Ռազմաճակատային ընկերուհիները
«Ռազմաճակատային ընկերուհիները» (ռուս.՝ «Фронтовые подруги»), 1941[1] թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել Է Վիկտոր Էյսիմոնտը[2][3][4] «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Ֆիլմը, որը պատմում է խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ մերձռազմաճակատային հոսպիտալի աշխատանքի մասին, էկրան է բարձրացել 1941 թվականի մայիսին և չի հասցրել զանգվածային հեռուստալսարան ձեռք բերել։
Ռազմաճակատային ընկերուհիները ռուս.՝ Фронтовые подруги | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1941 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Էյսիմոնտ |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Միխալկով, Միխայիլ Ռոզենբերգ և Միխայիլ Ռոզենբերգ |
Դերակատարներ | Զոյա Ֆյոդորովա, Անդրեյ Աբրիկոսով, Բորիս Բլինով, Յուրի Տոլուբեև, Կոնստանտին Ադաշևսկի, Թամարա Ալյոշինա և Մանեֆա Սոբոլևսկայա |
Օպերատոր | Վլադիմիր Ռապոպորտ |
Երաժշտություն | Վիսարիոն Շեբալին |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 95 րոպե |
Այնուամենայնիվ, ֆիլմը մի շարք արձագանքներ է ստացել մամուլում, նկարահանող խմբի մասնակիցները (ռեժիսոր, օպերատոր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատարուհի) արժանացել են Ստալինյան II աստիճանի մրցանակի (1942)։
Սերգեյ Միխալկովի համար «Ռազմաճակատային ընկերուհիները» ֆիլմի սցենարի վրա աշխատանքը դարձել է կինոնորամուտ։
1943 թվականին ԱՄՆ-ում նկարահանվել է ֆիլմի ռեմեյքը՝ «Երեք ռուս աղջիկներ» (անգլ.՝ «Three Russian Girls»)։
Սյուժե
խմբագրելԿարմիր խաչի քաղաքային կոմիտեի շենքում աղմկոտ և մարդաշատ է. ընթանում է կամավորների գրանցումը բուժքույրերի ջոկատի համար, որոնք պետք է աշխատեն մերձռազմաճակատային հոսպիտալում։ Աղջիկներից մեկը խոստովանում է, որ վախենում է հրաձգությունից և արյունից, ինչ-որ մեկը, չափազանց երիտասարդ տարիքի պատճառով մերժում ստանալով, վիճում է գրանցողի հետ և սպառնում է գրել Վորոշիլովին։
Ջոկատի հրամանատար Նատաշա Մատվեևան (Զոյա Ֆեոդորովա) իրեն վստահ է զգում։ Նա կամավոր է գրանցվում գիտակցաբար, որպեսզի ավելի մոտ լինի փեսացուին՝ լեյտենանտ Սերգեյ Կորովինին (Անդրեյ Աբրիկոսով)։ Նրա հետ հանդիպումը տեղի է ունենում կայարանում հաջորդ առավոտյան․ հրաժեշտ տալով՝ երիտասարդները խոստանում են գրել միմյանց առաջին հնարավորության դեպքում։
Երբ բուժքույրերը սկզբում գնացքով, հետո բեռնատարով հասնում են անհրաժեշտ վայր, պարզվում է, որ հոսպիտալը, որպես այդպիսին, դեռ չկա։ Դրուժիննիկներին դիմավորող ռազմական բժիշկը տալիս է առաջադրանքը․ անհրաժեշտ է կարգի բերել լքված շենքը, ջուր բերել, գիշերելու տեղ պատրաստել։ Շուտով սկսում են տեղ հասցվել վիրավորները։
