Սագարեջոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու դպրոց

Սագարեջոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու դպրոց, հայկական ուսումնական հաստատություն, որը գործել է ներկայիս Վրաստանի Կախեթի մարզի Սագարեջոյի շրջանի Սագարեջո քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից[1]։

Սագարեջոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու դպրոց
Հիմնադրված է1914 թ.
ԵրկիրՌուսական Կայսրություն

Պատմություն խմբագրել

1909 թվականի նոյեմբերի 8-ին Սագարեջո գյուղի հայ համայնքը որոշել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կառուցել դպրոցի շենք, որը պետք է ունենար երկու սենյակ։ Այդ նպատակով համայնքը ընտրել էր Ալեքսի Ռևազյանին, Աբրահամ Մարտիրոսյանցին և Եագոր Ռևազյանցին, որպեսզի աթոռակալ Շաքար Պեպանյանցի հետ լուծեն դպրոցի կառուցման հարցը։ Ըստ նախահաշվի՝ ծախսը կազմում էր 600 ռուբլի, որը պետք է տրամադրվեր ժողովրդի և եկեղեցու կողմից[1][2]։ Սակայն դպրոցի բացումը որոշ խնդիրների պատճառով հետաձգվում է մինչև 1914 թվականը[1]։

1914 թվականին տեղի է ունենում Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից դպրոցի բացումը։ Այդ առթիվ ժամանակի Մշակ թերթը գրել է.

  Այս գիւղը, որը ունի մօտ 100 տուն հայ բնակիչ և որը Թիֆլիսից հեռու է հազիւ 20 վերստով, մինչև օրս զուրկ է եղել մայրենի դպրոցից, որի կարիքը մեր օտարախօս և օտարամոլ գիւղերում ամենակենսական պահանջն է ու նրա գոյութեան առաջին պատուանդանը։ Ամսիս 2-ին բացվեց Սագարէջօ գիւղի դպրոցը, որի նախաձեռնողը և նրա մասին հոգացողը եղել է Ղ. աւ. ք. Մամիկոնեան...  

Երկսեռ աշակերտների ընդհանուր թիվը եղել է 50[1][3]։

1916/17 ուստարում դպրոցը գործել է՝ շնորհիվ Կովկասի հայոց բարեգործական ընկերության հատկացրած 200 ռուբլի նպաստով[1][4]։

Դպրոցը կանոնավոր կերպով գործել է մինչև 1919 թվականը։ Խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիներին դժվարությամբ նույնպես գործել է, ապա փակվել[1][5]։

Քանդվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու քանդման ժամանակ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել