Նյուրնբերգի մայսթերզինգերները

Նյուրնբերգի մայստերզինգերները (գերմ.՝ Die Meistersinger von Nürnberg ), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների օպերա երեք գործողությամբ։ Լիբրետտոն՝ Ռիխարդ Վագների։ Երաժշտությունը գրվել է 1861-67 թթ. ընթացքում, առաջին բեմադրությունը կայացել է 1868 թ. հունիսի 21-ին Մյունխենի օպերային թատրոնում։ Համարվում է գերմանացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը։

Նյուրնբերգի մայսթերզինգերները
գերմ.՝ Die Meistersinger von Nürnberg և գերմ.՝ Die meistersinger von Nürnberg[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա[1]
ԿոմպոզիտորՌիխարդ Վագներ
Լիբրետտոյի
հեղինակ
Ռիխարդ Վագներ
Լիբրետտոյի
լեզու
գերմաներեն
Գործողությունների քանակ3 արար[1]
ԿերպարներA Nightwatchman?, Walther von Stolzing?, Fritz Kothner?, Hans Sachs?, Hans Foltz?, Magdalena?, Kunz Vogelgesang?, Veit Pogner?, Ulrich Eisslinger?, Balthasar Zorn?, Eva?, David?, Hermann Ortel?, Hans Schwarz?, Augustin Moser?, Konrad Nachtigall?, Sixtus Beckmesser?, Q63676704? և Q63676710?
Ստեղծման տարեթիվ1845
Առաջնախաղի տարեթիվհունիսի 21, 1868[1]
Առաջնախաղի վայրՄյունխեն
Կատալոգի համար96
Հրատարակման տարեթիվհունիսի 21, 1868
 Die Meistersinger von Nürnberg Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

