Պալ Չեռնաի (հունգ.՝ Pál Csernai, հոկտեմբերի 21, 1932(1932-10-21)[1], Պիլիշ, Monor District, Պեշտ-Պիլիշ-Շոլթ-Քիշկուն, Հունգարիայի Թագավորություն - սեպտեմբերի 1, 2013(2013-09-01)[2][1], Բուդապեշտ, Հունգարիա[3][4], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ և մարզիչ, «զոնային պաշտպանություն» պաշտպանական ռազմավարության հեղինակ։ Նրա նախնիները Տրանսիլվանիայում բնակվող Սեկեի ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են, իսկ նրա ազգանունը նշանակում է «Չերնայից եկած»։

Պալ Չեռնաի
հունգ.՝ Pál Csernai
Անձնական տվյալներ
Ազգությունը հունգար
Քաղաքացիությունը  Հունգարիա
Մականուն Կամակոր օրիորդ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 21, 1932(1932-10-21)[1]
Ծննդավայր Պիլիշ, Monor District, Պեշտ-Պիլիշ-Շոլթ-Քիշկուն, Հունգարիայի Թագավորություն
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 1, 2013(2013-09-01)[2][1] (80 տարեկան)
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա[3]
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Հունգարիա Չեպել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1952-1956 Հունգարիա Չեպել
1956-1958 Արևմտյան Գերմանիա Կառլսրուե 28 (6)
1958-1959 Շվեյցարիա Լա Շո դե Ֆոն
1959-1965 Արևմտյան Գերմանիա Շտուտգարտեր Կիկերս 113 (11)
1965-1966 Շվեյցարիա Բլաու Վեյս Ցյուրիխ
Ազգային հավաքական
1955 Հունգարիա Հունգարիա 2 (0)
Մարզչական կարիերա
1968-1970 Արևմտյան Գերմանիա Վակեր-04
1970-1971 Արևմտյան Գերմանիա Ռոյտլինգեն
1971-1972 Բելգիա Ռոյալ (Անտվերպեն)
1973-1977 Արևմտյան Գերմանիա Հյուսիսային Բադեն
1977 Արևմտյան Գերմանիա Այնտրախտ (Ֆրանկֆուրտ) օգնական
1977-1978 Արևմտյան Գերմանիա Բավարիա օգնական
1978-1983 Արևմտյան Գերմանիա Բավարիա
1983-1984 Հունաստան ՊԱՕԿ
1984-1985 Պորտուգալիա Բենֆիկա
1985-1986 Արևմտյան Գերմանիա Բորուսիա (Դորտմունդ)
1987-1988 Թուրքիա Ֆեներբախչե
1988 Արևմտյան Գերմանիա Այնտրախտ (Ֆրանկֆուրտ)
1990 Շվեյցարիա Յանգ Բոյզ
1990-1991 Գերմանիա Գերտա
1993-1994 Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
1994-1995 Հունգարիա Շոպրոն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Պալ Չեռնաին իր ֆուտբոլային կարիերան սկսել է հունգարական «Չեպել» ակումբում և երկու անգամ հրավիրվել է մասնակցելու Հունգարիայի ազգային հավաքականի խաղերին, չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակաշրջանը Հունգարիայում խաղում էր ֆուտբոլիստների «ոսկե սերունդը» (ներառյալ Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը և այլք), այնինչ «Չեպելն» այդ տարիներին երկրի առաջնությունում զբաղեցնում էր վերջին հորիզոնականները, իսկ 1953 թվականին հազիվ է մնում հունգարական բարձրագույն լիգայում՝ 14 մասնակիցների շարքում զբաղեցնելով 11-րդ տեղը։

1956 թվականին՝ Հունգարական հեղափոխության ճնշումից հետո, Չերնաին իր շատ հայրենակիցների նման լքում է Հունգարիան։ Նա մեկնում է Շվեյցարիա, ապա տեղափոխվում Արևմտյան Գերմանիա, որտեղ մինչև 1958 թվականը խաղում է «Կառլսրուե» ակումբում։ Հետագայում Չերնաին մեկնում է Շվեյցարիա, որտեղ խաղում է «Լա Շո դե Ֆոն» ակումբում, որի կազմում մասնակցում է Շվեյցարիայի առաջնությանը՝ զբաղեցնելով 7-րդ տեղը։

