Հայեցողություն, հայեցում, տերմին փիլիսոփայական որոշ ուսմունքներում։ Նշանակում է այն եղանակը, որով առարկան անմիջականորեն ներկայանում է սուբյեկտին, երբ այն տրված է զգայաբար՝ ընկալման միջոցով կամ որպես մտապատկեր։ Դասական էմպիրիզմը, մասնավորապես մատերիալիստական էմպիրիզմը և սենսուալիզմը, առարկաների հայեցողությանը համարում էր ողջ ճանաչողության ելակետը։ Բայց հայեցողությունը չի կարող ճանաչողությունը դուրս բերել անհատի զգայական, հոգեբանական աշխարհից։ Մարդու ճանաչողությունը բացատրելու համար, ասում է Կարլ Մարքսը Լյուդվիգ Ֆոյերբախի մասին թեզիսներում, հարկավոր է նկատի առնել հասարակական մարդ ու պրակտիկ գործունեությունը։ Փիլիսոփայության պատմության մեջ հատկապես քննարկվել է վերացական առարկաների Հայեցողության հարցը։ Պլատոնը, իսկ նորագույն փիլիսոփայության մեջ Բրենտանոն, Հուսեռլը զգայական եզակի առարկաներից բացի ընդունում են նաև վերացական առարկաների (մասնավորապես մաթեմատիկական օբյեկտների) ինքնուրույն, ճանաչողությունից անկախ իդեալական գոյությունը և, համապատասխանաբար, դրանց անմիջական հայեցողությունը։ Ըստ Կանտի, հնարավոր է միայն «փորձի առարկաների» հայեցողությունը մտապատկերի ձևով, իսկ սուբյեկտի ակտիվությունը դրսևորվում է նրանում, որ նա օժտված է հայեցողության ապրիորի ձևերով, որոնց օգնությամբ կառուցվում են այդ մտապատկերները։ Հայեցողության հետ կապված իմացաբանական դժվարությունների լուծումը տալիս է դիալեկտիկական մատերիալիզմի արտացոլման տեսությունը, իսկ մասնավոր գիտական հարցերը ներկայումս քննարկվում են հոգեբանության մեջ՝ ընկալման և մտապատկերի առնչությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 161