Ռեյտերներ (գերմ.՝ Reiter — «հեծյալ», կրճատված գերմ.՝ Schwarze Reiter-ից՝ «սև հեծյալներ»), 16-17-րդ դարերում Եվրոպայում և Ռուսաստանում վարձկան հեծյալ գնդեր։ «Սև հեծյալներ» անվանումը ի սկզբանե կիրառվել է Հարավային Գերմանիայից եկած վարձու հեծյալների համար, որոնք հայտնվեցին գերմանացի կաթոլիկների և բողոքականների միջև ծավալված Շմալկալդենյան պատերազմի տարիներին։

Գդանսկի ռեյտեր (16-րդ դ.)

Ի տարբերություն նրանց ժամանակակից կիրասիրների՝ ռեյտերները օգտագործում էին ոչ թե, սառը զենք, այլ՝ հրազեն։ Նրանց զինանոցն ընդգրկում էր մի քանի ծանր խոշոր տրամաչափի ատրճանակ, որոնք կարող էին հասնել մինչև մոտավորապես մեկ մետրի[1]։ Թուրը միայն հանդիսանում էր որպես պահեստային զենք։ Բացի այդ, եթե կիրասիրները, ատրճանակից համազարկ էին տալիս հետևակին, և, ցրելով նրանց շարքերը, արագորեն մխրճվում էին նրանց մեջ, ապա ռեյտերները նախընտրում էին աստիճանաբար կրակել հետևակի վրա, մինչև նրանց փախուստի դիմելը։ Ի տարբերություն դրագունների՝ ռեյտերները, որպես կանոն, ձիուց չէին իջնում, այլ կրակում էին ձիու վրայից։ Ի տարբերություն նախկին կարաբիներների, ովքեր նույնպես կրակում էին ձիու վրայից՝ ռեյտերները հագնում էին զրահ, որը նման էր կիրասիրականին։

Անվան ծագում խմբագրել

Ըստ ամենից հավանական վարկածի, «սև հեծյալներ» անվանումը կապված է նրանց զրահի գույնի հետ։ Գոյություն ունի նաև մեկ այլ տեսակետ, ըստ որի անվանումը կապված է բողոքականներից կաթոլիկներին տրված մականվան հետ - գերմ.՝ schwarz («սևեր»), համապատասխանաբար, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր, եռանդուն կաթոլիկ Կառլոս V-ի վարձկան հեծյալները անվանվում էին «սևեր», այսինքն՝ կաթոլիկ հեծյալներ։ Շմալկալդենյան պատերազմի ավարտից հետո «սև հեծյալները» սկսեցին ծառայել նաև ոչ կաթոլիկ կառավարիչների հետ, և ռեյտերների ու կաթոլիկների միջը եղած սկզբնական կապը աստիճանաբար մոռացվեց։ Ռուսալեզու գրականության մեջ առկա է նաև մի վարկած այն մաին, որ «սև» բառը նշանակում է «սև ժողովուրդ» ռուս.՝ чернь: Ռեյտերների մեջ իսկապես կային մեծ թվով ոչ ազնվական ծագում ունեցող մարդիկ, սակայն գերմաներեն լեզվում schwarz բառը չունի նման փոխաբերական իմաստ։

Մարտավարություն խմբագրել

Առաջին ռեյտերների մարտավարությունը, որը առաջին անգամ ի հայտ եկավ Շմալկալդենյան պատերազմի տարիներին, սկզբում շատ չէր տարբերվում ավանդական ասպետական հեծելազորի մարտավարությունից. դրա հիմքում ընկած էր նիզակով խոյահար հարվածը[2]։ Մնացած հեծելազորային կազմավորումներից ռեյտերները տարբերվում էին միայն կարգապահությամբ։ Սակայն պատերազմի ավարտին ռեյտերները սկսեցին ավելի հաճախ զինվել ատրճանակներով և արդեն 16-րդ դարի 50-ականներ սկզբին վերջնականապես հրաժարվեցին հեծելազորային նիզակից։ Մեկ ռեյտերի մոտ եղած ատրճանակների թիվը կարող էր հասնել 3-ից[3] 5-ի[4] (օրինակ՝ կիրասիրները սովորաբար կրում էին մեկ զույգ ատրճանակներ), իսկ որքան ատրճանակները դարձան թանկ, առաջացավ մի ավանդույթ, որ ռեյտերին ծառայության ընդունելիս տրամադրեն բեռնաբարձում, կազմված երկու վճարումներից - գերմ.՝ Laufgeld и գերմ.՝ Aufreisegeld[5]:

