Պիրուետ (ֆր.՝ pirouette, իտալ.՝ piroetta, նշանակում է պտույտ սեփական առանցքի շուրջ), կամ տուր (ֆր.՝ tour, անգլ.՝ turn, շրջվել), դասական պարի տերմին, որը նշանակում է պտույտ։ Տարբերվում են մեկ, երկու, ինչպես նաև` բազմաթիվ պտույտներ, որոնք իրագործվում են տարբեր վարժությունների օգնությամբ` օգնելով մարմնին պտտվել ինչպես գետնին (à terre), այնպես էլ` օդում (en l'air), թռիչքի ժամանակ։

Լավ և կայուն պտույտները բալետի արտիստի հիմնական և անհրաժեշտ հատկանիշներից են։

Տերմինի օգտագործում խմբագրել

Ի տարբերություն ֆրանսիական բալետային դպրոցի, որտեղ իտալական ծագման տերմիններն օգտագործվում են կամայականորեն` մայրենի լեզվին հավասար, ռուսերեն և անգլերեն տերմինաբանության մեջ իտալական «պիրուետը» և ֆրանսիական «տուրը» առանձնացվում են։ Որպես կանոն, պիրուետը պտույտն է կիսամատների վրա մեկ ոտքով` en dehors կամ en dedans ուղղություններով. միաժամանակ, մյուս ոտքը` ծալված ծնկով, գտնվում է sur le cou-de-pied դիրքերից մեկում` սրնքամսի կենտրոնում (այսպես կոչված փոքր պիրուետները) կամ passé դիրքում՝ ծնկի վրա։ Երկու ոտքով պտույտները հինգերրորդ դիրքում (soutenu, chaînés), մեծ կեցվածքում պտույտները, որտեղ ոտքը բարձրացված է ցանկացած բարձրության և ցանկացած ուղությամբ (grande pirouette / grand tour) և շարունակական պտույտները, որոնք կատարվում են մեկ ոտքով տեղում, առաջ անկյունագծով կամ շրջանով` անկախ մյուս ոտքի դրությունից, կոչվում են տուրեր։ Օդում տուրերը՝ (tours en l'air) մարմնի մեկ կամ ավելի ամբողջական պտույտով թռիչքներ են օդում։

Պտույտի ուղղություն խմբագրել

մեծ մասամբ պտույտները կատարվում են ինչպես en dehors (դեպի դուրս), այնպես էլ` en dedans (դեպի ներս)։ En dedans պտույտները կատարվում են հենվող ոտքի ուղղությամբ (այսինքն` աջ ոտքի վրա` դեպի աջ կամ` ձախ ոտքի վրա, դեպի ձախ)։ Որոշ վարժություններում ուղղությունը չի տրվում, օրինակ՝ հինգերորդ դիրքում ոտքերի փոփոխմամբ. tour soutenu-ն կարելի է կատարել միայն հետևում դրված ոտքի ուղղությամբ, իսկ tours chaînés-ն կատարվում է հաջորդաբար, կես պտույտներով, նախ en dedans, այնուհետև` en dehors:

Համակարգում խմբագրել

Շարժմանն օգնում է ձեռքերի ակտիվ աշխատանքը, որը թափ է տալիս պտույտին, այսպես կոչված, «վեր բարձրացումը»։ Կարևոր է նաև գլխի աշխատանքը. դրա շնորհիվ հետ մնացող, այնուհետև` առաջ անցնող հայացքը հնարավորինս երկար ֆիքսվում է ընտրած կետում։

2013 թվականին նյարդաբանները հետազոտություն են կատարել, որը ցույց է տվել, թե ինչպես է պարողների ուղեղն արձագանքում պտույտներին. որքան շատ է մարդը մարզված, այնքան ավելի արագ է ազդանշանն ականջից հասնում ուղեղին, որն էլ նվազեցնում է գլխապտույտը[1]։

Տուրերի քանակ խմբագրել

Բացի ամբողջական 360° պտույտներից կարող են լինել նաև կես պտույտներ (կեսպիրուետ, մեկուկես, 2 ½ տուռ և այլն), ինչպես նաև` այլ տարբերակներ։ Միևնույն ժամանակ, ոչ լրիվ պիրուետները աստիճանով չեն հաշվում, այլ` բալետային դահլիճի 8 կետերով։

Տղամարդկանց պարում խմբագրել

Մեծ թատրոնում իրենց բազմաթիվ փայլուն պիրուետներով հայտնի արտիստներն են Վլադիմիր Վասիլևը, Միխայիլ Լավրովսկին, Ալեքսանդր Գոդունովը։ Միխայիլ Բարիշնիկովը «Սպիտակ գիշերներ» (1985) ֆիլմում գրազով ցուցադրել է մեծ թվով պիրուետներ։ 1960-ական թվականներին պտույտները կատարվում էին ցածր կամ միջին կիսամատների վրա։ Համարվում է, որ բարձր կիսամատների վրա պիրուետների կատարման չափանիշը սահմանել է պարող Ռուդոլֆ Նուրիևը։

