Շայկաչա (սերբ.՝ шајкача, ʃǎjkatʃa), սերբական ազգային գլխարկ։ Ավանդաբար կրել են տղամարդիկ Սերբիայի գյուղական վայրերում։ Այն անվանվել է սերբական գետային ջոկատների անունով, որոնք կոչվել են շայկաշի և պաշտպանել են Ավստրիական կայսրությունը Օսմանյան Թուրքիայից 18-րդ դարում։ Շայկաչան դարձել է սերբական ազգային խորհրդանիշ 20-րդ դարի սկզբից։ Այն հիմնականում սև է, մոխրագույն կամ կանաչ և պատրաստվում է փափուկ, տնական կտորներից։ Այն շատ են կրել սերբ տղամարդիկ Սերբական առաջին ապստամբության ժամանակ, ինչպես նաև եղել է սերբական զինված ուժերի համազգեստի կարևոր բաղադրիչ 19-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի վերջ։ Ներկայում այն հիմնականում կրում են մեծահասակ մարդիկ գյուղական վայրերում։

Պատմություն խմբագրել

 
Երկու սերբեր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914). երկրորդը կրում է շայկաչայի զինվորական տարբերակ

Շայկաչան ավանդաբար կրում են տղամարդիկ գյուղական վայրերում[1]։ Այն Սերբիայի ազգային գլխարկն է[2], և համարվում է, որ շայկաչան ստեղծվել է Սերբիայի Բանատ շրջանում 18-րդ դարում, երբ շայկաշիները (սերբական գետային ջոկատներ Ավստրիական կայսրությունում) պաշտպանում էին Դանուբը և Սավան ընդդեմ Օսմանյան կայսրության և կրել են շրջված չայկա նավերի ձև ունեցող գլխարկներ։ Այն տարածվել է սերբերի շրջանում Սերբական առաջին ապստամբութայն ժամանակ, երբ սերբ հեղափոխական Կարագեորգի Պետրովիչի մարդիկ սկսել են մերժել Թուրքական ֆեսսերը հօգուտ այդ գլխարկի[3]։

Սերբիայի Շումադիա շրջանի գյուղացիերի տիպական գլխարկները[4]՝ շայկաչաները, օգտագործվել են 2 դեպքում․ խաղաղ ժամանականերում այն կրել են գյուղական վայրերում, իսկ պատերազմի ընթացքում այն եղել է սերբական ռազմական համազգեստի կարևոր բաղադրիչ[5]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գլխարկը կանոնավորապես կրել են Սերբիայի թագավորության զինվորները[6]։ 1915 թվականին Սերբիան գրավվել է Ավստրո-հուգարական, գերմանական և բուլղարական միասնական ներխուժման արդյունքում, և 1916 թվականին շայկաչաները սերբական ազգային հագուստի մյուս տարրերի հետ միասին արգելվել են բուլղարական իշխանությունների կողմից Հարավային Սերբիայի բուլղարական օկուպացումից հետո[7]։ Պատերազմից հետո Բոսնիայում սերբական իշխանությունները պարտադրել են կրել շայկաչա թուրքական ֆեսի փոխարեն[8]։

 
Սերբ պարտիզաններ, որ կրում են շայկաչա (1941)

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում շայկաչան եղել է սերբ չետնիկների ստանդարտ գլխարկը Առանցքի ուժերի կողմից օկուպացված Հարավսլավիայի թագավորությունում[9]։ Այն կրել են նաև սերբ պարտիզանները, իսկ պատերազմից հետո այն փոխարինվել է տիտովկա գլխարկով կոմունիստական Հարավսլավիայի զինված ուժերում[10]։

Շայկաչա կրել են սերբ զինվորները Հարավսլավիայի կազմալուծման ժամանակ։ Բոսնիացի սերբ պահեստայիներն ու զինված կազմակերպությունների անդամները կրել են այդ գլխարկը 1992-1995 թվականներին բոսնիական պատերազմների ժամանակ, իսկ ավելի ուշ այն դարձել է Սերբական Հանրապետության զինված ուժերի (սերբ.՝ Vojska Republike Srpske, VRS) պաշտոնական գլխարկ[11]։ Խորվաթիայի անկախության պատերազմի ընթացքում՝ 1991 թվականին տեղի ունեցած Վուկովարի ճակատամարտից հետո Խորվաթիայի սերբական իշխանությունները տեղադրել են գերեզմանաքարեր այն սերբ զինվորների համար, ովքեր զոհվել են քաղաքը պաշտպանելիս։ Այդ գերեզմանաքարերի վրա արվել են շայկաչաների քանդակներ։ Վակուվարի՝ Խորվաթիային միանալուց հետո այդ գերեզմանքարերը հաճախակի ենթարկվել են վանդալությունների, որոնց նպատակն էր սերբերին ստիպել դրանք փոխարինել ավելի չեզոք գերեզմանաքարերով՝ առանց ռազմական խարհրդանշանների[12]։ 1999 թվականի ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումից հետո Սերբիայում Մաքդոնալդսը գովազդել են իր ապրանքները՝ տարածելով այնպիսի ազդագրեր, որոնց վրա պատկերված է շայկաչա Մակդոնալդի ոսկե կամարների վրա, ինչը նպատակ էր հետապնդում սատարել սերբական ազգային հպարտության զգացմանը։ [13]։

 
Շայկաչայով տղաներ

Շայկաչան եղել է տարածված ազգայնական խորհրդանիշ Սերբիայում 20-րդ դարի սկզբից ի վեր[2]։ Այն սովորաբար կրում են մեծահասակ սերբ տղամարդիկ գյուղական վայրերում[2], մինչդեռ սերբ երիտասարդները ազգային հագուստ կրում են միայն ազգային մշակույթին նվիրված միջոցառումերի ժամանակ[14]։

Դիզայն խմբագրել

Շայկաչաները ունեն շրջված չայկաների տեսք V-աձև վերնամասով[3], դրանք նեղ են և հիմնականում սև կամ մոխրագույն[15]։ Սովորաբար պատրաստվում են փափուկ տնական կտորից[16]։ Խաղաղ ժամանակներում այն կրում են առանց խորհրդանիշի։ Պատերազմի ժամանակ դրանց վրա սովորաբար կարելի է տեսնել սերբական երկգլխանի արծվի տեսքով[17] և «Միայն միությունը կփրկի սերբերին» նշանաբանով կոկարդներ[2]։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած սերբ զինվորները կրել են շայկաչաներ, որոնց վրա եղել է թագավորական միացագիր[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Գրքեր
Ամսագրեր
  • InASEA (2002). «Ethnicity, Nationalism, Migration». Ethnologia Balkanica: Journal for South-East European Anthropology. 6: 76. OCLC 41714232.
Կայքեր