 
Կիրասիրներ, ովքեր փորձում են իրականացնել ռեյտերական մարտավարություն

Նրանց հակառակորդները սովորաբար նույնպես կրում էին զրահ, այդ պատճառով ռեյտերները փորձում էին հրազենից նշան բռնելով համազարկ տալ։ Հակառակորդին մոտենալիս սովորաբար անցնում էին դանդաղ քայլի, սակայն բարենպաստ պայմաններում կարող էին օգտվել նաև թեթև վարգից, եթե տեղանքի ռելիեֆը և կարգապահությունը թույլ էին տալիս պահպանել շարքերը։ Քանի որ այդ ժամանակաշրջանում հրազենը դանդաղ էր վերալիցքավորվում, հիմնական մարտավարության դերում հանդես էր գալիս այդ ժամանակ նաև հետևակի շրջանում հայտնի կարակոլը, որի ժամանակ զինվորների առաջին շարքը, համազարկ կատարելով, արագ շրջվում և հետ էր գնում, վերածվելով վերջին շարքի և վերալիցքավորվում էր, իսկ երկրորդ շարքը, որը վերածվում էր առաջինի, կատարում էր նոր համազարկ։ Սովորաբար ռեյտերների կարակոլի համար նախատեսված դասավորությունը ուներ 20 հեծյալից կազմված լայնք և 10-15 հեծյալից կազմված խորություն։ Որպես կանոն՝ ռեյտերների առաջին շարքը համազարկից հետո բաժանվում էր երկու խմբի, որի մի մասը վարգում էր ձախ-ետ, իսկ մյուսը՝ աջ-ետ[6]։

Պարզ թվացող այս մարտավարությունը պահանջում էր բարձր կարգապահություն ինչպես շարքերի ժամանակին փոփոխության, այնպես էլ միահամուռ համազարկի ապահովման համար, որպեսզի այն ավելի «արյունալի» ազդեցություն ունենա։ Հաճախ ռեյտերների ժամանակակից հեծյալները չէին տիրապետում ո՛չ մեկին և ո՛չ էլ մյուսին. հատկապես հաճախ այնպես էր պատահում, որ երկրորդ շարքը սկսում էր հրաձգությունը՝ չսպասելով առաջինի դիրքավորմանը, ինչի պատճառով միաժամանակյա համազարկի փոխարեն երբեմն անկանոն հրաձգություն էր իրականացվում (ընդհուպ մինչև նրան, որ հետևի շարքերն ուղղակի օդ էին կրակում)։ Երբեմն բանը հասնում էր նրան, որ առաջին շարքը, թեքվելով ետ, կանգ չի առել վերջին շարքի ետևում զենքի վերալիցքավորման համար, այլ հակառակորդից շարունակել է հեռու փախչել, իսկ մնացած շարքերը, փոխարենը փոխարինելու մեկը մյուսին, հաճախ հետևում էին առաջինին։ Եվ միայն «սև հեծյալներն» էին հայտնի այս մարտավարության կանոնավոր հաջողությամբ իրականացմամբ[6]։

 
17-րդ դարի սկզբի գերմանական փորագրություն, որը պարզաբանում է ռեյտերների՝ մարտում հրազենի կիրառման սկզբունքները
 
Ռեյտերներ (17-րդ դ.)

