Հին Հունաստան (հին հուն․՝ Αρχαία Ελλάδα), քաղաքակրթությունների համալիր, որն ընդգրկել է Եգեյան ծովն իր կղզիներով, Բալկանյան թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Անտիկ ժամանակների Հունաստանի պատմությունը հույն ժողովրդի դարավոր պատմության վաղ շրջափուլն է, որը ներառել է հունական մութ դարերից մինչև դասական ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածը։ Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում, իսկ մարդկանց բնակության վերաբերյալ ամենահին գտածոները մոտ 270,000 տարվա հնության են։ Դրանք գտնվել են հյուսիսային Հունաստանի Մակեդոնիա նահանգի Պնտրանոլա քարանձավում: Հին Հունաստանի քաղաքակրթության առաջին խոշոր տարբերափուլը Կիկլադյան քաղաքակրթության ժամանակահատվածն է։ Այն տարածված է եղել մ.թ.ա. 3-2-րդ դարերում Կիկլադյան կղզիներում։ Պատմական Հունաստանի տարածքում ձևավորված առաջին խոշոր պետական կազմավորումը եղել է Կրետեի ծովապետությունը, որի հիմնադրումից որոշ ժամանակ անց Հունաստանը թևակոխել է Մինոսյան քաղաքակրթության շրջափուլ։ Մ․թ․ա․ 3-րդ դարում Կրետեն մասնատվում է և վերջինիս տրոհման հետևանքով առաջանում են մի շարք քաղաք-պետություններ։ Դրանք շուտով միավորվում է Կնոսոսի շուրջ, որն էլ իր հզորության գագաթնակետին է հասնում Մինոս արքայի կառավարման տարիներին։ (մանրամասն...)