«Նյուրնբերգի մայսթերզինգերները» (մայստերզինգեր - երգի վարպետ) օպերայի տեքստի առաջին ուրվագիծը վերաբերում է 1845 թվականին։ Գաղափարը ծագել էր քիչ առաջ ավարտած «Թանհոյզեր» օպերայի ազդեցությամբ։ Սա պետք է լիներ Վարտբուրգում երգիչների մրցույթի մի տեսակ կատակերգական զուգահեռը։ Երկու ստեղծագործությունների կենտրոնում էլ երգիչների մրցույթն է, որի հաղթողին սպասվում է գեղեցիկ աղջկա ձեռքը։ Բայց եթե «Թանհոյզեր»-ում գեղեցկուհու սերը նվաճելու համար մրցում էին ասպետ-մինեզինգերները, ապա «Նյուրնբերգի մայսթերզինգերներ»-ում մրցում են քաղաքի արհեստավորները։ Այս օպերայի վրա տարվող աշխատանքները սկսվեցին 1861 թվականի դեկտեմբերից և տևեցին մի քանի տարի։ Օպերան ամբողջովին ավարտուն տեսքի հասավ 1867 թվականի հոկտեմբերին և հաջորդ տարվա հունիսի 21-ին Մյունխենում կայացավ պրեմիերան։ «Նյուրնբերգի մայսթերզինգերներ»-ի լիբրետոյի ստեղծման ընթացքում կոմպոզիտորն օգտվել է տարբեր աղբյուրներից։ Հաշվի առնելով պատմական տվյալների և միջնադարյան Նյուրնբերգի երգի վարպետների բանաստեղծական ավանդույթների կարևորությունը, Վագները հին նյուրնբերգյան ժամանակագրությունից հավաքեց տեղեկություններ 1697 թվականի վերաբերյալ՝ ոգեշնչվելով իրենից առաջ ստեղծագործած գերմանացի գրող Էռնստ Հոֆմանի «Վարպետ Մարտին Տակառագործն ու իր ենթավարպետները» նորավեպից. այդ նորավեպի առանձին դրվագներ ևս նյութ են ծառայել լիբրետոյի համար։ Կերտելով կոշկակար-բանաստեղծ Հանս Սաքսի ((1494—1576թթ.)) պատմական կերպարը, Վագներն օգտագործել է նրա գրվածքները, որ հանրահայտ էին Գերմանիայում (երկար մոռացությունից հետո դրանք կրկին վեր էր հանել Գյոթեն՝ Սաքսին ձոնելով իր բանաստեղծություններից մեկը)։ Վագներն առաջինը չէր, որ բեմ էր հանում Սաքսին. նրա մասին գրված կային արդեն պիեսներ ու օպերաներ։ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայից անմիջապես առաջ (1840 թ.) հանրությանն էր ներկայացվել իր ժամանակի հանրահայտ կոմպոզիտոր Ալբերտ Լորցինգի «Հանս Սաքս կամ մայսթերզինգերները» օպերան։ Միևնույն ժամանակ «Նյուրնբերգի մայսթերզինգերներ»-ի գրական տեքստում տեղ գտան նաև ինքնակենսագրական պահեր։ Սաքսի տխուր փիլիսոփայական մտորումներում, և անսպասելիորեն նաև միջնադարյան ժողովրդական բանաստեղծների խոսքերում հնչում են Վագների սեփական մտքերը։ Վալտեր Շտոլցինգի՝ ռոմանտիկական կրակոտ նկարչի կերպարի մեջ, ում արվեստը խախտում է ավանդական ամեն կաղապար՝ հարուցելով պահպանողական արվեստագետների վախն ու զայրույթը, դժվար չէ տեսնել հենց Վագների ճակատագրի բանաստեղծական մարմնացումը, իսկ հիմար ու ինքնահավան Բեքմեսերի ծաղրական կերպարի մեջ, որ իբրև դատավոր է կանչվել «երգի վարպետների» մրցույթում՝ իր թշնամիներին ու պահպանողական քննադատներին։ Օպերայի հղացման պահից սկսած, 20 տարվա ընթացքում, այն ենթարկվեց էական փոփոխությունների։ Վագների հայացքով՝ գերմանական ստեղծագործ ոգու վերջին ներկայացուցիչը հանդիսացող Սաքսի կերպարը կերտելը բավականին դժվար էր. նրա բերանից հնչում են աշխարհում տիրող դժբախտության ու անմտության մասին ողբերգական մենախոսություններ։ Միևնույն ժամանակ ստեղծված են ժողովրդական կենցաղի զարգացող տեսարաններ, որոնց գլխավոր տեղ է հատկացված օպերայի վերջնական տարբերակում։ Կատակերգական օպերան դարձավ ժողովրդի կյանքը և նրա ամենակարող ու ամենահաղթ մշակույթը ներկայացնող հիանալի աշխատանք։

Սյուժեն խմբագրել

 
Գերմանական նամականիշ՝ թողարկված «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայի ստեղծման 100-ամյակին:

Սուրբ Կատարինեի տաճարը Նյուրնբերգում։ Երիտասարդ ասպետ Վալտեր Շտոլցինգը սեր է խոստովանում գեղեցկուհի Եվային՝ հարուստ վարպետ Պոգների դստերը։ Եվան հայտնում է, որ նրա սերը փոխադարձ է, բայց ինքը չի տնօրինում իր ճակատագիրը, քանի որ իր հայրը որոշել է իրեն կնության տալ նրան, ով կհաղթի երգիչների ավանդական մրցույթում, որն անցկացվում է ամեն տարի Պեգնից գետի ափին, Նյուրնբերգի մոտակայքում։ Իմանալով այդ ամսին, Վալտերը վարպետներին խնդրում է իրեն ընդունել իրենց համքարություն։ Նա պատրաստ է քննության ենթարկվել, միայն թե վաղը, նյուրնբերգյան երգիչների հետ, մրցի Եվայի համար։ Ոչ միայն պատկառելի վարպետները, այլև Սաքսի աշակերտ Դանիթն է ցնցված ասպետի հանդգնությունից, որ գաղափար չունենալով ռիթմից, տոնայնությունից ու տաղաչափությունից, սովորած չլինելով կանոնները, ծանոթ չլինելով երգեցողության դպրոցին, նա իսկույն ցանկանում է դառնալ մայսթերզինգեր։ Քաղաքային գրագիր Բեքմեսերը, որ թաքուն կերպով նույնպես երազում է Եվայի մասին, ձգտում է համոզել նշումներ կատարողին, որպեսզի սա տախտակի վրա կավիճով նշի երգիչների սխալները։ Չմտածելով կանոնների մասին, Վալտերը խանդավառությամբ երգում է գարնան մասին, որ ձմռան թմբիրից արթնացնում է բնությունը, իսկ բանաստեղծի մտքում ծնում է սեր ու երգ։ Վրդովված Բեքմեսերն ընդհատում է նրան՝ ցույց տալով տախտակի վրայի նշումները։ Սաքսն իզուր է կոչ անում մինչև վերջ լսել ասպետի երգը։ Բոլոր մայսթերզինգերները պաշտպանում են նշումներ կատարողին՝ տրտմեցնելով հանդուգն երգչին։ Բայց ուշադրություն չդարձնելով վարպետների զայրույթին, Վալտերն ավարտում է իր երգը և հպարտորեն լքում հավաքված մայսթերզինգերներին։

