Վայրի սագերը խոշոր են (2-6 կգ), ոտքերը՝ համեմատաբար երկար և ավելի լավ հարմարված քայլելուն։ Կտուցը մեծ է, որոշ տեսակներինը՝ հիմքում լայնացած։ Ընտանի սագերը հիմնականում ծագել են մոխրագույն սագերից։ Փետուրները սպիտակ են՝ տարբեր երանգներով, կտուցը և ոտնաթաթերը՝ նարնջագույն։ Փետրածածկը խիտ է։ Ձու են ածում 265-350 օրական դառնալուց հետո։ Ձվատվությունը՝ 30-70, որոշ ցեղերինը՝ 100 հատ։ Առավել արժեքավոր ցեղերից են չինական, խոլմոգորյան, արզամասյան (ՌԴ), թուլուզյան (Ֆրանսիա), պոմերանյան (Գերմանիա) և այլ սագեր։ Ըստ փետրածածկի գույնի՝ Հայաստանի տեղական սագերը բաժանվում են մոխրագույն, խայտաբղետ և սպիտակ տարատեսակների։ Տարեկան միջին ձվատվությունը՝ 8-12։ Արուների միջին կենդանի զանգվածը՝ 4-4,6 կգ է, էգերինը՝ 3,5-4,3 կգ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 108)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։