Ռուբեն Առաքելյան
Ռուբեն Պապիկի Առաքելյան (1915, Եղեգնուտ, Հայաստան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Ռուբեն Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | 1915 |
Ծննդավայր | Եղեգնուտ, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կենսագրություն
խմբագրելՌուբեն Առաքելյանը ծնվել է 1915 թվականին, Գուգարքի շրջանի Եղեգնուտ գյուղում։ 1934 թվականին ավարտել է Ղարաքիլիսայի մանկավարժական տեխնիկումը և, որպես աշխարհագրության ուսուցիչ, աշխատանքի անցել հայրենի գյուղի դպրոցում։ 1939 թվականին տեղափոխվել է շրջանի Ձորագյուղի յոթնամյա դպրոցը, միաժամանակ սովորել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետում։ 1939 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել 99-րդ կարմրադրոշ հրետանային գնդում։ 1941 թվականի գարնանը Ռուբենը տեղափոխվել է 49-րդ հրետանային գունդը, մասնակցել Երկրորդ աշխարհամարտին, զորամասը տեղավորվել էր Մոլդավական ԽՍՀ արևմտյան սահմանում։ Դնեպրոպետրովսկ քաղաքի պաշտպանության կռիվներից մեկում Ռուբենը վիրավորվել է, ապաքինվելուց հետո գործուղվել է սովորելու Կազանի հրետանային ուսումնարանում, հետո տեղափոխվել է ականանետային ուսումնական ստորաբաժնում և դարձել «Կատյուշայի» հաշվարկի հրամանատար։ 1943 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Ռուբենը 45-րդ հրետանային գնդի կազմում մասնակցել է Օդերի անցմանը և Բեռլինի գրավմանը[1]։
Առաքելյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և ուրիշ մեդալներով, իսկ 1952 թվականին արժանացել է Աշխատանքային գերազանցության, 1976 թվականին՝ «Աշխատանքի վետերան» մեդալների[1]։
Աշխատանքին զուգահեռ ստացել է բարձրագույն կրթություն, մանկավարժական աշխատանք է կատարել Գուգարքի շրջանի և Կիրովական քաղաքի դպրոցներում։ Եղել է դպրոցի տնօրեն, Կիրովականի օկրուգային ժողկրթբաժնի տեսուչ։ Կրթաթոշակի անցնելուց հետո աշխարհագրություն է դասավանդել Կիրովականի № 21 միջնակարգ դպրոցում[1]։
Պարգևներ
խմբագրել- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- Աշխատանքային գերազանցության մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