Շամբի ջրաէլեկտրակայան
Շամբի ջրաէլեկտրակայան, Որոտանի կասկադի երկրորդ, ամենահզոր ջրաէլեկտրակայանը։ Գործարկվել է 1976 թ.-ին։ Կասկադի առաջին հիդրոհանգույցից՝ Սպանդարյանի ջրաէլեկտրակայանից դուրս եկող Որոտան գետի ջրերը ստեղծում են Անգեղակոթի՝ 3,4 միլիոն մ3 տարողության ջրամբարը, որտեղից 10,5 կմ երկարության անճնշումային թունելով այդ ջրերն առբերվում են Սիսիան գետի հովիտը։ Այստեղ 69 մ բարձրության հողե պատվարով դիմահարվող Որոտան և Սիսիան գետերի, Շաքիի աղբյուրների հոսքերից ստեղծվում է 96 միլիոն մ3 տարողության Տոլորսի ջրամբարը։ Ջրամբարից խորքային ջրընդունիչով 6,9 կմ երկարության ճնշումային թունելով ջուրը առբերվում է Շամբի ջրաէլեկտրակայանի ուժային հանգույցը։
Շամբի ջրաէլեկտրակայան |
---|
Ճնշումային կառույցները հիդրավլիկական հարվածներից պահպանելու համար դերիվացիոն թունելի վերջում նախատեսված է հավասարեցման ռեզերվուար։ Կայանի շենքում տեղադրված են 171 000 կՎտ ընդհանուր հզորությամբ 2 հիդրոագրեգատ։ Կայանի էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը 330 միլիոն կՎտ·ժ է։ Կայանին կցակառուցված է 220/110 կՎ բարձրացնող ենթակայանը։ Շամբի ջրաէլեկտրակայանի աշխատանքներն ավտոմատացված են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 440)։ |