Ներըմբռնում (ինտուիցիա, լատին․՝ intuitio-intueor, թարգմանաբար նշանակում է ուշադիր նայում եմ, ուսումնասիրում եմ), իրերը, երևույթները, գաղափարները անմիջական (արտաքին կամ ներքին) հայեցողության միջոցով հասկանալու, ըմբռնելու իմացական գործընթացը, որի ընթացքում նախնական, տրամաբանական կշռադատության և ապացուցման կարիք չի զգացվում[1]։

Ուղեղի ֆրենոլոգիական քարտեզագրում. ֆրենոլոգիան (գանգագուշակություն) մտավոր գործառույթները ուղեղի որոշակի մասերի հետ փոխկապակցելու առաջին փորձերից էր

Ներըմբռնման նկարագիրը խմբագրել

Դա խնդրի լուծման վայրկենական հայտնագործումն է։ Ներըմբռնման մեխանիզմը ըմբռնողականության մեխանիզմն է՝ մի տարբերությամբ. եթե ըմբռնողականությունը պահանջում է մտային պատկերների հետ աշխատել, ներըմբռնումը ակնթարթորեն ընկալում է իրադրությունը լուծման հետ միասին և ամբողջապես՝ որպես մի պատկեր։

Ներըմբռնումը տրամաբանական մտածողությունից տարբերվում է նրանով, որ խնդրի լուծման այսպիսի գործընթացը զուգահեռ է, իսկ տրամաբանականը՝ հաջորդական։ Դրա համար էլ ներըմբռնումը անհամեմատ ավելի արագ է աշխատում։

Հասկանալի է, որ ոչ բոլորն են օժտված ներըմբռնմամբ։ Վաղուց ի վեր համարվել է, որ ներըմբռնումը հատուկ է միայն ընտրյալներին, և մինչ օրս շատերը այդպես էլ կարծում են։ Մյուսները, ընդհակառակը, համոզված են, որ ներըմբռնմամբ օժտված է ցանկացած մարդ, սակայն մարդիկ տարբեր ձևերով են դրանից օգտվում։

Տեսակներ խմբագրել

Առանձնացնում են ներըմբռնման երկու հիմնական տեսակ՝

  • զգայական ներըմբռնում, իմացության օբյեկտները զգայարանների միջոցով անմիջականորեն ընկալելիս, ստացված հստակ ըմբռնումն է, իմաստավորված ընկալումը, որն ապահովող մտածական գործընթացները ու ապերցեպցիան չեն գիտակցվում,
  • ինտելեկտուալ (բանական), որն արդեն զուտ ներհոգեկան գործընթաց է և ընթանում է առանց իմացության օբյեկտների անմիջական արտաքին ընկալման։

Ներըմբռնման այս տեսակի բնորոշ տարբերակներից է գիտակցության «փայլատակումը» կամ «մտաճառագայթումը», որը երբեմն դիտվում է ստեղծագործական գործընթացում։ Ինտուիտիվ իմացության գործընթացում չեն գիտակցվում արտացոլող երևույթների շատ առանձնահատկություններ և այն մտավոր գործողությունները, որոնց շնորհիվ ստացվում է գիտակցվող արդյունքը։

Որպես հոգեկան գործընթաց՝ ներըմբռնումը հոգեկանի ենթագիտակցական մակարդակում կազմավորված իմացական արդյունքների (մտքերի, մտապատկերների զուգորդությունների) անցումն է գիտակցության ոլորտը։ Այն դեպքերում, երբ ներըմբռնումը հանդես է գալիս որպես խնդրահարույց իրադրությունները հաղթահարելու, կռահումներ ու կանխատեսումներ կատարելու երևույթ, սերտորեն կապված է լինում երևակայության հետ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ալբերտ Նալչաջյան. Հոգեբանական բառարան, Երևան, Լույս, 1984

Աղբյուրներ խմբագրել

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240 էջ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 360