Կանանց պարում խմբագրել

Հին ֆրանսիական դպրոցում կանայք պիրուետները և այլ պտույտներ կատարում էին կիսամատների վրա, գործնականում չբարձրանալով պուանտների վրա։ Այս հին գիծը պահպանվել է մինչև մեր ժամանակները Դանիայի թագավորական բալետում, Ավգուստ Բուռնովիլի բալետային ժառանգությունում։

Պիրուետի հմուտ տեխնիկան զարգացրել են իտալացիները։ Ըստ քննադատ Բյուրլես Տեաթերձեիթունգի, արդեն 1831 թվականին Ֆանի Էսլերը, ավարտելով իտալական դպրոցը, «Կապույտ մորուք» բալետում մատների վրա կատարել է երկու պիրուետ։ «Նրա կրկնակի պիրուետները պուանտների վրա, նրա արտասովոր ուժը և տոկունությունը, նրա հմայքը, թեթևությունը և հստակությունը մեկ անբաժանելի ամբողջության մասնիկներն են»[2]։

Ըստ Շառլ Մորիսի Le courrier des spectacles (1846 թվական հունիսի 24) նշումների, Փարիզում առաջին անգամ երեք պիրուետ է ցուցադրել Սոֆիա Ֆուոկոն. «Նրա երեք պտույտները, որոնք դեռ ոչ ոքի չէր հաջողվել կատարել, անվանում էին գաղտնիք, որին տիրապետում էր միայն Ֆուոկոն»[2]։ Իր մատային տեխնիկայով բալետի պարուհին միաժամանակ ապշեցրել էր փարիզյան հասարակությանը, այդ պատճառով չի բացառվում, որ պիրուետները նա նույնպես կատարում էր մատների վրա։

1893 թվականի բալետի քննադատ Նիկոլայ Բեզոբրազովը «Պետերբուրգյան թերթում» Էնրիկո Չեկետիի և Լև Իվանովի «Մոխրոտ» բալետի պրեմիերայի առիթով գրել է. «Կրկնակի պիրուետը այլևս հազվագյուտ չեն»։ Սակայն դերասանուհի Պիերինա Լենիանին այնուամենյանիվ կարողացել է զարմացնել իր պտույտներով։ Գ. Լենյանին ասել է. «Այն, ինչ այս իտալացի բալետի պարուհին է անում և այնպես, ինչպես է անում, մենք դեռ չէինք տեսել. կանգնելով պուանտի վրա` կատարում է երեք անգամ մեկական տուր, և այնուհետև երկու տուր, և այս ամենը կատարում է չորս անգամ... Վերջին գործողության մեջ Լենիային դրականորեն գերազանցում է իրեն` կատարելով ոչ ավել, ոչ պակաս, քան 28 ֆուետե` և այս ամենը` տեղից մեկ սմ անգամ չտեղաշարժվելով»[3]:460:

Մեր օրերում կանայք սովորաբար մատների վրա կատարում են երկու, հազվադեպ նաև` երեք պիրուետ։ Պուանտների վրա իրենց կայունությամբ և տուրերի մեծ քանակությամբ (Մինչև 7-8 պտույտ) հայտնի բալետի պարուհիներն են Քեթրին Հիլին, Ջոյս Կուոկոն, Սոֆի Սիլվեն։

Սպորտում խմբագրել

Այս տերմինը նաև օգտագործվում է չիրլիդինգում, գեղասահքում և չմշկավազքում։ Նաև օգտագործվում է ձիասպորտում, որի տերմինաբանությունը ստեղծվել է բալետի տերմինաբանության հետ միաժամանակ. պիրուետն այստեղ նշանակում է ձիու պտույտը հետևի վերջույթների շուրջ։ Նաև պիրուետը պիլոտաժային մանյովր է, որտեղ ուղղագիծ թռիչքի ժամանակ թռչող սարքը պտտվում է երկայնական առանցքի շուրջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Do ballerinas get dizzy performing pirouettes? // BBC, 27 сентября 2013.
  2. 2,0 2,1 В. М. Красовская Западноевропейский балетный театр. Очерки истории. Романтизм. — М.: Артист. Режиссёр. Театр, 1996. — 432 с.
  3. В. М. Красовская Русский балетный театр второй половины XIX века. — Л.: Искусство, 1963. — 552 с.

Գրականություն խմբագրել

  • Пируэт \\ Большая советская энциклопедия. - Советская энциклопедия, 1926-1990
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրուետ» հոդվածին։