Տեսարան փողոցից։ Ամռան պարզ երեկո։ Սաքսը հիշում է իր վրա մեծ տպավորություն թողած համարձակ ու անսովոր մեղեդին, որ երգում էր Վալտերը։ Ծեր վարպետը տագնապով մտածում է, թե վաղն ինչպե՞ս կվճռվի Եվայի ճակատագիրը։ Նա վաղուց սիրում է Եվային, ում մանկության տարիներին հաճախ էր գիրկն առնում, բայց այդ մասին ինքն էլ իրեն չի խոստովանում։ Նրա համար դժվար չէր հաղթել մրցույթում, սակայն Սաքսը վստահ չէ, որ աղջիկն էլ փոխադարձ կերպով զգացմունքներ է տածում իր հանդեպ։ Եվայի ներկայությամբ նա ձևանում է ինքնավստահ ասպետ, որ խախտում է երգարվեստի հին, արմատացած կանոնները։ Եվայի զայրույթը մատնում է իրեն։ Իջնում է գիշերը։ Դատարկված փողոցներում հնչում է գիշերային հերթապահի փողը։ Վալտերը Եվային համառորեն համոզում է փախչել միասին. բութ և ձանձրալի արհեստավորները երբեք իրեն չեն շնորհի հաղթանակը, չեն ճանաչի իր բանաստեղծական արվեստը։ Հեռվից վինի նվագածության հնչյուններ են հնչում. այդ Բեքմեսերն է ձգտում մրցույթի նախօրեին նվաճել Եվայի սիրտը։ Նա վստահ է իր հաջողությանը. ուրիշ էլ ո՞վ իրենից լավ է տիրապետում մայստերզանգի կանոններին։ Սակայն կասկածում է աղջկա բարեհաճությանը. նա ջահել է, մինչդեռ իր հիսունը շուտով կլրանա։ Եվայի փոխարեն պատուհանի մեջ երևում է նրա զգեստները հագած ստնտու Մագդալենան։ Բեքմեսերն սկսում է իր սերենադը։ Այդ պահին Սաքսը մուրճով թխկթխկացնելով սկսում է երգել դրախտից արտաքսված նախամայր Եվայի մասին երգը։ Բեքմեսերը զայրանում է՝ լսելով այն, սակայն Սաքսը չի լռում։ Նա պետք է աշխատի, չէ՞ որ ինքը ոչ միայն երգիչ է, այլև կոշկակար։ Սաքսը որոշում է կատարել նշումներ կատարողի դերը՝ մուրճի հարվածներով նշելով Բեքմեսերի սխալները։ Իսկ սխալներն այնքան շատ են, որ Սաքսն ավելի շուտ խփում-վերջացնում է կոշիկի մեխերը, քան Բեսմեքերը կավարտեր սերենադը։ Նրա անհեթեթ երգն արթնացնում է Դավիթին։ Պոգների պատուհանի մեջ տեսնելով իր հարսնացու Մագդալենային, նա նետվում է անկոչ երգչի վրա, կարծելով, թե նա իր հակառակորդն է։ Կռվի աղմուկը գրավում է հարևանների ուշադրությունը, փողոց են նետվում կիսատ հագնված քաղաքացիները՝ մթան մեջ գոռգոռալով ու հայհոյելով նետվելով միմյանց վրա։ Կանայք փորձում են հանդարտեցնել իրենց հայրերին ու ամուսիններին՝ կռվողների վրա ջուր շաղ տալով, սակայն դա ավելի է ուժեղացնում իրարանցումը։ Հանկարծ հնչում է գիշերային հերթապահի փողը՝ քաղաքացիներին ուղարկելով քնելու։ Այդ ձայնը, որ քաղաքացիները սովոր էին լսել ամեն օր՝ իբրև օրվա ավարտի ազդարար, մարդկանց սթափեցնում է։ Կռիվը դադարում է այնպես հանկարծակի, ինչպես սկսվել էր։ Սաքսը Վալտերին տանում է իր մոտ։ Հրապարակն արագ դատարկվում է։ Միայն գիշերային հերթապահի երգի հնչյուններն են տարածվում դատարկված փողոցներում։