1959 թվականին Չեռնաին վերադառնում է ԳՖՀ և միանում «Շտուտգարտեր Կիկերս»[5] ակումբին, որը նոր էր դուրս եկել Բունդեսլիգա։ Նոր ակումբի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանն անհաջող էր Չերնաիի համար. ակումբը կրկին տեղափոխվում է գերմանական երկրորդ դիվիզիոն։ Շտուտգարտում գտնվելու տարիներին Չերնաին ֆուտբոլուց բացի ունեցել է սեփական «Պուստա» սրճարանը և զբաղվել է ավտոտնակների վարձույթով։

1965 թվականին Պալ Չեռնաին տեղափոխվել է շվեյցարական «Բլաու Վեյս Ցյուրիխ» ակումբ, որտեղ խաղացել է շատ կարճ ժամանակ։ Շվեյցարական ակումբում խաղալու ընթացքում Չերնաին սովորել է մարզչի մասնագիտությունը և մարզչի դիպլոմ է ստացել Մագլինգենի Սպորտային դպրոցում։

Մարզչական խմբագրել

Իր մարզչական կարիերան Պալ Չեռնաին սկսել է Արևմտյան Գերմանիայի «Վակեր-04» ակումբում, որն այն ժամանակ հանդես էր գալիս Բեռլինի երկրորդ լիգայում։ Չեռնաիի գլխավորությամբ անցկացված երկու տարիների ընթացքում ակումբն զբաղեցրել է 4-րդ և 5-րդ տեղերը համապատասխանաբար։ Այնուհետև հունգարացին գլխավորել է Ռոյտլինգեն քաղաքի համանուն ակումբը, որ հանդես էր գալիս տարածաշրջանային լիգայի երկրորդ դիվիզիոնում և զբաղեցրել է 15-րդ տեղը։ Դրանից հետո Չերնաին դարձել է Բելգիայի Անտրվեպեն քաղաքի «Ռոյալ» ակումբի մարզիչը, սակայն հեռացվել է պաշտոնից նախքան մրցաշրջանի ավարտը։ Բելգիայից ԳՖՀ վերադառնալուց հետո Չերնաին չորս տարի գլխավորել է Հյուսիսային Բադենի հավաքականը, որի հետ նվաճել է իր առաջին տիտղոսը՝ Սիրողական թիմերի գերմանական գավաթը. եզրափակչում «Բադենը» խաղացել է Ներքին Ռեյնի հավաքականի դեմ, խաղն ավարտվել է 1:1 հաշվով, կրկնախաղին Ներքին Ռեյնի հավաքականը չի ժամանել, և գավաթը բաժին է հասել Բադենին։

1977 թվականի հուլիսի 1-ին Պալ Չեռնաին դառնում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ակումբի գլխավոր մարզիչ Դյուլա Լորանտի օգնական։ Լորանտն ակումբը գլխավորում էր 1976 թվականի նոյեմբերից։ Կես տարի անց նա կրկին դառնում է Լորանտի օգնականը «Բավարիա» ակումբում, ուր տեղափոխվել էր Լորանտը գերմանական ֆուտբոլի պատմության մեջ տեղի ունեցած մարզիչների միակ փոխանակության արդյունքում։ Սակայն Լորանտն ակումբում երկար չի մնում. նա հեռացվում է պաշտոնից «Ֆորտունա» ակումբի դեմ խաղում 1:7 հաշվով պարտությունից հետո, իսկ մինչ այդ ակումբը բունդեսլիգայում զբաղեցրել էր միայն 12-րդ տեղը։ Լորանտի հեռանալուց հետո ակումբի գլխավոր մարզիչ է դառնում Չերնաին։

Չերնաին հենց սկզբից նշանակվել էր ժամանակավոր մարզիչ, և «Բավարիայի» նախագահ Վիլհելմ Նոյդեկերն ու ակումբի մենեջեր Ռոբերտ Շվանը փնտրել են այլ մարզիչ, բայց ակումբի ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ, և խաղացողներին առաջարկել են, որ նրանք ընտրեն մարզչին։ Խաղացողները քվեարկել են Չերնաիի օգտին։ Այդ իրադարձությունները լուսաբանվել են լրագրողների կողմից, և արդյունքում 1979 թվականի մարտի 1-ին Չերնաին դարձել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ։ Մրցաշրջանի ավարտին Չերնաին իր ակումբի հետ զբաղեցրել է չորրորդ տեղը։ Մեկ տարի անց ակումբը հինգ տարվա ընդմիջումից հետո հաղթել է Գերմանիայի առաջնությունում, մամուլում հիացական արձագանքներ են հնչել պաշտպանական նոր սխեմայի վերաբերյալ, որ այդ ժամանակ կոչվել է «Պալի համակարգ» (հետագայում այն անվանել են «զոնային պաշտպանություն»)։ Նույն թվականին Չերնաիի գլխավորությամբ ակումբը հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Հաջորդ մրցաշրջանում «Բավարիան» պաշտպանել է իր տիտղոսը, հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է «Լիվերպուլին»։ Մյուս մրցաշրջանում «Բավարիան» զբաղեցրել է երրորդ տեղը, սակայն դարձել է ԳՖՀ գավաթակիր՝ 4:2 հաշվով հաղթելով «Նյուրնբերգին»։ Մեկ տարի անց «Բավարիան» հանդես է եկել ավելի վատ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը, իսկ ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթի առաջնությունում դուրս է մնացել դեռ քառորդ եզրափակչից։ Դրանից հետո Չերնաին հեռացվել է պաշտոնից։

