Բացել գլխավոր ցանկը

Շահագործում, 1․ դասակարգային հակամարտ հասարակարգերում արտադրության միջոցների սեփականատերերի կողմից ուրիշի աշխատանքի արդյունքների յուրացում։ Ենթադրում է աշխատանքի հարկադրման այնպիսի համակարգի առկայություն, որի միջոցով իշխող դասակարգերն անհատույց յուրացնում են անմիջական արտադրողների հավելիչ աշխատանքը, երբեմն նաև՝ անհրաժեշտ աշխատանքի արդյունքի մի մասը։ Շահագործման նյութական նախադրյալները ստեղծվում են, երբ արտադրողական ուժերի զարգացումը հասնում է այնպիսի մակարդակի, որ հնարավոր է դառնում արտադրել ոչ միայն անհրաժեշտ արդյունք, այլև հավելյալ արդյունք։ Մարդու կողմից մարդու շահագործման սոցիալ-տնտեսական պայմաններն առաջացել են նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման շրջանում, երբ ձևավորվել է մասնավոր սեփականությունը և հասարակությունը բաժանվել հակամարտ դասակարգերի։ Ցուրաքանչյուր հակամարտ հասարակա-տնտեսական ֆորմացիա ունի շահագործման իր առանձնահատուկ մեթոդները, որոնք որոշվում են աշխատուժի և արտադրության միջոցների միացման եղանակով, ստրկատիրական և ֆեոդալական հասարակա-տնտեսական ֆորմացիաներին բնորոշ էր արտատնտեսական հարկադրանքը, կապիտալիզմին՝ տնտեսական հարկադրանքը։ Շահագործման աստիճանը որոշվում է հավելյալ և անհրաժեշտ արդյունքի (աշխատանքի) հարաբերությամբ։ Ստրկատիրական շահագործումը հիմնվում է արտադրության միջոցների և ստրուկի նկատմամբ ստրկատերերի, ֆեոդալականը՝ հողի, մասնակիորեն նաև՝ ճորտ գյուղացու նկատմամբ ֆեոդալ-կալվածատերերի, իսկ կապիտալիստականը՝ արտադրության միջոցների նկատմամբ կապիտալիստական սեփականության և վարձու աշխատանքի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 416 CC-BY-SA-icon-80x15.png