Հետաքրքիր է, որ ի սկզբանե այդպիսի մարտավարություն կիրառումէին կիրասիրները, ովքեր նույնպես ունեին մեկ զույգ ատրճանակ, որպես օժանդակ զենք։ Սակայն Երեսնամյա պատերազմի շրջանում կիրասիրներն աստիճանաբար հրաժարվեցին դրանից, քանի որ այն խանգարում էր արագ ձեռնամարտի մեջ մտնելուն։ Թևահար կամ թիկունքային գրոհի ժամանակ ձեռնամարտի փոխարեն փոխհրաձգության անցնելը հանգեցնում էր անսպասելիության ազդեցության կորստին՝ հետևակին ժամանակ տալով հեծելազորային հարձակման նախապատրաստվելու համար։

17-րդ դարի կեսին՝ Երեսնամյա պատերազմից հետո, ռեյտերների հետևյալ մարտավարությունը բարդեցվեց։ Ռեյտերական էսկադրոնը իրենից ներկայացնում էր մարտավարական միավոր և ձևավորվում էր միևնույն գնդի տարաքանակ վաշտերից. ամենից հաճախ՝ երկու, շվեդական բանակում՝ երեքից չորս։ Էսկադրոնի միջին մարդաքանակը կազմում էր 150-200 մարդ։ Ավստրիական զորավար Ռայմունդ Մոնտեկուկոլիի կարծիքով՝ էսկադրոնի մեծ քանակը անհարմար է դառնում կառավարելու համար։ Սովորաբար կիրառվում էր երեք աստիճանից բաղկացած կառույցը։ Ներքին բարդ վերակառուցումների համար գործում էր, այսպես ասած՝«բաց մարտակարգը», երբ աստիճանում ձիերի միջև եղած հեռավորությունը կազմում էր 3 ֆուտ («քայլ»), իսկ շարքում՝ մեկ ձիու երկարություն։Մարտի ժամանակ ռեյտերները կանգնում էին խիտ, ծունկը ծնկին, աստիճանների միջև 1,5-3 ֆուտ հեռավորությամբ՝ «հոծ մարտակարգով»։ Գրոհի շարժվելիս ձիերը սկզբում ընթանում էին թեթև քայլքով, ինչը հնարավորություն էր տալիս նրանց խնայել ուժերը և բարձրացնել հրաձգության դիպուկությունը, հետո անցնում էին արագ քայլքի, իսկ հակառակորդին մոտենալիս՝ վարգի[7]։

Հատկանշանակն է, որ սովետական պատմագրության մեջ կարակոլի ժամանակ գրոհի տապալումը ընդունված էր վերագրել ոչ միայն կրասիրներին, այլև ռեյտերներին, այն տրամաբանական եզրահանգմամբ, որ այդ մարտավարության ցածր արդյունավետության պատճառով կիրասիրները հրաժարվեցին դրանից։ Սակայն անդուհանդերձ հաճախ չի բացատրվում, թե ինչու ռեյտերները ոչ միայն պահպանեցին որպես հիմնակական զենք հրազենը գործածելը,այլև դարձան Եվրոպայում հայտնի զորատեսակ։

Ռեյտերների մարտավարությունը լիովին հաջողակ էր, երբ տիպիկ հետևակը զինված էր սառը զենքվ (նիզակ, թուր), իսկ մուշկետերների (արկեբուզեր) թիվը բանակում համեմատաբար փոքրաթիվ էր։ Սակայն երբ մուշկետները սկսեցին հետևակայինների կողմից ավելի լայնորեն օգտագործվել, ռեյտերներն արդեն չէին կարող հակառակորդի հետևակին անպատիժ կերպով կրակել։ Մուշկետն ուներ ավելի մեծ հեռահարություն, քան ատրճանակը, իսկ հրաձգության դիպուկությունն ավելի մեծ էր կանգնած և երկու ձեռքով նշան բռնած, քան ձիու վրայից և մի ձեռքով նշան բռնած։ Ռեյտերները սկսեցին ավելի շատ կորուստներ տալ։ Մյուս կողմից, մուշկետերների թվի ավելացումը հետևակում կրճատեց նիզակակիրների թիվը։ Հետևակը ավելի խոցելի դարձավ սառը զենքով զինված արագընթաց հեծելազորի աձջը (այսինքն տիպիկ կիրասիրական մարտավարության առջև)։ Այս ամենի հետևանքով ռեյտերները աստիճանաբար հեռացան թատերաբեմից և ծանր հեծելազորի դերը սկսեցին կատարել բացառապես կիրասիրները։