«Բավարիայից» հետո Չերնաին գլխավորել է հունական «ՊԱՕԿ» ակումբը, որը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության ընթացքում հանդիպել է «Բավարիայի» հետ. երկու խաղերի ընթցաքում ոչ մի գոլ չի խփվել, և հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի արդյունքում գերմանացիները հաղթել են 9:8 հաշվով։ Մրցաշրջանի ավարտին Չերնաին Հունաստանից տեղափոխվել է Պորտուգալիա։ Այնտեղ նա գլխավորել է «Բենֆիկա» ակումբը, որի հետ դարձել է Պորտուգալիայի գավաթակիր՝ եզրափակչում 3:1 հաշվով հաղթելով «Պորտուին»։ Սակայն առաջնությունում ակումբն զբաղեցրել է երրորդ տեղը։ Դրանից բացի՝ մարզիչը խնդիրներ ուներ ակումբի առաջատար խաղացողների հետ և ստիպված է լինում հեռանալ Լիսաբոնից։

Վերադառնալով ԳՖՀ՝ Չերնաին գլխավորում է Դորտմունդի «Բորուսիա» ակումբը, որ երկրի առաջնությունում զբաղեցնում էր վերջին հորիզոնականներից մեկը։ Չերնաին չի կարողանում փրկել ակումբը երկրորդ բունդեսլիգա տեղափոխվելուց։ 1987 թվականի սեպտեմբերին Չերնաին դառնում է թուրքական «Ֆեներբախչե» աումբի մարզիչը, սակայն ակումբի հետ Թուրքիայի առաջնությունում զբաղեցնում է միայն 8-րդ տեղը, ինչն այդ առաջնությունում ակումբի ամենավատ արդյունքներից մեկն է նրա ողջ պատմության ընթացքում։ Այնուհետև Չերնաին գլխավորում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ակումբը, որին փրկում է բունդեսլիգայից դուրս մնալուց, սակայն մրցաշրջանի ընթացքում նրան փոխարինում է այլ մարզիչ, որի հետ ակումբը տեղափոխվում է գերմանական երկրորդ դիվիզիոն։

«Այնտրախտից» հեռանալուց մեկ տարի անց Չերնաին սկսում է աշխատել շվեյցարական «Յանգ Բոյզ» ակումբի հետ, որն զբաղեցնում է միայն 8-րդ տեղը, և մրցաշրջանի ավարտին Չերնաիին հեռացնում են պաշտոնից։ 1990 թվականի նոյեմբերին նա դառնում է «Գերտա» ակումբի մարզիչ, սակայն ակումբի հաջող խաղերին հաջորդում են պարտությունները, և առաջնության 20-րդ տուրից հետո մարզչին հեռացնում են։

1993 թվականին Չերնաին առաջին անգամ դառնում է հավաքականի մարզիչ՝ գլխավորելով Հյուսիսային Կորեայի հավաքականը։ Սակայն հունգարացուն չի հաջողվում հավաքականին դուրս բերել 1994 թվականի աշխարհի առաջնություն։ Չերնաիի մարզչական կարիերայի վերջին ակումբը դառնում է հունգարական «Շոպրոնը», որը նա գլխավորել է 1994 թվականի հոկտեմբերից 1995 թվականի ապրիլ, երբ ակումբն առաջնությունում զբաղեցրել է վերջին տեղը։

Ձեռքբերումներ խմբագրել

  • ԳՖՀ սիրողական գավաթ - 1973
  • ԳՖՀ չեմպիոն - 1980, 1981
  • Գերմանիայի գավաթակիր - 1982
  • Պորտուգալիայի գավաթակիր - 1985

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել