Շառլոտա դե Բուրբոն (անգլ.՝ Charlotte of Bourbon, 1388, Ֆրանսիայի թագավորություն - հունվարի 15, 1422, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս), Կիպրոսի թագուհի, որը Յանուս թագավորի հետ ամուսնության բերումով հանդիսացել է նաև Հայաստանի ու Երուսաղեմի տիտղոսակիր թագուհին։ Եղել է թագավորի երկրորդ կինն ու նրա օրինական վեց զավակների մայրը․ զավակների թվում էին Ջոն II-ն ու Աննա դե Լուզինյանը։ Հենց Շառլոտայի ազդեցությունն է կարևոր դեր ունեցել Նիկոսիայի թագավորական արքունիքում ֆրանսիական մշակույթի վերականգնման գործում[1]։

Շառլոտա դե Բուրբոն
Ծնվել է՝1388
ԾննդավայրՖրանսիայի թագավորություն
Մահացել է՝հունվարի 15, 1422
Վախճանի վայրՆիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս
Կիպրոս
Երկիր Ֆրանսիա
ՏոհմԲուրբոններ
թագավորական կոնսորտ
ՀայրJohn I, Count of La Marche?
ՄայրCatherine of Vendôme?
ԵրեխաներԱննա դե Լուզինյան և Հովհաննես II Կիպրացի

Կյանք խմբագրել

Շառլոտան ծնվել է 1388 թվականին Ֆրանսիայում։ Լա Մարշի դուքս Ջոն I դե Բուրբոնի և վերջինիս կնոջ՝ Քեթրին դե Վենդոմի յոթ զավակներից մեկն է եղել, ունեցել է երեք քույր ու երեք եղբայր։ Նրանք էին՝ Լա Մարշի դուքս Ջեյմս II դե Բուրբոնը, Լյուդովիկոս I դե Բուրբոն-Վանդոմը, Քերենսիի և Դուիսանդի լորդ Ժան դե Բուրբոնը, Մոնպենսյեի կոմսուհի Աննա դե Բուրբոնը, Բրեենկուրի տիկին Մարի դե Բուրբոնը և Իզաբել դե Բուրբոնը։ Հոր՝ սիրուհու հետ ունեցած կապի պատճառով ունեցել են նաև ապօրինի մեկ եղբայր։

Հայրական կողմի տատիկ-պապիկը Լա Մարշի դուքս Ջեյմս I դե Բուրբոնն ու Ժաննա դե Շատիլոնն էին, մայրական կողմի տատիկ-պապիկը՝ Վենդոմի կոմս Ժան VI-ն ու Էպերնոնի տիկին Ժաննա Պոնտիեն։

Կիպրոսի թագուհի խմբագրել

1411 թվականի օգոստոսի 25-ին Նիկոսիայի Սուրբ Սոֆիայի մայր տաճարում Շառլոտան ամուսնացել է Կիպրոսի և Հայաստանի թագավոր Յանուսի հետ, որը նաև Երուսաղեմի տիտղոսակիր թագավորն էր․ դարձել է վերջինիս երկրորդ կինը։ Յանուսն ու Շառլոտան ամուսնացել են վստահված անձի միջոցով 1409 թվականի օգոստոսի 2-ին Ֆրանսիայի Մելյոն քաղաքում։ 1409 թվականի հունվարի 10-ով (Հին տոմարով) թվագրված (որը համապատասխանում է նոր տոմարի 1410 թվականի հունվարի 19-ին) մի փաստաթղթում նշվել է Վենետիկից Կիպրոս Շառլոտայիի ճանապարհորդության պայմանավորվածության մասին։ Ամադիի տարեգրությունն արձանագրել է օրիորդ Շառլոտա դե Բուրբոնի Կիպրոս ժամանումը և 1411 թվականի օգոստոսի 25-ին վերջինիս ամուսնությունը։ Շառլոտային դեպի Կիպրոս ուղեկցած շքեղ շքախմբի կազմում եղել են նաև բազմաթիվ երաժիշտներ։

Յանուսը Լուսինյանների հայտնի և ընդարձակ տոհմի անդամ էր, որը նաև նրա ազգանունն էր։ Նա ամուսնալուծվել էր իր առաջին կնոջից՝ Անգլեսիա Վիսկոնտիից մի քանի տարի առաջ և զավակներ չուներ։

Յանուսի և Շառլոտայի ամուսնությունը նկարագրվել է որպես «Լուսինյան արքունիքում ֆրանսիական մշակույթի աշխուժացման գործի անկյունաքար, որով բնութագրվել է Յանուսի իշխանությունը»[2]։ Ամուսնությունից հետո Նիկոսիայի արքունիքում նա անմիջապես հաստատել է քաղաքավարի հասարակություն (ֆր.՝ socièté courtoise), որտեղ ծաղկում էին ֆրանսիական գրականությունն ու երաժշտությունը։

Յանուս թագավորը երեք անօրինական երեխաներ է ունեցել անանուն սիրուհուց։

Շառլոտան մահացել է 1422 թվականի հունվարի 15-ին ժանտախտից։ Հուղարկավորվել է Նիկոսիայի Սբ Դոմինիկի թագավորական վանքում։

Զավակներ խմբագրել

Յանուսն ու Շառլոտան ունեցել են վեց երեխա․

  • Ժակ դե Լուզինյան (մահացել է մոտավորապես 1416 թվականին)
  • Կիպրոսի և Հայաստանի թագավոր Ջոն II, որը նաև Երուսաղեմի տիտղոսակիր թագավորն էր (16 մայիսի 1414 – 28 հուլիսի 1458) ու Անտիոքի տիտղոսակիր իշխանը։ Առաջին անգամ ամուսնացել է Ամադեա Մոնֆերատցու հետ, երկրորդ անգամ՝ Հելենա Պալեոլոգինայի հետ, որից ունեցել է երկու դուստր, այդ թվում՝ Շառլոտա Կիպրացին։ Հույն սիրուհի Մարիետա դե Պատրասից ունեցել է ապօրինի որդի՝ Ժակը, որը հետագայում թագավորել է որպես Կիպրոսի թագավոր Ջեյմս II։
  • Անանուն զույգ (ծնվել է 1415 թվականի նոյեմբերի 7-ին), մահացել է մանուկ հասակում։
  • Անանուն զույգ (ծնվել է 1415 թվականի նոյեմբերի 7-ին), մահացել է մանուկ հասակում։
  • Աննա դե Լուզինյան (24 սեպտեմբերի 1418 – 11 նոյեմբերի 1462), ամուսնացել է Սավոյայի դուքս Լյուդովիկոս I-ի հետ, որից ունեցել է տասնինը երեխա։
  • Մարի դե Լուզինյան (մահացել է 1437 թվականի ապրիլի 29-ից հետո), նշանվել է Բոժեուի լորդ Ֆիլիպ դե Բուրբոնի հետ, սակայն մահացել նախքան ամուսնությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Andrée Giselle Simard, The Manuscript Torino J.II.9: A Late Medieval Perspective on Musical Life and Culture at the Court of the Lusignan Kings at Nicosia, pp.35-36, December 2005, retrieved on 15 June 2009
  2. Andrée Giselle Simard, The Manuscript Torino J.II.9: A Late Medieval Perspective on Musical Life and Culture at the Court of the Lusignan Kings at Nicosia", pp.35-36, December 2005, retrieved on 15 June 2009

Արտաքին հղումներ խմբագրել

  • Charles Cawley, Medieval Lands, Kings of Cyprus
  • Charles Cawley, Medieval Lands, Maine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտա դե Բուրբոն» հոդվածին։