Չանոյու (ճապոներեն՝ 茶の湯), թեյախմության արարողություն Ճապոնիայում, որը դասվում է ինքնօրինակ, եզակի արվեստների շարքը։ Հոգևոր ու հասարակական կյանքում այն էական դեր է խաղում արդեն մի քանի դար շարունակ։

Տյանոյու

Չանոյուն կարգավորված ծես է, որին մասնակցում են թեյի վարպետը, որը թեյ է պատրաստում և լցնում գավաթները, և նրանք, որոնք ներկա են լինում ծեսին և խմում թեյը[1]։

Ծեսի ժամանակ ամեն մեկն ունի իր վարվելաոճը, որն ընդգրկում է թե՛ նստելադիրքը, թե՝ բոլոր շարժումները, թե՛ դեմքի արտահայտությունը, թե՛ խոսելաձևը։ Չանոյուի գեղագիտությունը ենթարկվում է ձեն-բուդդայականության կանոններին։

Ավանդազրույց չանոյուի մասին խմբագրել

Ավանդազրույցի համաձայն, չանոյուն սկիզբ է առնում Չինաստանից՝ բուդդայականության առաջին պատրիարք Բոդհիդհարմայի ժամանակներից։ Մի անգամ, ասվում է զրույցում, մեդիտացիայի մեջ նստած, Բոդհիդհարման զգաց, որ աչքերը փակվում են և հակառակ իր կամքի նիրհում է։ Այդ ժամանակ, զայրացած իր վրա, նա պոկում է կոպերն ու նետում գետին։ Շատ չանցած այդ տեղում բուսնում է մի տարօրինակ թուփ՝ հ յութալի տերևներով։ Ավելի ուշ Բոդհիդհարմայի աշակերտները սկսեցին թրմել այդ տերևները տաք ջրում, և ըմպելիքն օգնեց պահպանել առույգությունը[2]։

Չանոյուի առաջացումը խմբագրել

Թեյախմության արարողությունը Չինաստանում առաջացել է բուդդայականության սկզբնավորումից շատ առաջ։ Շատ աղբյուրների համաձայն՝ այն մտցրել է Լաո Ցզին։ Հենց Լաո Ցզին էլ մոտավորապես մ. թ. ա. 5-րդ դարում, ըստ ավանդապատումների, առաջարկել է մի գավաթ «ոսկեգույն կենսահեղուկի» ծեսը, որը Չինաստանում ծաղկում ապրեց ընդհուպ մինչև մոնղոլական արշավանքը։ Ավելի ուշ չինացիները «ոսկեգույն կենսահեղուկի» արարողությունը հանգեցրին թեյաթփի չորոցրած տերևները հասարակ ձևով թրմելուն։ Հենց այս եղանակն է այսօր օգտագործվում մեր կենցաղում։ Սակայն ճապոնացիները, որ հաջողությամբ փրկվել էին մոնղոլների արշավանքից, շարունակեցին կատարելագործել թեյախմության արվեստը, այն լրացնելով հատուկ արարողություններով։

Հնուց ի վեր չանոյուն եղել է ճապոնացի փիլիսոփաների ու արվեստագետների հանդիպումների անփոփոխ բաղկացուցիչը, որի ժամանակ ասվել են իմաստուն ճառեր, ընթերցվել բանաստեղծություններ, քննարկվել արվեստի ստեղծագործություններ։ Ընդ որում, ամեն դեպքի համար հատուկ ընտրվել են ծաղկեփնջեր և թեյը թրմելու հատուկ աման։ Հետզհետե ծիսակարգն ընդգրկել է հասարակության տարբեր խավերին։ Թեյը Ճապոնիա է բերվել 1191 թվականին, ոմն բուդդայական վանականի կողմից։ Սկզբնական շրջանում ըմպելիքն օգտագործվում էր բացառապես կրոնածիսական արարողության ժամանակ։ 16-17 դդ այն տարածվեց ճապոնական արիստոկրատիայի, սամուրայների շրջանում։ Չանոյուն որպես արվեստ դարձավ առօրյա հոգսերից ազատվելու յուրօրինակ եղանակ։

Թեյատնակներ (Տյասիցու) խմբագրել

 
Տյասիցու

Չանոյուն դասական ձևով սկսեց կիրառվել հատուկ թեյատնակներում՝ տյասիցուներում։ Գրական աղբյուրներում նշված է, որ առաջին տյասիցուն կառուցվել է 1473 թվականին։ Տյասիցուները նման էին արևելյան իմաստունների անշուք հյուղակներին, որոնք ծայրաստիճան համեստ էին ինչպես արտաքինով, այնպես էլ ներքին կահավորմամբ։ Հասարակ հարդարանքը ստեղծում էր գեղեցկի գերագույն զգացում։ Որպես զարդարանք թույլատրվում էին միայն փիլիսոփայական ասույթով գլանաթուղթ, հին նկարչի նկար և ծաղկեփունջ։

Տյասիցուի կառուցվածքն ու թեյախմության արարողությունը մշակել են Չանոյուի անվանի վարպետներ Ձյոոն (1503 -1555) և Սենո Սուեկին (1521 - 1591)։ Վերջինը հռչակված է Ռիկյու անունով։

Չանոյուի բոլոր անվանի վարպետները ձեն-բուդդայականության հետևորդներ էին։ Թեյախմության արարողությունն ու տյասուցուի կառուցվածքը արտացոլում է ձենի հիմնական գաղափարները։ Թեյախմության սենյակի (սուկիա) մակերեսը մոտ ութ քառակուսի մետր է։ Սուտրաների դրույթների համաձայն, մի անգամ այդպիսի մեծությամբ սենյակում կարողացել են տեղավորել Բուդդայի ութսունչորս հազար աշակերտներ։ Այս այլաբանության հիմքում բուդդայականության՝ այն բանը ժխտող տեսությունն է, որ ճշմարիտ «պայծառացումները» մարմնի կշիռ ու ծավալ չունեն։

Ռիկյուի ժամանակներից թեյատնակները շրջապատվում են փոքրիկ պարտեզով։ Այգին, «թեյի վարպետի» կարծիքով, պետք է նպաստի հատուկ տրամադրության բարձրացմանը, առանց որի արարողությունն անիմաստ կլինի։ Դեպի տյասիցու տանող, խոշոր քարերով սալարկված նեղ ճանապարհին սկսվում է մեդիտացիայի առաջին փուլը. մարդ այդ պահին թողնում է բոլոր աշխարհիկ հոգսերը և կենտրոնանում իրեն սպասող ծեսը կանխավայելելու համար։ Տյասիցուին մոտենալու հետ կենտրոնացումն ուժեղանում է, սկսվում է մեդիտացիայի երկրորդ փուլը։ Դրան նպաստում է եռացող ջրի քլքլթ հնամենի լապտերը, որը աղոտ լուսավորում է արահետը իրիկնային ու գիշերային ժամերին, քարե ջրհորը (ցուկուբաի), որի մեջ ջուր է պահվում ձեռքերը լվանալու և բերանը ողողելու համար։ Տյասիցուի դռան բարձրությունը 90 սմ է, որը անցնում են ծնկաչոք։ Ներս մտնողները խոր գլուխ են տալիս և ճապոնական ձևով նստում։ Ընդառաջ է գալիս տանտերը, իր հերթին խոնարհ գլուխ տալով հյուրերին։ Լսվում է եռացող ջրի քլքլթոցը և սկսվում է մեդիտացիայի երրորդ փուլը։

Արարողակարգը խմբագրել

Եփվում է հատուկ՝ կանաչ թեյափոշի։ Դասական տյասիցուում ջուրը եռացնում են սակուրայի ածուխներով։ Թուրմը գավաթի մեջ խառնում են հնդեղեգե վրձնով, ստացվում է բավական թանձր փրփրահեղուկ։ 16-րդ դարում առաջ եկան արարողության հարյուր տարբեր կանոններ, որոնք պահպանվում են նաև հիմա։ Տարբերությունները վերաբերում են ծաղիկների փնջավորմանը, ջուր եռացնելուն, թեյ թրմելուն, ըմպելիքը լցնելուն և այլն։ Բոլոր այս տարատեսակների նպատակն է բնականոնություն կամ Չանոյու արվեստի զգացողություն՝ առանց արհեստականության։

Երբ Ռիկյուին հարցրել են, թե ինչպես է հասել իր վարպետությանը, պատասխանել է. «Շատ պարզ։ Եռացնում եք ջուրը, թրմում թեյը, ստանում անհրաժեշտ համը։ Չմոռանաք ծաղիկները, դրանք պետք է թարմ երևան։ Այնպես արեք, որ ամռանը զով լինի, ձմռանը հաճելի ջերմություն։ Ահա և բոլորը»։ Իսկ հետո ավելացրել է. «Ցույց տվեք ինձ այն մարդուն, որը հասել է այդ ամենին, և ես հաճույքով նրա աշակերտը կդառնամ»[3]։

Թեյախմության արարողության խորհուրդը, ասում են, բացահայտում է Ռիկյուի հայտնի ասույթը՝ «Չանոյուն գեղեցիկի պաշտամունքն է առօրյայի գործ լույսով»։

Ժամանակակից պայմաններում այս պաշտամունքին հետևելը միշտ չէ, որ հնարավոր է։ Կյանքի բուռն զարգացումները կլանում են մարդկանց, և թվում է, թե ճապոնացին գործ չունի ավանդույթի հետ։ Բայց սա չի վերաբերում թեյախմության արարողությանը, այն հաստատունորեն շաղկապվել է Ճապոնիայի կյանքին ու կենցաղին։ Բայց մեր ժամանակներում արարողությունը բաժանվել է «իսկականի» և «պարզեցրածի»[4]։

«Իսկականի» դեպքում խստորեն պահպանվում են ավանդական ձևերը, ներառյալ տյասիցուի օգտագործումը։ Նստում են միայն կրունկներին, խոսակցություն վարում միայն դասական արարողության շրջանակներում։ «Պարզեցրած» արարողությունը հաճախ կատարվում է սովորական սենյակներում, անգամ դրվում են սեղաններ ու աթոռներ։

Թեյախմությունից 2-3 օր առաջ հրավիրվածները շնորհակալություն են հայտնում տանտիրոջից ուշադրության համար։ Թեյախմության օրը հյուրերը նշված ժամից 15-20 րոպե առաջ հավաքվում են հատուկ հատկացված փոքրիկ սենյակում և ընտրում պատվավոր հյուր (սյոկյակու), որպիսին սովորաբար լինում է ավելի բարձր դիրք ունեցողը կամ տարքով մեծը։ Նաև ստույգ որոշվում է հաջորդ ստորակարգությունը՝ ով պետք է լինի երկրորդը, երրորդը և այլն։ Այս կարգով էլ հյուրերը լվանում են ձեռքերը, մտնում արարողության սենյակը և զբաղեցնում իրենց համար նախատեսված տեղը։

Պաշտոնական թեյախմությանը նախորդում է կայսեկին՝ հյուրասիրություն բազմատեսակ ուտեստներով՝ ապուրներ, բրինձ, ձուկ, համեմունքով կարտոֆիլ և այլն։ Հյուրերին առաջարկվում է նաև սակեի փոքր բաժին։ Ամեն ինչից ուտում են շատ քիչ, այլապես թեյախմության արարողությունը անիմաստ կլինի։

Թեյախմությունը սկսում է թանձր թեյից։ Թունդ թեյից հետո մատուցվում է բաց թեյը։

Ճապոնիայում գոյություն ունեն թեյախմության արարողության բազմաթիվ ձևեր, սակայն խստիվ սահմանված են մի քանիսը՝ գիշերաթեյը, արևածագի թեյը, իրիկնաթեյը, վաղորդյան թեյը, հետճաշյա թեյը, հատուկ թեյը[5]։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Н. Т. Федеренко (1960). Японские записки. Москва. էջ страница 280.
  2. Վ.Ա.Պրոննիկով, Ի.Դ.Լադանով (1989). Ճապոնացիները. «Հայաստան»: Երևան. էջ 231.
  3. Ross N.W. (1960). The World of Zen. N.Y. էջ p. 131. {{cite book}}: |page= has extra text (օգնություն)
  4. Г. Навлицкая (1979, н. 3). Чайная церемония-поклонение. Азия и Африка сегодня.
  5. Վ.Ա.Պրոննիկով, Ի.Դ.Լադանով (1989). Ճապոնացիները. «Հայաստան»: Երևան. էջ 236-237.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանոյու» հոդվածին։