուդսհուրնում։
Գրական գործունեություն Խմբագրել
Չնայած Էլիզաբեթ Էյբերսը համարվում է աֆրիկաանս լեզվով հրատարակված առաջին բանաստեղծուհին, Գոլդբլատի «Liefdes kransie» ժողովածուն տպագրվել է նրանից 16 տարի առաջ․ աշխատությունը ներառում է մանկական բանաստեղծություններ՝ նախատեսված տարրական և միջին դպրոցի աշակերտների համար։ Թարգմանել է նաև Մերի Շելլիի «Ամպը»։ Սակայն նրա պոեզիան վատ քննադատության է արժանացել և «Wolf en jakhals» գրքի երկրորդ հրատարակությամբ նրա բանաստեղծական կարիերան ավարտվել է։ Նրա բանաստեղծությունների մի մասն ընդգրկված է «Nuwe klein verseboek» ժողովածուի մեջ և հոլանդացի գրող Գերիտ Կոմրեյի «Die Afrikaanse poësie in ’n duisend en enkele gedigte» («Աֆրիկանսի պոեզիան հազար ու մեկ բանաստեղծություններում») անթոլոգիայում։
Որպես խմբագիր 1933 թվականին խմբագրել է Լանգենհովենի «Versamelde werke» աշխատությունը, որը հեղինակի հարյուրամյակի առթիվ հրատարակվել է 1973 թվականին։ Լուի Հերմանի հետ խմբագրել է «Janus: A bilingual anthology / ’n Tweetalige bloemlesing» անթոլոգիան՝ ներկայացնելով Հարավային Աֆրիկայի անգլիացի և աֆրիկաանս լեզվով ստեղծագործած հայտնի գրողների գործերը։ Նաև հոդվածներ է գրել Հարավաֆրիկյան հրեական թերթերի համար, նախագծել աֆրիկաանս լեզվի և գրականության կրթական ծրագիր Հարավաֆրիկյան Սիոնիստական երիտասարդական շարժման համար[1]։
Ստեղծագործություններ Խմբագրել
- Liefdes kransie (1920)
- Wolf en jakhals versies I: Beer is gulsig en Jakkals is slim
- Wolf en jakhals versies II: Leeu is kwaad en Jakkals lag
Որպես գրական խմբագիր Խմբագրել
- Versamelde werke from C.J. Langenhoven (1933)
- Janus: A bilingual anthology / ’n Tweetalige bloemlesing (1962)
Պարգևներ Խմբագրել
1964 թվականին The Cape Tercentenary Foundation ընկերության կողմից ի ճանաչումն Լանգենհովենի գրական ժառանգության վրա իր աշխատանքի՝ արժանացել է Մոլտենո մեդալի։ 2003 թվականին Լեոնի վան Զիլը Ստելլենբոշի համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում՝ «Sarah Goldblatt: letterkundige administratrise van C.J. Langenhoven» վերնագրով նրա կյանքի և աշխատանքի վերաբերյալ իր դիսերտացիայով[1]։
Մահ Խմբագրել
Գոլդբլատն սկսել է կորցնել իր տեսողությունը Լանգենհովենի 100-ամյակի միջոցառումներից անմիջապես հետո և իր կյանքի վերջին ամիսներն անցկացրել է Սթիկլանդի հաստատությունում, որտեղ էլ մահացել է 1975 թվականին[2]։ Հուղարկավորվել է Լանգենհովենի տան տարածքում։
Ընտանիք Խմբագրել
Նրա եղբայր Իսրայել Գոլդբլատը հայտնի փաստաբան է դարձել Նամիբիայում՝ Հարավային Աֆրիկայի կառավարման տարիներին։ Ենթադրվում է, որ սիրային հարաբերության մեջ է եղել Լանգենհովենի հետ և որ 1925 թվականին նրանք երեխա են ունեցել․ այդ մասին Լանգենհովենի կինը տեղյակ է եղել[1]։ Նրա եղբոր թոռնուհի Դոմինիկ Մալհերբեն հուշագրությւոն է գրել «Searching for Sarah/Op Soek Na Saartjie» վերնագրով, որտեղ մանրամասներ է ներկայացրել Լանգենհովենի հետ իր մեծ հորաքրոջ հարաբերությունների մասին․ Լանգենհովենը վերջինիս փաղաքշորեն անվանել է «Saartjie»[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ‘A Boerejood on Steroids’ – Dominique Malherbe's Searching for Sarah: A Review essay. South African Jewish Board of Deputies
- ↑ 2,0 2,1 2,2 Feinberg Tali (2021-05-13)։ «The Jewish woman behind CJ Langenhoven’s legacy»։ Jewish Report (en-ZA)։ Վերցված է 2021-07-23
- ↑ John Christoffel Kannemeyer. Langenhoven, n̕ lewe. Tafelberg, 1995. 978-0624033578
- ↑ ’Searching for Sarah’ a rewarding and compelling read. Independent Online
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սառա Գոլդբլատ կատեգորիայում։ |