Շլյուզ
Շլյուզ (հոլանդ. sluis, (լատին․՝ excluso - բացառել, պահել, անջատել), նավարկելի, հիդրոտեխնիկական կառույց՝ տարբեր մակարդակներով ջրավազաններում նավերը (կամ լաստերը) մի մակարդակից մյուսը տեղափոխելու համար։ Շլյուզ կառուցում են գետային հիդրոհանգույցներում, ջրանցքներում, ծովային նավահանգիստներում, որոնց ջրատարածությունները ենթարկվում են մակարդակի տատանման մեծ ամպլիտուդով մակընթացությունների և տեղատվությունների։ Շլյուզը կազմված է ՝
- խցերից
- գլխամասերից
- մատույցներից։
Մասն է | ջրանցք |
---|---|
Սպասարկող | lock keeper? |
Օգտագործվում է | ascent? և descent? |
Խուցը (որտեղ տեղավորվում են բարձրացվող կամ իջեցվող նավերը) պատրաստում են երկաթբետոնից՝ երկու երկայնական պատերով և հատակով։ Ճակատամասերի խուցը սահմանափակված է դարպասներով (փականներով), որոնք գտնվում են համապատասխան գլխամասերի սահմաններում։ Շլյուզները լինում են միախուց և բազմախուց (բազմաստիճան)։ Նավարկելի շլյուզի սխեմա
- վերին բիեֆ
- վերևի դարպասներ
- խցի պատեր
- ներքևի դարպասներ
- ստորին բիեֆ
- դարպասների շեմքեր
- վերևի գլխամասի ջրմուղ ստորասրահներ
- ներքևի գլխամասի ջրմուղ ստորասրահներ
Շլյուզի թողունակությունը մեծացնելու նպատակով կառուցվում են խցերի երկու (և ավելի) զուգահեռ շարքեր։ Առավել խոշոր շլյուզների խցերն ունեն մինչև 33 մ լայնություն և մինչև 400 մ երկարություն՝ շեմքերում 5 մ-ից մինչև 15 մ (ծովային շլյուզներում) խորության դեպքում։ Խցերը լցվում և դատարկվում են որոշակի ժամանակամիջոցում (5-ից 15 ր)։ Գլխամասերում (սովորաբար, զանգվածային ճնշումային կառույցներ), բացի դարպասներից (որոնք պահպանում են ջրի մակարդակների տարբերությունը և կից բիեֆների մակարդակների հավասարության դեպքում ապահովում նավերի բացթողումը), գտնվում են փականներով ջրմուղ ստորասրահներ, ջրի էներգիայի մարման սարքեր, նորոգման և վթարային փակոցներ և այլ սարքավորումներ։ Վերին և ստորին գլխամասերին հարող մատույցները ջրանցքներ կամ կստանային կառույցներով ու նավերի կառանման սարքավորումներով ջրատարածության տեղամասեր են։ Շլյուզով նավերի անցման պրոցեսը կոչվում է նավանցում։ Օրվա ընթացքում կատարված նավանցումների թիվը (շլյուզի անընդհատ աշխատանքի դեպքում) բնորոշում է շլյուզի թողունակությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շլյուզ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 522)։ |