Սպառազինություն և զրահ խմբագրել

Սպառազինություն խմբագրել

Իրենց ասպարեզ գալու սկզբին ռեյտերները հաճախ օգտագործում էին հեծելազորային նիզակ[8], որն ավլի թեթև էր, քան դասական ասպետական նիզակը՝ լենսը[9][10]։ Այդպիսի նիզակը Անգլիայում ստացել է «կիսանիզակ» մականունը (անգլ.՝ demi-lance, դեմի-լենս)[10]։ Սակայն պատերազմի վերջում դրա կիրառումը գործնականում դադարեց, և հիմնական զենքի դերն անցավ ատրճանակին[11]։

 
գերմ.՝ Reitpistole-ն համեմատած սովորական ատրճանակի հետ

Քանի որ հեծելազորային (կամ տառացի՝ «ռեյտերական») ատրճանակը (գերմ.՝ reitpistole) նախատեսված էր զրահապատ հակառակորդի վրա կրակելու համար՝ այն «քաղաքացիական» ատրճանակներից տարբերվում էր մեծ ուժով, իսկ երկարությունը երբեմն հասնում էր 3 ֆուտի (~90 սմ)[3]։ Ատրճանակների քանակը սովորաբար հավասար էր երեքի, որոնցից երկուսը նրանք կրում էին հագուստի վրայից, իսկ մյուսը՝ կամ ծոցում, կամ էլ ճտքակոշիկի մեջ[3]։ Այդուհանդերձ ռեյտերների մեջ հաճախ էին հանդիպում հեծյալներ, ովքեր կրում էին ոչ թե երեք՝ այլ չորս, և նույնիսկ հինգ ատրճանակ[9]։ Հավելյալ ատրճանակները սովորաբար պատյանի հետ մեկտեղ կախվում էին թամբից[12]։ Համաձայն ավանդական վարկածի՝ հաշվի առնելով ատրճանակների մեծ քաշը՝ կրիտիկական պահին ռեյտերները բռնում էին այն փողից, և այն որպես մահակ օգտագործում, որի պատճառով ատրճանակի կոթը վերջանում էր, այսպես կոչված գերմ.՝ afterkugel-ով՝ ծանր գնդաձև վերջավորությամբ, որը մինչ Երեսնամյա պատերազմը հսկայական էր, սակայն դրա ընթացքում այն նկատելիորեն փոքրացավ, չնայած կրկին պատրաստվում էր երկաթից[13]։ Այնպիսի ժամանակակից հեղինակը, ինչպիսին Կլոդ Բլերն է, կասկած է հայտնում, որ այդ ժամանակներում ատրճանակները որպես մահակներ են օգտագործվել։ Նրա կարծիքով, ատրճանակների կառուցվածքը բավականին փխրուն էր հարվածներ հասցնելու համար, իսկ գնդաձև կոթը պատյանից բռնելու հարմարության համար էր ծառայում (նմանատիպ կոթերը հաճախ ունենում էին կտրող զենքի ձև)[14]։

