Պիղատոս Պոնտացի
Պիղատոս Պոնտացի, Պիղատոս Պnնտիուս (անգլ.՝ Pontius Pilatus, ենթդ․ դեկտեմբեր մ. թ. ա. 12[1], Աբրուցցո, Հռոմեական կայսրություն - ոչ վաղ քան 38), հռոմեական կառավարիչ Հուդա նահանգում մ․ թ․ 26-36 թվականներին։ Ըստ անտիկ հեղինակների, վարել է հարկային դաժան քաղաքականություն, անարգել հրեաների կրոնական հավատալիքներն ու սովորույթները, անխնա ճնշել ժողովրդական ապստամբությունները։ Համաձայն Հովսեպոս Փլավիոսի և նոր-կտակարանային ավանդության՝ Պիղատոս Պոնտացին, հակառակ իր ներքին համոզմունքի, Հիսուս Քրիստոսին դատապարտել է խաչելության։ Արյունահեղության մեջ անմեղությունը խորհրդանշող հին հրեական սովորույթի համաձայն՝ Պիղատոս Պոնտացին ժողովրդի առջև ձեռքերը ջրով լվացել է (այստեղից էլ՝ «ձեռքերը լվանալ» հայտնի արտահայտությունը)։ Արյունոտ հաշվեհարդարի ենթարկված սամարիացիների բողոքով 36 թվականին հեռացվել է պաշտոնից և ուղարկվել Հռոմ՝ պատասխանատվության։ Նրա հետագա ճակատագիրն ստույգ հայտնի չէ (համաձայն Եվսեբիոս Կեսարացու՝ ինքնասպան է եղել, ըստ այլ հաղորդումների՝ նրան մահապատժի է ենթարկել Ներոն կայսրը)։ Պիղատոս Պոնտացու հանդեպ քրիստոնեության սկզբնական թշնամանքն աստիճանաբար անցել է, և «զղջացող» ու «քրիստոնեություն ընդունող» Պիղատոս Պոնտացին մտել է մի շարք նորկտակարանային պարականոններում, կնոջ հետ միասին նույնիսկ սրբացվել ղպտական եկեղեցուց։ Պիղատոս Պոնտացու կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության մեջ (Մ. Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Ա. Ֆրանսի «Հուդայի կառավարիչը») և կերպարվեստում (Ռեմբրանդտի «Քրիստոսը Պիղատոսի առջև» և այլն)։
Պիղատոս Պոնտացի լատիներեն՝ Pontius Pilatus | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ենթդ․ դեկտեմբեր մ. թ. ա. 12[1] |
Ծննդավայր | Աբրուցցո, Հռոմեական կայսրություն |
Մահացել է | ոչ վաղ քան 38 |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պաշտոնյա |
Ամուսին | Pontius Pilate's wife? |
Զբաղեցրած պաշտոններ | ռոմանական կառավարիչ |
![]() |
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 296)։ |