Պիկասոյի թանգարան (Բարսելոնա)
Պիկասոյի թանգարան (կատ.՝ Museu Picasso), գեղարվեստական թանգարան Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում, որի հավաքածուի մեջ մտնում են նկարչի վաղ շրջանի գործերը` ստեղծված 1895-1904 թվականներին։ Դրանց մեջ առանձնանում է «Մենիններ» (իսպ.՝ Las Meninas) շարքը, որը Վելասկեսի համանուն նկարի վարիացիան է։ 2013 թվականի մարտի 9-ին թանգարանը նշել է 50-ամյակը։
Պիկասոյի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բարսելոնա և Sant Pere, Santa Caterina i la Ribera? |
Կազմված է | Laie Museu Picasso? |
Ղեկավարության նստավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Հասցե | Carrer de Montcada? (15-23) |
Հիմնադրվել է | 1963 |
Մակերես | 11 500 քառակուսի մետր |
Այցելուներ | 1 045 837 մարդ (2010) և 1 061 107 մարդ (2009) |
Տնօրեն | Emmanuel Guigon?[1] |
Կայք | museupicasso.bcn.cat(կատ.) և museupicasso.bcn.cat/en/(անգլ.) |
![]() | |
![]() |
Թանգարանը, որը ստեղծվել է Պաբլո Պիկասոյի քարտուղար ու մտերիմ ընկեր Խայմե Սաբարտեսի նվիրած հավաքածուի հիման վրա, այցելուների համար բացվել է 1963 թվականին[2]։ Այն տեղակայված է 15-րդ դարի պալատական համալիրում` Բերենգեր դ՛Ագիլարի պալատում, որ հայտնի է հին ներքին բակերով։
ՊատմությունԽմբագրել
Թանգարանը հիմնելու գաղափարը եղել է Պիկասոյի քարտուղար ու ընկեր Խայմե Սաբարտեսինը, ում Պիկասոն բազմաթիվ նկարներ, փորագրություններ էր նվիրել` սկսած 1935 թվականից։ Սկզբում Սաբարտեսը որոշել էր թանգարան հիմնել Պիկասոյի ծննդավայր Մալագայում, սակայն Պիկասոն ինքն է առաջարկել, որ թանգարանը հիմնվի Բարսելոնայում, քանի որ քաղաքի հետ հին կապեր է ունեցել։
1960 թվականի հուլիսի 27-ին Սաբարտեսը թանգարան հիմնելու մասին համաձայնագիր է կնքել Բարսելոնայի հետ։ Թանգարանը բացվել է 1963 թվականին։ Հավաքածուի հիմքում եղել են Սաբարտեսի նվիրաբերած 547 աշխատանքները։ Հավաքածուն ներառում է նաև Պիկասոյի` Բարսելոնային նվիրած աշխատանքներից և Պիկասոյի ընկերների ու նրա գործերի հավաքորդների նվիրաբերած այլ նմուշներ[3]։ Թանգարանը բացվել է Սաբարտեսի հավաքածու անունով, քանի որ Պիկասոն խիստ քննադատում էր Ֆրանկոյի ռեժիմը։ Թանգարանը բացվել է Մոնտկադա փողոցի Պալաու Ագիլար շենքում։ Այս շրջանում հավաքածուն բաղկացած էր Սաբարտեսի անձնական հավաքածուից։ Հետագայում հավաքածուն համալրվում է նոր նվիրատվություններով` ներառյալ 1899-1904 թվականներին թվագրվող 7 նկարները, որ նվիրաբերել է Սեբաստիան Վիդալը։
Մշտական հավաքածուԽմբագրել
Մշտական հավաքածուն բաղկացած է երեք բաժիններից` գեղանկարչություն ու գծանկարչություն, փորագրություն և խեցեգործություն։ Դրանք հիմնականում ներկայացնում են նկարչի գործունեության վաղ, այսպես կոչված` «Երկնագույն շրջանը» (1901-1904), սակայն Պիկասոն, նրա ընտանիքն ու ընկերները նվիրաբերել են նաև ուշ շրջանի աշխատանքներ։ Ներկայումս թանգարանում հաշվվում է ավելի քան 3.500 աշխատանք, որոնք կազմում են թանգարանի հիմնական հավաքածուն[4]։
Հավաքածուն ներառում է վաղ տարիները (Մալագա, Կորունա, Բարսելոնա, 1890-1897), ուսումնառության շրջանը (Բարսելոնա, Օրտա դե Սան Խուան, Մադրիդ, 1897-1901), «Երկնագույն շրջանը» (1901-1904), Բարսելոնայի շրջանը (1917), «Մենիններ» շարքը (1957)։ Թանգարանի նմուշների մեծ մասը վերաբերում է 1890-1917 թվականներին։ Թանգարանում քիչ են աշխատանքները, որոնք 1917-ից հետո են ստեղծվել։ Բացառություն է «Մենիններ» շարքը (1957)։ Վիմագրության հավաքածուն ընդգրկում է 1962-1982 թվականների աշխատանքները։ Պիկասոն ինքը թանգարանին է տրամադրել իր բոլոր աշխատանքների կրկնօրինակները, որոնք ստեղծվել են Սաբարտեսի մահից հետո։ 1968 թվականից սկսած` հավաքածուն ներառում է նաև նկարազարդումներ, որոնք հեղինակն արել է տարբեր գրքերի համար, ինչպես նաև խեցեգործական նմուշներ, որ թանգարանին է նվիրել նկարչի այրին` Ժակլինը։
2009-2010 թվականներին թանգարանն իր կայքում սկսել է հրապարակել մշտական հավաքածուի նմուշները։ 2010 թվականի սեպտեմբերի տվյալներով հավաքածուի մոտ 65 %-ը հասանելի է համացանցում դիտման համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Presentació del nou director del Museu Picasso de Barcelona
- ↑ DDAA (1979). Singular Museum of Catalonia Chapter of the Picasso Museum. New York: Editorial DIAFORA. ISBN 84-85205-33-2.
- ↑ «Timeline of the collection site to the Picasso Museum» (Catalan)։ 2007։ Վերցված է նոյեմբերի 6, 2013
- ↑ «Visiting Barcelona on a Budget»։ secrethotels.eu։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-05-ին։ Վերցված է 2013-11-07
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պիկասոյի թանգարան (Բարսելոնա) կատեգորիայում։ |