Սովորաբար ատրճանակները լինում էին միալիցք, սակայն կային նաև բազմալիցք ատրճանակներ, որոնք հիմնականում հասանելի էին սպաներին, որոնց շրջանում հայտնի էին,այսպես կոչված գերմ.՝ Doppelfaustrohre-ները (կրճատ՝ գերմ.՝ Doppelfauster), որոնք առանձնանում էին իրենց կառուցվածքի պարզությամբ և հուսալիությամբ։ Ի տարբերություն մյուս երկփողանի ատրճանակների, գերմ.՝ Doppelfaustrohre-ի մոտ փողի փականները և բռնկուն նյութերը դասավորված էին ոչ իրար կողքի, այլ հնարավորինս հեռացված էին մեկը մյուսից, ինչի հետևանքով, անելով առաջին կրակոցը՝ կարելի էր չանհանգստանալ,որ պատահաբար կբռնկվեր վառոդի երկրորդ լիցքը՝ առաջացնելով երկրորդ կրակոցը։ Ավելի հազվադեպ հանդիպում էին բազմափողանի ատրճանակները, իսկ 16-րդ դարի վերջից՝ նաև պարզ ռեվոլվերները՝ անվաձև փականով և ձեռքով պտտվող թմբուկով, սակայն ո՛չ մեկը, և ո՛չ էլ մյուսները ռեյտերների մոտ տարածում չգտան, քանի որ բավականին հուսալի չէին օգտագործման մեջ։ Գոյություն ուներ նաև այլ այլընտրանքային տարբերակ, որը չափազանց անհուսալիությամբ էր աչքի ընկնում. այս համակարգի ատրճանակներում միևնույն փողի մեջ լիցքավորվում էր մի քանի վառոդի լիցք և գնդակ, որոնք առանձնացվում էին խցաններով, իսկ ամեն մի վառոդի լիցքի հետ գնդակով անցնում էր առանձին անվային փական։ Արդյունքում հրաձիգը պետք է չափազանց ուշադիր լիներ լիցքավորման ժամանակ, որպեսզի զգուշավոր կերպով առանձնացներ վառոդը և հուսալի տեղադրեր խցանները, այլև հրաձգության ժամանակ, որպեսզի ձեռքով գործի գցեր անվային փականները միակ ճիշտ հերթականությամբ՝ փողից մինչև պահեստատուփ, այնպես որ սխալը կարող էր պատճառ հանդիսանալ փողի կամ պահեստատուփի պայթյունի համար։ Միանշանակ, այդ համակարգի ատրճանակները պիտանի չէին թեժ մարտերի ժամանակ։ Այնպես որ բազմալիցք ատրճանակների մեջ իրեն հավասարը չուներ «Doppelfauster»-ը[15]։

     
գերմ.՝ Doppelfauster (~1570 թվական) Վեցալիցք ռեվոլվեր անվափականով (~1590 թվական) Եռալիցք ատրաճանակ. բոլոր երեք լիցքերը լիցքավորվում են մի փողի մեջ, յուրաքանչյուր լիցքի համար կա իր անվափականը, որը հրաձգության համար պետք է տեղափոխել միակ ճիշտ հերթականությամբ՝ փողից մինչև պահեստատուփ (~1570 թվական)
 
Ռեյտերների մոտ հայտնի թրի և սուսերի հիբրիդ՝ գերմ.՝ reitschwert անվանմամբ. ձախի և կենտրոնի թրերը Օշկոտի դասակրգմամբ համարվում են բավարական ոճով մեկուկեսձեռնանի թրեր