Մի քանի օր անց բժիշկը հայտնում է Նատաշային, որ ծանր հիվանդների համար նախատեսված հիվանդասենյակում է գտնվում հետախույզ Անդրեյ Մորոզովը (Բորիս Բլինով), որը մշտական հերթապահություններով հատուկ խնամքի կարիք ունի։ Նատաշան հատուկ հսկողության տակ է վերցնում հերոսին, որի մասին նույնիսկ թերթերում են գրել։ Նա երկար խոսում է նրա հետ, բարձրաձայն կարդում հատվածներ «Պատերազմ և խաղաղություն» վեպից, երգում է հոգեթով երգեր կիթառի նվագակցությամբ։ Մռայլ, քչախոս Մորոզովն աստիճանաբար սկսում է մեղմանալ. պարզ է դառնում, որ Նատաշան նրա համար միայն բուժքույր չէ։
Ինքը՝ հերոսուհին, կտրականապես հրաժարվում է խոստովանել, որ վիրավոր հետախույզի նկատմամբ այլ զգացմունքներ ունի, բացի քույրական գթասրտությունից. և ինքն իրեն, և ընկերուհիներին նա կրկնում է, որ ինքը փեսացու ունի, որը մոտակայքում է ծառայում։ Աղջիկը դեռ չգիտի, որ շուտով ինքը կհայտնվի հոսպիտալի սենյակում և կսպասի Մորոզովից ճիշտ նույն աջակցությունը։
Արձագանքներ և հուշեր
խմբագրել1941 թվականի հունիսի կեսերին ֆիլմին արձագանքել է «Работница» ամսագիրը, որի թղթակիցը նշել է, որ «Ռազմաճակատային ընկերուհիները» ֆիլմի ստեղծողներին բավարարել է գեղարվեստական ճաշակը, որպեսզի «խուսափեն ինչպես կոպիտ նատուրալիզմից, այնպես էլ թույլ սենտիմենտալությունից»։ Հատուկ առանձնացվել է Զոյա Ֆեոդորովայի աշխատանքը՝ նշելով, որ դերասանուհին կարողացել է «մեղմ, առանց ճնշման» կերպար ստեղծել՝ համոզիչ խաղ ցուցադրելով թե՛ լիրիկական տեսարաններում, թե՛ մարտական դրվագներում[5]։
«Санитарная оборона» ամսագրի մայիսյան համարում հրապարակվել են ոչ միայն ֆիլմի կադրերով լուսանկարներ, այլև դրանցում հնչած երգերի տեքստերը (տեքստը՝ Սերգեյ Միխալկովի և Նատալյա Կոնչալովսկայայի, երաժշտությունը՝ Վիսարիոն Շեբալինի)[6]։
«Ռազմաճակատային ընկերուհիները» ֆիլմի թողարկումից երեսուն տարի անց հրապարակված գրախոսականում ուշադրություն է դարձվել սցենարի անկատարությանը, որի հեղինակները հեռու էին իրական ռազմական իրադարձություններից, ուստի ֆաբուլան նախագծել են «սյուժետային կառուցման արհեստագործական կանոններով»։ Բեմադրության խնդիրը լիարժեք լուծելու հնարավորությունից զրկված ռեժիսորը կենտրոնացել է դերասանների հետ աշխատանքի վրա[7]․
Նախաամպրոպային մթնոլորտի հստակ զգացումով և իր ակնհայտ դերասանական արժանիքների շնորհիվ ֆիլմը կարող էր ամենամեծ հաջողության հույս ունենալ։ Բայց այն էկրաններին հայտնվեց Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց մեկ ամիս առաջ, և, բնականաբար, այս հանգամանքը զգալիորեն խլացրեց հանդիսատեսի արձագանքը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)По чуткому ощущению предгрозовой атмосферы и по своим явным актёрским достоинствам картина могла бы рассчитывать на самый широкий успех. Но она появилась на экранах за месяц до начала Великой Отечественной войны, и, разумеется, это обстоятельство значительно приглушило зрительский резонанс.
