Ռումինիայի հայոց թեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ռումինիայի հայոց թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է ռումինահայության հոգևոր կյանքը։ Կազմավորվել է Ռումինիայի թագավորության գոյության ժամանակ (1931), իսկ որպես ինքնուրույն եպիսկոպոսություն՝ 1401 թվականին[2]։ Առաջնորդանիստը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի սուրբ Հրեշտակապետաց Մայր տաճարն է[3]։

Թեմի առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի

2019 թվականին թեմի առաջնորդ է նշանակվել Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ով նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդն է[4]։

Պատմություն խմբագրել

Հայերը Ռումինիայի տարածքում (Վալախիայի և Մոլդովայի իշխանություններ) բնակություն են հաստատել զարգացած միջնադարում, և 14-րդ դարում Բոտոշան (1350), Ռոման (1355), Յաշ (1395) քաղաքներում կառուցել են քարաշեն եկեղեցիներ։ Հայերի թեմը 1365 թվականից ենթարկվել է Լվովի հայոց եպիսկոպոսությանը։

 
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Յաշ

Մոլդովայի իշխան Ալեքսանդր Բարեպաշտը 1401 թվականի հուլիսի 30-ի հրովարտակով մայրաքաղաք Սուչավայում արտոնել է հայերին հիմնել հայոց եպիսկոպոսական թեմ` Հովհաննես եպիսկոպոսի գլխավորությամբ (1401-15)[2]։ Հետագայում, երբ Մոլդովայի մայրաքաղաքը տեղափոխվել է Յաշ, 1565 թվականին այստեղ է հաստատվել նաև թեմի կենտրոնը։ 18-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը Մոլդովայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնը վարել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունից ուղարկված հոգևորականներ։ 1922 թվականին Ռումինիայի հայերի թեմական պատգամավորական ժողովն ընդունել է համայնքի կանոնադրությունը և ընտրել թեմական գործադիր մարմին (կառավարությունը վավերացրել է 1931 թվականին)։ 1927 թվականին հիմնադրվել է թեմական գրադարանը[5]։

1931 թվականի հուլիսի 31-ին հիմնվել է Ռումինիայի հայոց թեմը։ 1943-55 թվականներին Ռումինիայի թեմի առաջնորդն էր Վազգեն եպիսկոպոս Պալճյանը[3]։ 2022 թվականին մայր աթոռ սուրբ Էջմիածնում նշվել է Ռումինիայի թեմի 620-ամյակը[6]։

Սոցիալիզմի ժամանակ վարչակարգի ժամանակ (Ռումինիայի ժողովրդական հանրապետություն (1947-1965) և Ռումինիայի սոցիալիստական հանրապետություն (1965-1989)) թեմական համայնքի գործունեությունը սահմանափակվել է, մի շարք եկեղեցիներ փակվել են[3]։

Եկեղեցիներ խմբագրել

Ռումինիայում գտնվող հոգևոր կառույցները պատկանում են ոչ միայն Ռումինիայի հայոց թեմին, այլև ի սկզբանե ծառայել են կաթոլիկ հայերին։ Հայ կաթողիկե եկեղեցիները գտնվում են գերազանցապես Տրանսիլվանիա մարզի տարածքում (Արմենոպոլիս-Գեռլա, Եղիսաբեթուբոլիս-Դումբրավեն, Գեորգեն և Ֆրումոասա քաղաքներ), ինչպես նաև ժամանակակից Ռումինիայից դուրս գտնվող Բելցի (Մոլդովա) և Չեռնովցի (Ուկրաինա) բնակավայրերում։ Հայ կաթողիկե եկեղեցուն է պատկանում նաև Զամկա վանական համալիրը Սուչավա քաղաքում։