Որպես հավելյալ զենք ռեյտերները հաճախ կրում էին գերմ.՝ reitschwert, (տառացի՝ «հեծյալի թուր» կամ «ռեյտերի թուր»), ինչն իրենից ներկայացնում էր երկար թրի և ծանր սուսերի միջին համադրություն. սուսերի բռնակը համադրած երկար բերանի հետ, որը, համաեմատած թրի հետ՝ ավելի թեթև և նեղ էր, իսկ սուսերի համեմատ՝ ծանր ու լայն։ Reitschwert -ը իրենից ներկայացնում էր իրոք ունիվերսալ սառը զենք, որը հավասարապես լավ իրառելի էր ոչ միայն քառատրոփ վարգի ժամանակ կտրող հարվածներ հասցնելու, այլև զրահի բաց տեղերին դիպուկ ծակող հարվածներ հասցնելու համար։ Հակառակորդի ավելի խոցելի տեղերին դիպուկ և ուժեղ ծակող հարված հասցնելու ունակությունը հատկապես կարևոր էր ծանր հեծելազորի հետ բախման ժամանակ, ովքեր ծանր զրահ էին կրում։ Միևնույն ժամանակ այն արդյունավետ էր վատ զրհավորված հետևակի, այդ թվում՝ էժանագին զրահ հագած հետևակի (որը թանկարժեքից առանձնանում էր ինչպես ցածր որակով, այնպես էլ մարմնի փոքր հատվածի պաշտպանմամբ), ովքեր շատ խոցելի տեղեր ունեին ռեյտերական թրով կտրող հարվածների համար։ Այդպիսով, զենքի ունիվերսալությունը ռեյտերներին թույլ էր տալիս խուսափել երկու «մասնագիտացված» զենքեր. սուր՝ կտրող հարվածների, իսկ դաշույն՝ ծակելու համար (այդպիսի «կրկնակի» զենքեր կրում էին, օրինակ՝ լեհական հուսարները)։

Որպես սառը զենք ռեյտերները կարող էին կիրառել նաև մեկուկեսձեռնանի թուր և էստոկ։ Մեկուկեսձեռնանի թուրը (գերմ.՝ Anderthalbhänderschwert) իրենից ներկայացնում էր մեկձեռնանի և երկձեռնանի թրերի համադրություն, որն առանձնանում էր երկար ու ծանր բերանով և համալրված էր սուսերի բռնակով՝ համաձայն տվյալ ժամանակի ավանդույթներին։ Էստոկը երկար էր և հատու. այն նախատեսված էր զրահի ուժային ճեղքման համար, և հաճախ հանդերձավորվում էր ծանր երախակալով։ Նրա գերմաներեն անվանումը(գերմ.՝ panzerstecher - «վահան խոցող») բավականին դիպուկ նկարագրում է նրա նշանակությունը։ Այս երկու թրերն էլ ձիամարտի ժամանակ բռնում էին մի ձեռքով, իսկ հետիոտն մարտում բռնում էին երկու ձեռքով, որպեսզի ավելացնեն հարվածի ուժգնությունը։ Մեկուկեսձեռնանի թուրը այդ նպատակով կարող էր համալրվել երկարեցված բռնակով, իսկ էստոկը կարող էր ունենալ և՛ երկար, և՛ կարճ բռնակ. վերջինիս դեպքում երկրորդ ձեռքվ բռնում էին նրա բերանի բութ մասից։

Զրահ խմբագրել

 
«Սև հեծյալների» զրահ
(գերմ.՝ Sturmhaube)
իր կառուցվածքով չի տարբերվում կիրասիրի էժանագին, և լանդսկնեխտի թանկարժեք զրահներից

