Սալմաստի լեռնաշղթա
Սալմաստի լեռներ, Հայկական լեռնաշխարհում, Ուրմիո լճի և Արաքս գետի ջրբաժան շղթան։ Անվանումը գալիս է հայկական Սալմաստ (Սաղամաս) քաղաքի և շրջանի անունից։
Սալմաստի լեռնաշղթա | |
---|---|
Սալմաստի լեռներում գտնվող «Խան Թախթի» հուշարձանը. Սասանյան պետության հիմնադիր Արտաշիր Պապականը նժույգի վրա | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Իրան |
Երկարություն | մոտ 90 կմ |
Աշխարհագրական բնութագիր
խմբագրելՏեղակայված է Ուրմիո լճից հյուսիս։ Ձգվում է արևմուտքից՝ Զագրոսի լեռների Մուրովա գագաթից, դեպի արևելք՝ մոտ 90 կմ երկարությամբ, 2400 մ միջին բարձրությամբ։ Այստեղից են սնվում Արաքսի աջափնյա օժանդակ Կոտուր գետի և Ուրմիայի Տարոնո գետի վտակները։
Ալպիական ծալքավորության ծալքաբեկորավոր լեռներ են՝ կազմված գլխավորապես կավիճի և նեոգենի նստվածքներից։ Կլիման չոր ցամաքային է, բուսականությունը՝ գերազանցապես լեռնատափաստանային։
Պատմություն
խմբագրելԴարեր շարունակ տեղակայված է եղել Մեծ Հայքում և հանդիսացել է Պարսկահայք նահանգի Հեր գավառի բնական սահմանը՝ մի կողմից Վասպուրական նահանգի Գաբիթյան գավառի, մյուսի կողմից՝ Նոր Շիրականի բդեշխության և Պարսկահայքի Զարեհավան գավառի հետ, ուստիև հայտնի է եղել նաև «Շիրականի լեռնաշղթա» անվամբ։
Երկու լանջերն էլ մշտապես ունեցել են հայ բնակչություն՝ տեղացի, իսկ 1604 թվականի պարսից շահ Աբբասի բռնագաղթից հետո նաև՝ նոր տեղափոխված։ Լեռնաշղթայի հարավային լանջերին բնակություն են հաստատել նաև ասորիները։ Ռուս-պարսկական պատերազմից, ինչպես նաև քրդերի ու ազարիների զանգվածային ներհոսքից հետո հայ բնակչությունը երեք փուլով հեռացել է ռուսահպատակ Արևելյան Հայաստան, ապա՝ Հայկական ԽՍՀ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 119)։ |