 
Հանս Սաքսի` փայտի վրա փորագրված դիմանկարը (1545 թ.):

Հաջորդ տեսարանը ներկայացնում է Սաքսի տունը։ Վարպետն ընկղմված է աշխարհում տիրող անմտության, զուր հույսերի և սեփական չհաջողված կյանքի մասին խոր մտքերի մեջ. իր կինն ու զավակները մեռել են, Եվան սիրում է ուրիշին և իրեն մնում է սոսկ ծանր ինքնահրաժարումը։ Բայց դժբախտությունը չի կոտրել Սաքսին, չի կարծրարցրել իր սիրտը, նա կօգնի մարդկանց, կոգեշնչի նրանց իր արվեստով։ Դավիթը, որ վրա էր հասել գիշերային ծեծկռտուքին, ապշում է նման կտրուկ փոփոխությունից, որ տեղի էր ունեցել սովորաբար կոպիտ ու կտրուկ վարպետի հետ։ Վերջինս գովում է իր զվարճալի երգը, տոնական պատրաստությունը և մաղթում է երջանկություն Մագդալենայի հետ։ Հայտնվում է Վալտերը։ Սաքսը համբերատարությամբ համոզում է հպարտ ու տաքարյուն երիտասարդին, որ անհրաժեշտ է յուրացնել վարպետի հմտությունները, հարգել կենցաղից բխած հին ազգային ավանդույթները։ Արվեստի ա՛յն ստեղծագործություններն են միայն հարատև, որոնցում ոգեշնչված պոռթկումը համահունչ է հասուն վարպետության հետ։ Երախտապարտ Վալտերը երգում է մի չքնաղ երազի՝ իր սիրելիի հետ եդեմական այգում հանդիպման մասին։ Երգիչների մրցույթում նա այդ երգով հանդես կգա։ Մրցույթին է պատրաստվում նաև Սաքսի տանը հայտնված Բեքմեսերը, չնայած այն բանին, որ գիշերային ծեծկռտուքից հետո հազիվ է շարժվում և ոչ մի նոր երգ չի ծմվում իր գլխում։ Սեղանի վրա նկատելով մի թերթիկ, որի վրա Սաքսի ձեռագրով գրված էին Վալտերի երգի խոսքերը, Բեքմեսերն այն իսկույն թաքցնում է գրպանում։ Սաքսը, խորամանկ ժպտալով, Բեքմեսերին է նվիրում գողացված բանաստեղծությունը, բայց զգուշացնում է, որ այն երգելը հեշտ չէ։ Բայց Բեքմեսերը չի կասկածում իր հաղթանակին. եթե Սաքսը չի մասնակցելու մրցույթին, ինքը մրցակից չունի։ Եվ նա ինքնագոհ ներկայանում է մրցույթին։ Իսկ Սաքսը, աշխատելով կատակով քողարկել թախիծը, միացնում է Վալտերի ու Եվայի ձեռքերը։ Աղջիկը, արցունքն աչքերին երախտապարտություն է հայտնում ծեր վարպետին։ Նա էլ այս ուրախությունից հետո ծիծաղելի ծիսակարգ է կազմակերպում՝ իր աշակերտ Դավիթին ենթավարպետ կարգելով և հարուցելով Մագդալենայի փառասիրական երազանքները։ Աղջիկն իրեն արդեն երևակայում է երգի մրցույթում հաղթած վարպետի կին։