Խորհրդա-ֆիննական պատերազմի մասին պատմող ֆիլմերի վերլուծության ժամանակ «Կրասնայա զվեզդա» թերթի հրապարակման հեղինակը նշում է, որ «Ռազմաճակատային ընկերուհիները» թեմատիկայով մոտ է «Թշնամու թիկունքում» (ռուս.՝ «В тылу врага», ռեժիսոր՝ Եվգենի Շնեյդեր) և «Մաշենկա» (ռեժիսոր՝ Յուլի Ռայզման) կինոնկարներին։ Նրանց միավորում է ընդհանուր քարոզչական ուղղվածությունը, ընդ որում՝ երկու ֆիլմերում («Մաշենկա» և «Ռազմաճակատային ընկերուհիներ») հակառակորդի կերպարը չի բացահայտվում. թշնամին ներկայացված է որպես վերացական կերպար, «ուրվագիծ ուրիշ համազգեստով»[8]։
Բացի այդ, գրախոսականներում նշվել է, որ «Ռազմաճակատային ընկերուհիները» որոշ սյուժետային նմանություն ունի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ֆիլմի հետ[9] և ընդգրծվել է «հեշտ հաղթանակ ձեռք բերելու զայրացնող համոզվածության» բացակայությունը, որը նկատելի է նախապատերազմական «Կործանիչներ» և «Եթե վաղը պատերազմ է» կինոնկարներում[10]։
Սերգեյ Միխալկովը, պատմելով «Ռազմաճակատային ընկերուհիները» ֆիլմի համար ստացած Ստալինյան մրցանակի մասին, հիշել է այն ստանալուց հետո իր զգացողությունների մասին. դրանք հանգում էին այն մտքին, որ տրվել է «պահնորդական պատվոգիր»․ «հիմա այլևս չեն նստեցնի» (ռուս․՝ «теперь уже не посадят»)[11]։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Զոյա Ֆեոդորովա | ջոկատի հրամանատար | Նատաշա Մատվեևա
Անդրեյ Աբրիկոսով | լեյտենանտ | Սերգեյ Կորովին
Բորիս Բլինով | հետախույզ | Անդրեյ Մորոզով
Յուրի Տոլուբեև | Բրագինսկի |
Կոնստանտին Ադաշևսկի | ռազմական բժիշկ |
Վլադիմիր Աբրամով | վարորդ | Տրիշին
Թամարա Ալյոշինա | Զինա Մասլովա |
Մանեֆա Սոբոլևսկայա | Թամարա Կոզլովա |
Օլգա Ֆեդորինա | Չիժիկ |
Եկատերինա Մելենտևա | Շուրա |
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Վիկտոր Էյսիմոնտ
- Սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Միխալկով[12], Միխայիլ Ռոզենբերգ
- Օպերատոր՝ Վիսարիոն Շեբալին
- Նկարիչ՝ Ֆեոդոր Բեռնշտամ
- Հնչյունային օպերատոր՝ Ալեքսանդր Օստրովսկի
- Ֆիլմի տնօրեն՝ Իոսիֆ Պոլյակով
Պարգևներ
խմբագրել- Ստալինյան II աստիճանի մրցանակ (1942)[13]․
- Վիկտոր Էյսիմոնտ - ռեժիսոր
- Սերգեյ Միխալկով - սցենարի հեղինակ
- Միխայիլ Ռոզենբերգ - սցենարի հեղինակ (հետմահու)
- Վլադիմիր Ռապոպորտ - օպերատոր
- Զոյա Ֆեոդորովա - Նատաշա Մատվեևայի դերակատար
- Շնորհակալագիր Վիկտոր Էյսիմոնտին ռազմական պայմաններում աշխատանքի համար (ԽՍՀՄ ԺԿԽ կինեմատոգրաֆիայի հարցերով կոմիտեի թիվ 407 հրաման «Լենֆիլմ» կինոստուդիայի աշխատանքի մասին 1941 թվականի հուլիսին)[14]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «В библиотеке Маяковского пройдут показы фильмов на английском». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
- ↑ 7 иностранных ремейков отечественных фильмов
- ↑ От блокады до «Варяга». Лучшие фильмы режиссера Виктора Эйсымонта
- ↑ Ну и денек: 20 декабря 2004 года
- ↑ Калиновская Т. «Фронтовые подруги» // Работница. — 1941. — № 18.
- ↑ Архив журнала // Санитарная оборона. — 1941. — № 5.
- ↑ Кремлев Г. Виктор Эйсымонт // 20 режиссёрских биографий. — М.: Искусство, 1971. — 408 с. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Елена Сенявская «Образ врага» и «бычье упрямство» // Красная звезда. — 2005. — № 7 июня.
- ↑ Заозерская А. Три плюс два: 5 знаменитых фильмов по сценариям Сергея Михалкова // Вечерняя Москва. — 2014. — № 12 марта.
- ↑ Владимир Невежин «Если завтра в поход...». — Яуза, Эксмо, 2007. — 320 с. — ISBN 978-5-699-16625-1
- ↑ С. Михалков Я был советским писателем. — М.: ИН-СОФТ, 1992.
- ↑ «Три плюс два: 5 знаменитых фильмов по сценариям Сергея Михалкова». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
- ↑ Постановление Совета Народных Комиссаров СССР «О присуждении Сталинских премий в области искусства и литературы за 1941 год» // Правда. — 1942. — № 12 апреля.
- ↑ Пётр Багров, Вера Кузнецова «Ленфильм» в 1941 году // Киноведческие записки. — 2005. — № 72.