Ռեյտերական զրահը նույնն էր, ինչ ոչ հարուստ կիրասիրներինը, կամ «կրկնակի» աշխատավարձ ստացող լանդսկնեխտներինը։ Ռեյտերների, կիրասիրների կամ լանդսկնեխտների համար հատուկ զրահի սարքավորումներ գոյություն չունեին։ 16-րդ դարի 17-րդ դարի սկզբում Կենտրոնական Եվրոպայի զորքերում կար միայն մի ամբողջական ասպետական զրահ, որն այդ ժամանակ կրում էին միայն բարձր արիստոկրատիայի ներկայացուցիչները և ֆրանսիական արքայի ժանդարմները, և կիսատ զրահ, որը կրում էին մնացածները, այդ թվում՝ ռեյտերները։ Վարձկանները սպառազինությունը իրենց հաշվին էին ձեռք բերում, ինչի արդյունքում կիրասիրների և լանդսկնեխտների զրահների միջև հաճախ տարբերությունը կայանում էր միայն նրանում, թե ով ինչ սպառազինության առարկաներ կարող է գնել։ Օրինակ, եթե լանդսկնեխտը սովորաբար սահմանափակվում էր բաց սաղավարտով և ուսադիրներով ու սռնապաններով զրահով, ապա կիրասիրը (որպես կանոն, ազնվական հանդիսացող) կարող էր իրեն թույլ տալ կրել երեսկալով փակ սաղավարտ, կրկնակի կիրասա (զրահ), ձեռքերի լրիվ պաշտպանություն, երկար, ծնկապաններով սռնապաններ և ամուր ճտքակոշիկներ՝ ամրացած պողպատե թիթեղներով. հենց սրանում էր կայանում լանդսկնեխտների և կիրասիրների զրահների տարբերությունը։ Լանդսկնեխտների և կիրասիրների զրահները միանման էին այն դեպքում, երբ ազնվականը աղքատանում էր, իսկ լանդսկնեխտը «կրկնակի» աշխատավարձ էր ստանում[Ն 1]։ Ռեյտերները համեմատաբար ավելի ապահովված էին, քան հետևակայինները, սակայն քանի որ նրանց հիմանական զենքը՝ անվավոր ատրճանակը բավականին թանկ արժեր, նրանք ստիպված զրահի համար պետք է խնայողություններ անեին։ Ի տարբերություն կիրասիրների՝ ռեյտերները նախընտրում էին ունենալ լավ թանկարժեք ատրճանակներ և ոչ թանկարժեք զրահ[16]։

Տիպիկ ռեյտերական զրահը կազմված էր հատված սռնապաններով կիրասայից, որը սովորաբար հասնում էր մինչև ծնկները, բազպաններից, լանջապանից և սաղավարտից։ Բազպանները կարող էին լինել ամբողջական կամ սահմանափակվել հատված ուսադիրներով, որը հասնում էր մինչև արմունկները և մետաղյա ձեռնոցներով։ Ինչ վերաբերում է սաղավարտին, ապա սկզբում տարածված էր երեսակալով բուրգինյոտը, որը կրում էր «գրոհային սաղավարտ» անվանումը՝ գերմ.՝ Sturmhaube: Սովորաբար դեմքը բաց էր լինում, սակայն ցանկության դեպքում (եթե միջոցները թույլ էին տալիս) ռեյտերը կարող էր նաև գնել ծալովի ծնոտապանով սաղավարտ, որը դեմքը ծածկում էր երեսակալի նման, սակայն ոչ թե վերևից ներքև, այլ՝ ներքևից վերև։ Բուրգինյոտի կիրասիրական տարբերակը, որն ուներ իրական երեսակալ՝ դեպի վերև թեքված, ռեյտերների մոտ տարածում չգտավ։ Ավելի ուշ ռեյտերների (նաև արկեբուզիրների) մոտ գերմ.՝ Sturmhaube-ն զիջեց իր տեղը մորիոնին, իսկ հետո՝ կապելինային, որոնք հրաձգության համար ավելի հարմարավետ էին։ Քանի որ ռեյտերը նստած էր թամբի վրա, իսկ մարտի ժամանակ նա հետիոտն չէր ընթանում, ապա աճուկը լավ պաշտպանված էր թամբի և ձիու շնորհիվ[17]։