Այնուհետև բացվում է տեսարան՝ Պեգնիցի ափին փռված ընդարձակ մարգագետնից։ Երգիչների մրցույթին են ներկայանում վարպետներ՝ տարբեր արհեստանոցներից։ Տոնական հագնված, ամեն մեկը գովաբանելով իր արհեստը, հավաքվում են կոշկակարները, դերձակները, հացթուխները, քաղաքային հսկիչներն ու երաժիշտները։ Աշակերտները զվարթորեն պարում են աղջիկների հետ։ Ժողովուրդն ուրախությամբ ողջունում է Հանս Սաքսին։ Սկսվում է երգիչների մրցույթը։ Առաջինը ելույթ է ունենում Բեքմեսերը։ Նա չէր հասցրել յուրացնել գողացած բանաստեղծությունը և ոչինչ չէր հասկացել դրա խոսքերից։ Համընդհանուր ծիծաղի ներքո Բեքմեսերը, երգելով մի աներևակայելի անհեթեթություն, փախչում է այդտեղից՝ Սաքսին մեղադրելով խաբեության մեջ։ Այդ ժամանակ ամբոխի միջից դուրս է գալիս Վալտերը։ Եվայի ոգևորիչ ժպիտի և հավաքվածների ուշադիր հայացքների ներքո նա մեծ ոգեշնչմամբ երգում է Սաքսի տանը հորինած իր երգը՝ ճոխացնելով այն նոր ելևէջներով։ Վալտերը միաձայն հռչակվում է մրցույթի հաղթող՝ ստանալով ծաղկեպսակ ու Եվայի ձեռքը։ Բոլորը ցնծությամբ ընդունում են ազգային հին ավանդույթների պահպանության մասին Սաքսի հնչեցրած կոչը։

Երաժշտությունը խմբագրել

«Նյուրնբերգի մայսթերզինգերները» Վագների հասուն շրջանի միակ օպերան է, որ գրված է պատմական և կենցաղային սյուժեով։ Միջնադարյան քաղաքի կոլորիտային տեսարանները, նրա կյանքի ինքնատիպությունը և սովորույթներն օպերայում մեծ տեղ են զբաղեցնում։ Գործող անձանց հարաբերությունները զարգանում են ժողովրդական ընդարձակ ու գունեղ հետնապատկերի առջև։ Խմբերգերը հնչում են հզոր հնչողությամբ և հարուստ բազմաձայնությամբ։ Դրանցում արտահայտվում է ժողովրդի ուժը, նրա լավատեսությունն ու առողջ հոգին։ Օպերայի երաժշտությունը մոտ է գերմանական ազգային երգարվեստին. այդպիսիք են Վալտերի երեք երգերը, Սաքսի երգը՝ կոշկակարների հովանավոր հրեշտակի մասին, Դավիթի երգը, և արհեստավորական միությունների խմբերգերը։

Սիմֆոնիկ մեծ կատարումներում տարբերվում է երաժշտական թեմաների երկու խումբ. հանդիսավոր, շքեղ մեղեդիները վերաբերում են ժողովրդական կենցաղին, իսկ լուսավոր, պոռթկուն մոտիվները պատկերում են Եվայի ու Վալտերի քնարական ապրումների աշխարհը։ Առաջին արարի գործողությունները դանդաղ են զարգանում, անշտապ։ Դրամատիկական սուր բախումը տեղի է ունենում միայն արարի ավարտին։ Առավել ամբողջությամբ այստեղ ի հայտ է գալիս Վալտերի բնութագիրը։ Նրա «Երբ երազում էր անտառը ձյան տակ» բանաստեղծական երգն ունի ճկուն մեղեդային կառուցվածք, որոնցում կարելի է որսալ գարնանը նվիրված գերմանական ժողովրդական երգերի արձագանքները։ Վալտերի երկրորդ երգը՝ «Սկսի՛ր։ Անտառային լռության մեջ հնչեց գարնան կանչը», առավել պոռթկուն է ու հուզական։ Նրանում ի հայտ է գալիս ձմռան չար կերպարը՝ զուր փորձելով խաթարել ազատ մեղեդին։ Երգը զարգանում է դրամատիկական մեծ տեսարանում, իսկ նվագախմբի կատարումներում հակադրված են Վալտերի երգի մեղեդին և վարպետների ջղային ռեպլիկները, որին միանում է աշակերտների ծաղրական խմբերգը։