 
սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Պիտեշտ

Ռումինահայ առաքելական եկեղեցիներից են՝ Բոտոշանում` սուրբ Աստվածածինը (հիմնադրվել է 1350 թվականին, նորոգվել է 1826 թվականին), սուրբ Երրորդությունը (1560 թվականին կառուցված սուրբ Օգսենտ եկեղեցին 1795 թվականին վերակառուցումից հետո վերանվանվել է սուրբ Երրորդություն), հայոց գերեզմանոցում` սուրբ Ավետում մատուռը (հիմնադրվել է 1884 թվականին), Սուչավայում` սուրբ Սիմեոնը կամ Կարմիր Աշտարակը (հիմնադրվել է 1513 թվականին), սուրբ Խաչը (հիմնադրվել է 1521 թվականին, խորանի մոտ կա 1428-ի ապրիլի 14-ի թվագրությամբ տապանաքար)։ 1619 թվականին կառուցվել է սուրբ Խաչ եկեղեցու զանգակատունը, կից` սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռը (հիմնադրվել է 1776 թվականին), սուրբ Աստվածածին կամ Հաճկատար (հիմնադրվել է 1512 թվականին, զանգը բերվել է Տաթևի վանքից, վրան փորագրված է 1244 թվականի արձանագրություն)[3]։

Հայոց նոր գերեզմանոցում կառուցվել է սուրբ Հարություն մատուռը (1902)։ Ռոմանում պահպանվել են սուրբ Աստվածածին (հիմնադրվել է 1609 թվականին, վերակառուցվել է 1864 թվականին), Գալացում` սուրբ Աստվածածին (հիմնադրվել է 1669 թվականին, վերակառուցվել է 1858 թվականին), Տուլչայում` սուրբ Գրիգոր Լուսավորիչ (հիմնադրվել է 1882 թվականին, 1830 թվականին կառուցված փայտաշեն մատուռի տեղում), Պիտեշտում` սուրբ Հովհաննես Մկրտիչ (հիմնադրվել է 1693 թվականին, վերակառուցվել է 1852 թվականին) եկեղեցիները։ Հայերը Ֆոկշանում կառուցել են սուրբ Գևորգ (1710–15, այժմ` ավերված), սուրբ Աստվածածին (1730) եկեղեցիները, հայոց գերեզմանոցում` սուրբ Հարություն մատուռը (1891), Բրեիլայում` սուրբ Աստվածածին (1837) եկեղեցին[3]։

Առաջնորդանիստ սուրբ Հրեշտակապետաց Մայր տաճարը (1911–15) կառուցվել է 1638 թվականին հիմնված եկեղեցու տեղում[7]: Քաղաքի հայկական գերեզմանատանը կանգուն է սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1920), կան պատմափաստագրական արժեք ներկայացնող տապանաքարեր։

Կոստանցայում հայ համայնքը ներկայումս եկեղեցական շենք չունի. 1880 թվականին կառուցվել է սուրբ Աստվածածին փայտաշեն եկեղեցին, որը 1940 թվականին այրվել է։ Այսօր եկեղեցին զբաղեցնում է աղոթատեղիի վերածված դպրոցի վերնասրահը։ Կից կառուցվել է զանգակատուն (1990)։ Ներկայումս (2001) Ռումինիայում գործում են Բուխարեստի սուրբ Հրեշտակապետաց Մայր տաճարը, Կոստանցայի աղոթատեղին և Պիտեշտի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. 2,0 2,1 «Համայնքի մասին. հայերը Ռումինիայում». romania.mfa.am.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Զոհրաբ Ղասաբյան. «Ռումինիայի հայոց թեմ». armenianreligion-am. Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտ.
  4. «Ռումինիայի հայոց թեմի առաջնորդը համատեղության կարգով նշանակվել է Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ». www.azatutyun.am. 21 հուլիսի 2019 թվական.
  5. «Ռումինիահայոց թեմի «Դուդյան» մշակույթի տան գրադարանն ու թանգարանը». etchmiadzinlibrary.am. 25 հունվարի 2018 թվական.
  6. «Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյակը տոնախմբվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում». orer.eu. 23 հուլիսի 2022 թվական.
  7. Տեր Հեթում Քահանա Թարվերդյան (18 նոյեմբերի 2015 թվական). «Ռումինիայի Հայոց Թեմ՝ Անիից Մինչև Սուչավա». religions.am.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: