Վարդգես Շողերյան
Վարդգես Հարությունի Շողերյան (մայիսի 5, 1916, Բանիկ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 4, 1994, Երևան, Հայաստան), հայ խորհրդային դրամատուրգ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1944), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Վարդգես Շողերյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1916 |
Ծննդավայր | Բանիկ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 4, 1994 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դրամատուրգ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1953) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վարդգես Շողերյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Վարդգես Շողերյանը ծնվել է 1916 թվականի մայիցի 5-ին, Սուրմալուի գավառի Փանիկ գյուղում։ 1918 թվականին ընտանիքով գաղթել և բնակություն է հաստատել Երևանում։ Մինչև 1924 թվականը եղել է ամերիկյան որբանոցում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և ջրաշինարարական տեխնիկումը։ Շուրջ տասը տարի աշխատել է Երևանի քաղսովետի գործկոմում որպես տեխնիկ, գույքերի սեկտորի վարիչ։ Աշխատանքին զուգընթաց սովորել է թատերական քառամյա ստուդիայում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1941-1942 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1949 թվականին ավարտել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանը, 1951 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1953 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը (էքստեռն), որից հետո աշխատել է Երևանի Վ. Ի. Լենինի անվան էլեկտրամեքենաշինական գործարանի բազմատպաքանակ թերթում որպես խմբագիր, «Սովետական Հայաստան» ամսագրում որպես բաժնի վարիչ, «Ավանգարդ» թերթում որպես գրական աշխատող։ 1962-1977 թվականներին աշխատել է Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ 1977 թվականից անհատական թոշակառու է։ Անդրկովկասի թատրոնները բեմադրել են Շողերյանի առաջին գործը «Գնացք» պատմահեղափոխական պիեսը, որին հաջորդել են «Մելիք Ադամ», «Մի օր հոսպիտալում», «Մեծ սիրտը», «Հայրենիքի դուստրը» և այլ երկեր։ «Մայրեր և որդիներ» դրաման պատկերում է ծնողների ու որդիների փոխհարաբերությունը մեր ժամանակներում, իսկ «Դժվարին օրեր»-ը՝ գյուղի սոցիալիստական վերափոխումը։ Շողերյանը հեղինակ է նաև «Եռապատում» (նվիրված 1918 թ. Սարդարապատի հերոսական ճակատամարտին), «Դատից առաջ», «Ես քո խիղճն եմ» և այլ դրամաների։ Նրա թատերգությունները բեմադրվել են Երևանում, Թբիլիսիում, Բաքվում, Ստեփանակերտում, Սոֆիայում (Բուլղարիա) և այլուր[1]։
Երկեր խմբագրել
- Կարոտ, Երևան, 1946, 20 էջ։
- Կոլխոզի նախագահը, Երևան, 20 էջ։
- Պիեսների ժողովածու (գրքի մեջ տեղ է գտել Վարդգես Շողերյանի «Մի օր հոսպիտալում» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1951, 341 էջ։
- Ֆերմայի վարիչը, Երևան, 1958, 27 էջ։
- Բերքի տոնը, Երևան, 1959, 26 էջ։
- Սովետահայ դրամատուրգիա (պիեսների ժողովածու, գրքի մեջ տեղ է գտել Վ. Շողերյանի «Գնացք» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1959, 765 էջ։
- Ակումբը 40 տարում, Երևան, 1960, 30 էջ։
- Կոմունիզմի կառուցողների ակումբը, Երևան, 1962, 24 էջ։
- Բարեկամության համալսարանը, Երևան, 1967, 30 էջ։
- Ակումբավարը, Երևան, 1968, 27 էջ։
- Ակումբի հմայքը, Երևան, 1968, 27 էջ։
- Ժամանակի պահանջով, Երևան, 1970, 30 էջ։
- Մայրեր և որդիներ (պիեսների ժողովածու), Երևան, «Հայաստան», 1971, 225 էջ։
- Դրամատիկական երկեր։ Եռապատում. Հայրենիքի դուստրը, Դատից առաջ, Ես քո խիղճն եմ, Երևան, «Սովետական գրող», 1979, 266 էջ։
- Թատերգություններ, Նաիրի, 1990, 198 էջ[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։
- ↑ Շողերյան, Վարդգես Հարությունի (1990). Թատերգություններ. Նաիրի. ISBN 9785550002223.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Շողերյան» հոդվածին։ |