Ռումինիայի հայկական տպագրություն

Ռումինիայի հայկական տպագրություն, հայկական տպագրություն։

Պատմություն խմբագրել

19-րդ դարի վերջերից Ռումինիայի Ֆոքշան, Յաշ, Գալաց, Բրըիլա, Տուլչա, Բուխարեստ քաղաքներում գործել են հայկական տպարաններ, որտեղ լույս են տեսել շուրջ 50 անուն պարբերականներ, ինչպես նաև գեղարվեստական, պատմական, կրոնական գրքեր։ Հայկական առաջին՝ Հայաստանայայց ընկերության տպարանը, բացվել է Ֆոքշանում, որտեղ 1877 թվականին տպագրվել է Ա. Ալթունյանի «Տեղեկագրութիւն հայոց գաղթականութեան, որք ի Մօլտօ-Վալաքիա, Հունգարիա եւ ի Լեհաստան» գիրքը, որտեղ 154 էջից սկսվում է «Տեղեկութիւնք ի վերայ Սուչաւայի հայոց» բաժինը։

Հաջորդ՝ «Անի» տպարանը Գալացում հիմնադրել է Ղևոնդ քահանա Փափազյանը 1891 թվականին գործել է մինչև 1902 թվականը։ 1895-1899 թվականներին այնտեղ տպագրվել են «Հայկական տարեցոյցներ», նաև Պարույր Մամիկոնյանի «Ռումանահայոց ներկայն եւ ապագայն» (1895 թվական), Գևորգ Մուրատյանի «Մելքսեդեկի եպիսկոպոսի Զմիւռնիոյ նամականի առ Տ. Կարապետ երեց Սեթեան» (1896 թվական) և «Պատմութիւն քրիստոնէական եկեղեցւոյ» (1898 թվական), Ղ. Փափազյանի «Հրահանգիչ վէպեր» (Ա տետր, 1902) երկերը։

Բուխարեստում 1912 թվականին հիմնադրված «Շեփոր» պարբերականի տպարանում տպագրվել է նաև Լևոն Լանիսի «Արդարութեան կրակը» (1913 թվական) նորավեպը, 1916 թվականին՝ Սմբատ Բյուրատի «Տէմիր Մուշլու» (առաջին տպարան) վիպակը։

Ռումինիայում լույս են տեսել նաև ազգային քաղաքական «Արօր» (1892-1894 թվականներ, Գալաց) շաբաթաթերթը, գրական, պատմագիտական «Սեւան» (1950-1958 թվականներ, հայկական, ռումինական), հայագիտական «Արարատ» (1924-1942 թվականներ, 1990 թվականից) և «Անի» (1935-1943 թվականներ) հանդեսները, Մկրտիչ Պոտուրյանի կազմած «Հայ հանրագիտակ» (1938-1940 թվականներ) հանրագիտական տեղեկատուն, քաղաքական, գրական, մշակութային «Նոր արշալոյս» (1922-1934 թվականներ), հասարակական, քաղաքական, գրական «Արազ» (1932-1944 թվականներ), գրական, հասարակական-քաղաքական «Պահակ» (1935-1941 թվականներ, 1944-1946 թվականներ, հայկական, ռումինական) թերթերը (բոլորը՝ Բուխարեստ) և այլ պարբերականներ։

1950 թվականից Բուխարեստում լույս է տեսնում հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային «Նոր կեանք» շաբաթաթերթը (1982 թվականից՝ ամսաթերթ, հայերեն, ռումիներեն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։