Ավետենց Սահմադին (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), 13-րդ դարի հայ մեծահարուստ։ Հիշատակվում է նաև որպես «Սէնոպ Սահմադին»[1]։ Չունենալով ազնվատոհմիկ ծագում, բայց հարստանալով հարկերի կապալառությամբ, վաշխառությամբ, առևտրով և հողային տիրույթների գնմամբ, դարձել է «պարոն»։

Կոնսագրությունը խմբագրել

Ծավալել է շինարարական գործունեություն, նորոգել և կառուցել է եկեղեցիներ, հյուրատներ, պալատներ։ Նշանավոր էր իր Մրենի Արքայություն կոչված ապարանքը՝ «դրախտ» կոչվող պարտեզով, որը նա կառուցել է 1276-1286 թվականներին՝ ծախսելով 40 հազար դահեկան գումար։ Արճեշի, Երևանի, Օշականի և այլ եկեղեցիների արձանագրություններում Սահմադինը հիշատակվում է որպես բարեգործ։

Անիում թողած 1261 թվականի արձանագրության համաձայն՝ նա Սահիբ-Դիվանիի ու Քարիմանդինի հետ միասին նա Շահնշահ Զաքարյանի որդի Արդաշիրից գնել է Անի քաղաքը ու դարձել նրա «պատրոններից»/«պարոններից» մեկը[2]։

Ըստ Մրենի վանքում թողած արձանագրության՝ ՉԼԳ (1284) թվականին գնել է Մրեն գյուղաքաղաքը[3]։ Հետագայում՝ Արղուն խանի օրոք՝ նաև Օշականն[1] ու Արջոառիճը։

Ընդարձակ կալվածներ է ունեցել նաև Քաջբերունիքում։

Երևանի տերը խմբագրել

Ըստ Երևանի Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային պատին թողած արձանագրության՝ 1264 թ.-ին գնել է Երևանն իր «հողով և ջրով»։[4]

Ի Թ (վիս) ՉԺԳ ա(ստուծո)յ ողորմութ(եամ)բն ու Ելղանին ուժովն ես Սահմադինս պարոն Աւետե(ա)ց որդիս զԵրևան գնեցի հողով և ջրով և իրաւունք զայս արարի, հայրենիք որ գնած ելանի ու գիր առած վկաաւք ու դահիաքն տուած կամ հայրենիք որ փոխած լինի ու մին տարի անցե(ւս)լ լինի այլ յետ չհասնի։ Թէ ով էր (թէ ով ոք) ծռէ կամ մարդ որ ի խսմութե(ան) վերա կաշառք ասէ թէ սուտ է ու թէ ղորդ զկաշառնացոդն տայ — ով այս բանիս հակառկա ու զայս դրեալս խափանէ յերից ս(ուր)բ ժողովոցն նզովե(ա)լ եղիցի, մասն զՈւդայի ժառանկէ և ա(ստուծո)յ խռովութի(ւն) անկանի և ամէն յազգէ նալաթ իրեն վերա

Հայկազ Ժամկոչյանը եզրահանգում է, որ գնելով Երևանը՝ Սահմադինը դառնում է Երևանի տերը՝ ձեռք բերելով հողային ռենտա, արտադրվող ու վաճառվող ապրանքներից հարկ գանձելու ու հպատակներից ֆեոդալական տուրք գանձելու իրավունք[5]։ Երևանի առանձին այգիներ գնվել են տարբեր դարերում, նվիրաբերվել եկեղեցիներին, նույնիսկ այգիների առանձին քառորդներ էին համարվում զգալի կապիտալ։ Իսկ ողջ քաղաքը գնել իր ողջ հողերով, ջրերով ու իրավունք ստանալ դրանից հարկահավաքություն իրականացել՝ պահանջում էր իրոք անհավանական մեծ գումար ու ազդեցություն։

Արձանագրության մեջ Սահմադինը նշում է, որ քաղաքը գնել է Աստծո ողորմությամբ ու ելղանի՝ մոնժոլական տիրակալի թույլատվությամբ։ Արձանագրության մեջ նշվում է նաև դահիակ կոչված հարկը վճարելու կարգը՝ թույլ տալով հողատերերին վաճառել իրենց հողակտորները ազատ կարգով՝ վճարելով համապատասխան հարկ Սահմադինին։ Ըստ էության Երևանի բնակչության կազմում բազմաթիվ էին ազատ գյուղացիները ու դրանց թիվը պետք է որ զգալի լիներ, այլապես կարիք չէր լինի առանձին հրաման հրապարակելու՝ վաճառքները կարգավորելու համար[5]։

Տոհմը խմբագրել

Սահմադինը ապրել է մոնղոլական տիրապետության տարիներին, որոնց մշակույթն էլ, հավանաբար, ազդել է իր ու ընտանիքի անդամների անունների վրա։

Եղել է պարոն Ավետիքի որդին, ումից սկիզբ է առել Ավետենց տոհմը[6]։

Կնոջ անունը նշվում է որպես Ուտուրտա, որդիները՝ Ամիրբէկ ու Հազարբէկ։ Թոռը եղել է պարոն Բեսութան[6]։ Խնամիական կապի մեջ է եղել պարոն Ումեկի հետ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կոստանյանց, Կարապետ (1913). Վիմական տարեգիրք. Ս․ Պետերբուրգ. էջ 130.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Կոստանյանց, Կարապետ (1913). Վիմական տարեգիրք. Ս․ Պետերբուրդ. էջ 106.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Կոստանյանց, Կարապետ (1913). Վիմական տարեգիրք. Ս․ Պետերբուրգ. էջ 126.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Ղաֆադարյան, Կարո (1975). Երևան․ միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները. Երևան. էջ 112.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 Ժամկոչյան, Հայկազ. Երևանը XIII-XIV դարերում, թեկնածուական դիսերտացիա. էջ 96.
  6. 6,0 6,1 Հակոբյան, Թադևոս (1969). Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը). Երևան. էջ 217.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Հակոբյան, Թադևոս (1969). Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը. Երևան. էջ 228.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 141