Երկրորդ արարը բաժանվում է երկու հիմնական մասի, որոնցից առաջինը վերաբերում է հերոսների անձնական ապրումներին։ Այստեղ գերակշռում են մեներգային դրվագները։ Իսկ երկրորդ մասը գիշերային ծեծկռտուքի մասսայական տեսարանն է։ Ապա լայնորեն ու բազմակողմանիորեն բացահայտվում է Սաքսի կերպարը՝ իր մեներգի ազնվական մեղեդու մեջ, որ կարծես Վալտերի երկրորդ երգի արձագանքը լինի, ում հիշում է Սաքսը։ Այս երգն ունի առավել զուսպ հնչողություն և առավել շեշտված լուսավորություն։ Կոշկակարների հովանավոր հրեշտակին նվիրված երգում («Ինչպես Եվային, բոլոր մայրերի մորը») պարզ մեղեդին փոխարինվում է բարձր և կոպիտ կանչերով («Իերո՛ւմ») և մուրճի հարվածներով՝ նվագախմբի կատարման մեջ։ Վարպետորեն կերտված աշխույժ ու շարժուն վերջաբանը բացվում է Բեքմեսերի սերենադով, որին միջամտում են Սաքսի, ապա Դավիթի՝ ծաղրական ռեպլիկները, մայստերզինգերների զարմացական բացականչությունները։ Ապա այս կատարումները վերաճում են մասսայական տեսարանի, որտեղ մենակատարների կողքին հանդես են գալիս երեք երգչախմբեր՝ աշակերտների, քաղաքացիների և կանանց։ Գիշերային հերթապահի փողի ձայնից հետո երգչախմբերը լռյում են, նվագախմբի հնչեղությունը մեղմանում է, հնչում են միայն ծեծկռտուքի խուլ արձագանքները և հերթապահի երգը։

Երրորդ արարը բաղկացած է երկու տեսարանից։ Առաջինում Դավիթի պարզհոգի երգին («Երբ Հորդանան էի գնում») կտրուկ հակադրվում է Սաքսի խտացված փիլիսոփայական մենախոսությունը («Կյանքը երազ է»), որի մեջ առկա են տրտմություն և խիստ զսպված պաթոս։ Երգն աստիճանաբար «զուլալվում է» և վերջում հնչում է լուսավոր ու հանդարտ։ Հաջորդիվ հորդում են Վալտերի երրորդ երգի հիասքանչ մեղեդիները՝ երբեմն ընդմիջարկվելով Սաքսի արտահայտիչ ասերգերով։ Ապա հազվագյուտ գեղեցկությամբ աչքի ընկնող քնարական կվինտետին հաջորդում է նվագախմբի հանդիսավոր ինտերմեցցոն, որը ծառայում է որպես անցում՝ դեպի օպերայի վերջաբանը։ Վերջաբանում վերարտադրված է ժողովրդական տոնախմբության մեծ տեսարան։ Այն բացվում է արհեստավորական խմբերի հանդիսավոր երթով, ապա կոշկակարներկ պարզ երգը փոխարինում է նվագախմբային աղմկալից դրվագին, որը ներկայացնում է քաղաքային երաժիշտներին՝ շեփորահարներին, թմբկահարներին ու ֆլեյտահարներին։ Նրանց հաջորդում է դերձակների ծաղրալից երգն ու հացթուխների կտրուկ և հերոսական մեղեդին։ Երգիչների մրցույթի տեսարանի առանցքում Վալտերի երրորդ երգն է՝ «Վարդագույն առավոտյան կարմրել էր երկնակամարը», որին միանում են վարպետներն ու ժողովուրդը, և երգչախմբի ու նվագախմբի համատեղ կատարմամբ այն ստանում է հզոր հնչողություն։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

"100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուրնբերգի մայսթերզինգերները» հոդվածին։