Ինչ վերաբերում է զրահի սև գույնին, ապա այն հանդիպում էր ոչ միայն «սև հեծյալների» մոտ և գլխավորապես կիրառվում էր զուտ գործնական նպատակներով. մի կողմից՝ շարքային վարձկանը, անձնական պարտավորություններ չունենալով, իր սպառազինությանը ինքնուրույն էր հետևում, և նրա համար ներկված զրահը ավելի նախըտնտրելի էր չներկվածից, իսկ մյուս կողմից՝ դարբինները, ովքեր զրահ էին պատրաստում, հաճախ իրենք էին ներկում այն, որպեսզի ներկով թաքցնեն էժանագին զրահի թերությունները։ Որպես կանոն՝ թանկարժեք զրահները հղկվում էին։ Իսկ եթե անհրաժեշտ էր լինում նրան սև գույն հաղորդել, ապա ոչ թե ներկում էին, այլ մղտում (պողպատին օքսիդի շերտ քսելով մուգ գույն տալ)։ Բացի այդ, էժանագին զրահը կշռում էր մոտավորապես 12 կգ, երբ թանկարժեք անգնդակաթափանց զրահը 16-րդ դարի վերջին կարող էր կշռել մինչև 30 կգ (16-րդ դարի սկզբի անգնդակաթափանց զրահը կշռում էր մոտավորապես 20 կգ և ծածկում էր ողջ մարմինը)[17][18]։

Նշումներ խմբագրել

  1. գերմ.՝ doppelsoldnern եզրույթը (տառացի «կրկնակի վարձկան») նշանակում էր, որ տվյալ լանդսկնեխտը ստանում է կրկնակի աշխատավարձ (օրինակ, եթե կարողանում է կռվել երկձեռնանի թրով, դիպուկ կրակում է կամ ուղղակի համարվում է հրետանավոր, և այլն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oakeshott E., European Weapons and Armour: From the Renaissance to the Industrial Revolution, Woodbridge, «Boydell Press», 2000 — 312, էջ 40, էջեր 312 — 312 էջ, ISBN 0-85115-789-0։
  2. Алексинский Д. П., Жуков К. А., Бутягин А. М., Коровкин Д. С., Кавалерия Европы, СПб., «Полигон» (Всадники войны), 2005 — 488, [80], էջ 433—436, էջեր 488, [80] — 488, [80] էջ, ISBN 5-89173-277-7։
  3. 3,0 3,1 3,2 Oakeshott, 2000, p-40
  4. Алексинский и др., 2005, с.435
  5. Функен Ф., Функен Л. Средние века. Эпоха Ренессанса: Пехота — Кавалерия — Артиллерия = Le costume, l'armure et les armes au temps de la chevalerie. Le siecle de la Renaissance / Пер. с фр. М. Б. Ивановой. — М.: АСТ, Астрель, 2002. — С. 42. — 146 с. — (Энциклопедия вооружения и военного костюма). — ISBN 5-17-014796-1, 5-271-05016-5, 2-203-14319-3 (фр.)
  6. 6,0 6,1 Oakeshott, 2000, pp. 197-198
  7. Курбатов О. А. Морально-психологические аспекты тактики русской конницы в середине XVII века // Военно-историческая антропология: Ежегодник, 2003/2004: Новые научные направления / Отв. ред. и сост. Е. С. Сенявская. — М.: РОССПЭН, 2005. — С. 193—213. — 462, [1] с. — ISBN 5-8243-0471-8
  8. Алексинский и др., 2005, с-433-436
  9. 9,0 9,1 Алексинский и др., 2005, с-445
  10. 10,0 10,1 Oakeshott, 2000, p-197
  11. Алексинский и др., 2005, с-433-435
  12. Алексинский и др., 2005, с-435
  13. Boeheim W. Das Waffenwesen in seiner historischen Entwickelung vom Beginn des Mittelalters bis zum Ende des 18. Jahrhunderts. — Leipzig: Verlag von E. A. Seemann, 1890. — С. 375. — 695 с.
  14. Клод Блэр Пистолеты мира. — Москва: Центрполиграф, 2007. — С. 18. — 442 с. — ISBN 978-5-9524-3044-0
  15. Boeheim, 1890, с-485
  16. Функен Ф., Функен Л., 2002, с-42
  17. 17,0 17,1 Функен Ф., Функен Л., 2002, с- 32-33
  18. Функен Ф., Функен Л., 2002, с- 38-39