Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի
Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին (1838 – 1897, ամբողջական անուն՝ արաբ․՝ محمد جمال الدين بن السيد صفتر الحسيني الأفغاني, Մուհամմադ Ջամալ ադ-Դին իբն աս-Սեյյիդ Սաֆթար ալ-Հուսեյնի ալ-Աֆղանի), իսլամական փիլիսոփա և քաղաքագետ, համարվում է պանիսլամիզմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, մուսուլմանական ռեֆորմացիայի հիմնադիրը։
Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի جمال الدين الأفغاني | |
---|---|
Ծնվել է | 1838[1][2] կամ 1839[3] |
Ծննդավայր | Ասադաբադ Աֆղանստան |
Վախճանվել է | 1897 / 1315 Հիջրա |
Վախճանի վայր | Ստամբուլ Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Քաբուլ |
Մասնագիտություն | աստվածաբան, journal editor և լրագրող |
Ազգություն | արաբ |
Քաղաքացիություն | Աֆղանստան |
Ուշագրավ աշխատանքներ | «Ամուր կապ» թերթ |
Jamal-al-din al-Afghani Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋամալ ադ-Դին ալ-Աֆղանին ծնվել է Աֆղանստանում և ստացել է ավանդական մուսուլմանական կրթություն։ Կահիրեում հաստատվելուց հետո նա ծավալում է իր հիմնական գործունեությունը՝ դառնալով հասարակական մտքի անփոխարինելի առաջնորդ և քարոզելով լիբերալ-ռեֆորմիստական գաղափարներ և կոչ անելով գաղութացման դեմ պայքարի։ Եղել է նաև Հնդկաստանում, Թուրքիայում։
Նրա այսպիսի գործունեությունը առաջացնում է մուսուլման հոգևորականության պահպանողական շրջանների և եվրոպական հյուպատոսների դժգոհությունը, որի պատճառով էլ հեռացվում է Եգիպտոսից։ Լքելով Եգիպտոսը՝ ալ-Աֆղանին հետագա մի քանի տարիներն անց է կացնում Արևելքի և Արևմուտքի երկրներում, ամենուրեք քարոզելով իր ռեֆորմիստական գաղափարները։ Փարիզում իր աշակերտ Մուհամադ Աբդոյի հետ միասին ստեղծում է «Ալ-Ուրվաթ ալ-վուսկա» (արաբերեն՝ العروة الوثقى, ամուր կապ) գաղտնի կազմակերպությունը և հրապարակում համանուն թերթը, վերջինս, չնայած շատ կարճատև կյանքին հսկայական նշանակություն է ունենում մուսուլման մտավորականության շրջանում հասարակական և քաղաքական գաղափարների տարածման գործում։ Նրա գաղափարախոսության հիմքում առաջնայինը կրոնի և գիտության փոխհարաբերության հիմնահարցն էր։
Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին գտնում էր, որ ազգի բարեկեցությունը, հարստությունը հիմնված է գիտության վրա և որ կրոնը ոչ միայն չի ժխտում գիտությունը, այլ ամեն կերպ նպաստում է նրա զարգացմանը։ Իր «կրթության և ուսուցման» օգուտը հոդվածում Արևելքի երկրների ծանր վիճակը բացատրում է այստեղ գիտնականների՝ որպես կարևոր խավի ժխտմամբ։ Նա գտնում էր, որ ոչ բոլոր ժամանակաշրջանները կարիք ունեն մարգարեության, սակայն միշտ պահանջվում է գիտական առաջընթաց, որը ի վիճակի կլինի մարդկությանը դուրս հանել խավարամտության և անգրագիտության ճահճից դեպի բարեկեցիկ կյանք։ Նման գաղափարներ արտահայտելու համար ուղղահավատ մուսուլմանների կողմից նա մեղադրվում էր հերետիկոսության մեջ։ Դրա արդյունքում նա էլ ավելի էր համոզվում, որ ոչ մի կրոնական ռեֆորմ հնարավոր չէ մուսուլմանական համայնքում, քանի դեռ կրոնական առաջնորդները չեն փորձում վերանայել իրենց հայացքները և չեն հասկանում գիտության և մշակույթի օգուտը։
Ալ-Աֆղանիի կարծիքով մուսուլմանների անկումն ու հետամնացությունը արդյունք են նրա, որ նրանք մոռացել են, թե ինչում է կայանում իսկական իսլամի իմաստությունը, ինչպես նաև այն պատգամը, որով մուսուլմանները պետք է միշտ միասնական լինեն։ Այս միասնականության գաղափարն էլ հիմք դրեց պանիսլամիզմի գաղափարախոսությանը։ Այս գաղափարախոսության առաջացումը հենց այս շրջանում ամենից առաջ ազգային ազատագրական պայքարի արդյունք էր։ Ալ-Աֆղանին համառորեն կոչ էր անում Արևելքին համախմբել իր ուժերը և դուրս գալ գաղութարարների դեմ։ Կարևորագույն քաղաքական խնդիր էր համարում մուսուլմանների համախմբումը խալիֆի դրոշի տակ, ով ի վիճակի կլինի պայքարել գաղութատիրության դեմ։
Ալ-Աֆղանիի սկսած գործը գտավ իր արժանի շարունակողներին, որոնք նոր աստիճանի բարձրացրին նրա գաղափարախոսությունը և իրենց հասարակական և գրական գործունեությամբ նպաստեցին ժողովրդական լայն զանգվածների կողմից նրա առաջադիմական գաղափարների յուրացմանը։
Աղբյուրներ
խմբագրել- Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
- Борисов В.М. Современная египетская проза. М„ 1961.
- Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
- Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996. Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Kedourie E. Encyclopædia Britannica
- ↑ Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի» հոդվածին։ |