Ռոբերտ Կամոյան
Ռոբերտ Վարդանի Կամոյան (հունվարի 6, 1937, Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 22, 2014, Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան), հայ ռեժիսոր, նկարիչ։
Ռոբերտ Կամոյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1937 |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 22, 2014 (77 տարեկան) |
Մահվան վայր | Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | ռեժիսոր և գծանկարիչ |
Կենսագրություն
խմբագրելՌոբերտ Կամոյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 6-ին[1][2]։ Նրա հայրը՝ Վարդան Կամոյանը եղել է Լոռուց։ Սվերդլովսկ քաղաքում ստացել է լեռնային ինժեների բարձրագույն կրթություն, տեղափոխվել Կապան և ապրել մինչև իր կյանքի վերջ։ Պապը՝ Արշակը որոշ ժամանակ բնակվել է Խնձորեսկում։
Ռոբերտը միջնակարգ կրթություն է ստացել է Կապանի թիվ 3 ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում։ 1955 թվականին՝ երկրորդ կուրսից ուսումն ընդհատել է, վերադարձել Կապան և աշխատանքի անցել մսի կոմբինատի սառնարանային տնտեսությունում` կոմպրեսորային արտադրամասի մեքենավարի օգնական, ապա` Բարաբաթումի պղնձահանքում` բանվոր։ 1958 թվականին մեկնել է Երևան և ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, միաժամանակ սովորել նաև նույն ինստիտուտի գունանկարչական ֆակուլտետում։ 1963 թվականին ստացել է ռեժիսորի մասնագիտություն, իսկ 1964 թվականին՝ նկարիչ-գունանկարչի ու մանկավարժի մասնագիտություն։ Գեղարվեստաթատերական ինստիտուտում սովորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վարդան Աճեմյանի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Գուլակյանի, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Էդուարդ Իսաբեկյանի, և այլ նկարիչների և ռեժիսորների ղեկավարությամբ։
1965 թվականին եղել է Մեղրու շրջանի Ագարակ քաղաքի մշակույթի տան տնօրեն։ 1966-1967 թվականներին եղել է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային և Կ. Ստանիսլավսկու անվան պետական թատրոններում` ռեժիսոր, նկարիչ։ 1967-1988 թվականներին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում եղել է բեմադրող ռեժիսոր, նկարիչ և գլխավոր նկարիչ։ Բեմական ձևավորումներ է կատարել Գյումրու, Գորիսի թատրոններում։ 1971 թվականիՆ հիմնադրել է նկարչական ստուդիա, որտեղ սովորել են բազմաթիվ պատանիներ և աղջիկներ։
Ցուցահանդեսներ
խմբագրելՌոբերտ Կամոյանը 1960-ական թվականների կեսերից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է բացել Լենինգրադում, Ռիգայում, Յուրմալայում, Վիլնյուսում, Երևանում, Կապանում[3]։ Նրա ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Նկարելուց բացի գրել է նաև չափածո ստեղծագործություններ, ուսումնասիրել է փիլիսոփայություն և ճարտարապետություն։ Ռոբերտ Կամոյանը եղել է Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Կամչատկայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Vesthelm. «KAMOYAN Robert Vardanovich 06.01.1937- | КАМОЙАН Роберт Варданович | KAMOYAN Robert Vardanovitch | KAMOYAN Robert Vardanovickh :: The Russia Database, encyclopedia of Russian artists». www.russiadb.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Այսօր՝ հունվարի 6-ին, գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանը կդառնար 80 տարեկան». haynews.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Роберт Камоян». Наша среда (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.