Սածիլ, Մատղաշ բույսեր, որոնք սովորաբար աճեցնում են ծածկած գրունտում և ապա սածիլում մշտական տեղում։ Օգտագործվում է բանջարաբուծության, պտղաբուծության, ծաղկաբուծության, անտառաբուծության մեջ, ինչպես նաև մի քանի բույսերի մշակման ժամանակ։ Առավել տարածված է բանջարաբուծության մեջ։ Սածիլումը (սածիլման մեթոդ) հնարավորություն է տալիս կրճատել բույսերի վեգետացիայի շրջանը բաց գրունտում, կարճատև ամառ ունեցող գոտիներում աճեցնել երկար վեգետացիայի շրջան ունեցող արժեքավոր կուլտուրաներ և սորտեր, ստանալ բանջարեղենի վաղ բերք, տնտեսել ցանքանյութը (սածիլելիս 3—5 անգամ քիչ սերմ է պահանջվում, քան գրունտում ցանելու դեպքում)։ Բաց գրունտի համար սածիլները աճեցնում են ջերմոցներում, տաքացվող թաղանթապատ ջերմատներում, սածիլանոցներում, թունելային և քանդովի-փոխադրական թաղանթապատ կառույցներում։ Փակ գրունտի համար (ձմեռային և գարնանային ջերմատներում) սածիլները աճեցնում են թաղարներում (10X10 կամ 12x12 սմ), դարակավոր և գրունտային ձմեռային ջերմատներում։ Հունվար-փետրվար ամիսներին ջերմատներում աճեցվող սածիլների համար կիրառվում է լրացուցիչ էլեկտրական ճառագայթում։ Այս դեպքում արագանում է արտադրանքի ստացումը 7—15 օրով, բարձրանում բերքատվությունը՝ վարունգինը՝ 15—20, լոլիկինը՝ 20—30%-ով։ Մարտ-ապրիլ ամիսներին թաղանթապատ և ապակեպատ ջերմատներում տնկելու համար սածիլներն աճեցնում են թաղարներում (8x8 կամ 10Х10 սմ)Հառանց լրացուցիչ ճառագայթման։ Վարունգի, դդմիկի, վաղ սպիտակագլուխ կաղամբի, ծաղկակաղամբի, սմբուկի, տաքդեղի և բոստանային բույսերի սերմերը ցանում են թաղարներում, լոլիկինը և սալպթինը՝ սկզբում ցանքի արկղերում, իսկ առաջին իսկական տերևի փուլում՝ վերատնկում (սածիլում) են թաղարներում։ Միջահաս և ուշահաս կաղամբի սորտերի, նեխուրի, սոխի սածիլները աճեցնում են առանց թաղարների, անմիջապես ջերմոցի, ջերմատների գրունտում։ Բարձրորակ սածիլներ ստանալու համար անհրաժեշտ է բույսին ապահովել սննդարար միջավայրով (հողախառնուրդ, հիդրոպոնիկայում՝ լուծույթ), սերմերը ախտահանել, և կազմակերպել պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ։ Սածիլները մինչև բաց գրունտում տնկելը կոփում են ցածր ջերմաստիճանի պայմաններում (գիշերը՝ խոնավ եղանակին մոտ — 14°ցելսիուս), չափավոր ջրում, սնուցում ֆոսֆոր-կալիումական պարարտանյութերով, իսկ ջերմոցներում բարելավում են նաև լույսի ռեժիմը, սածիլումից 5—7 օր առաջ՝ հանելհվ ջերմոցների շրջանակները։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սածիլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 131