Նեկրոզ
Նեկրոզ կամ մեռուկ (հունարեն՝ νεκρός - մահացած), կենդանի օրգանիզմում բջիջների և հյուսվածքների մահ, որով լրիվ դադարում է տվյալ բջջի կամ հյուսվածքի կենսագործունեությունը։
Նեկրոզ Necrosis | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | Ախտանատոմիա |
Necrosis Վիքիպահեստում |
Կենդանի օրգանիզմում առանձին օրգանների, դրանց մասերի, հյուսվածքների կամ բջիջների մահացում։ Ըստ պատճառների տարբերում են վնասվածքային (ցրտահարություն, այրվածք), նյարդա-սնուցողական (Մեռուկացման բորի նյարդային ձևի, սիրինգոմիելիայի դեպքում), շրջանառու կամ սակավարյունային (ինֆրակտ, գանգրենա), թունավոր, ալերգիական (Մեռուկացում ալերգիական հիվանդությունների դեպքում)։ Մեռուկացմանը բնորոշ են բջիջների և միջբջջային նյութի փոփոխությունները․ կորիզը և բջջապլազման կնճռոտվում են (մակարդում), քայքայվում և լուծվում (լիզիս)։
Շարակցական հյուսվածքի կառուցվածքներում զարգանում են ֆիբրինոիդ փոփոխություններ, նյարդաթելերում՝ բեկորային քայքայում։ Մեռուկացման կլինիկամորֆոլոգիական դրսևորումները և հետևանքները կախված են պրոցեսի տեղադրությունից և տարածվածությունից, առաջացման պայմաններից ու մեխանիզմներից։
Նեկրոզի փուլեր
խմբագրելՄեռուկային պրոցեսը անցնում է մի շարք փուլեր՝
- Պարանեկրոզ (հարմեռուկ), որը մեռուկի նման է, բայց փոփոխությունները դարձելի են,
- Նեկրոբիոզ (կիսամեռուկ), որը անդարձ դիստրոֆիայի փոփոխություններ են, բնութագրվում են նյութագոյացման ռեակցիաների նկատմամբ քայքայման ռեակցեաների գերակշռումով, բջջի մահով, որի վրա հասնելու ժամանակը դժվար է որոշել,
- Աուտոլիզ (ինքնալուծում), մահացած հիմնանյութի քայքայումն է մեռած բջիջների և մակրոֆագերի հիդրոլիտիկ ֆերմենտների ազդեցությամբ։
Պատճառագիտական տարբերակում
խմբագրելՄեռուկի պատճառից կախված՝ տարբերում են նրա հետևյալ ձևերը.
- վնասվածքային (տրավմատիկ),
- թունային (տոքսիկ),
- սնուցանյարդային (տրոֆոնևրոտիկ),
- ալերգիկ,
- անոթային (անգիոգեն)։
Վնասվածքային մեռուկ
խմբագրելՎնասվածքային մեռուկը հյուսվածքների վրա ֆիզիկական կամ քիմիական գործոնների ուղղակի ազդեցության հետևանք է։ Այդպիսի մեռուկն առաջանում է ցածր (ցրտահարություն) և բարձր (այրվածք) ջերմաստիճանների ազդեցությամբ, ինչպես նաև որոշ էլեկտրավնասվածքների դեպքում։ Այն զարգանում է նաև խիստ հանքային թթուների և հիմքերի անմիջական ազդեցությունից։ Երբեմն մեռուկը կարող է առաջանալ ակտիվ նյութերի և ֆերմենտների ուժեղացած արտադրությունից (օրինակ՝ ստամոքսի լորձաթաղանթի մեռուկը ստամոքսահյութի արտահայտված սեկրեցիայի դեպքում։
Թունային մեռուկ
խմբագրելԹունային մեռուկը զարգանում է հյուսվածքներում ինչպես ոչ մանրէային, այնպես էլ մանրէային ծագման որևէ թույնի ազդեցության հետևանքով։ Այդպիսին է նեֆրոնի մոտակա մասի էպիթելի մեռուկը սուլեմայով թունավորման, տուբերկուլոզի, սիֆիլիսի, բորի, սկլերոմայի դեպքում։ Սպեցիֆիկ վարակների դեպքում հյուսվածքի մեռուկային տեղամասերը չոր են, սպիտակադեղնավուն, հիշեցնում են կաթնաշոռ՝ լորձանման կազեոզ մեռուկ)։
Սնուցանյարդային մեռուկ
խմբագրելՍնուցանյարդային մեռուկը ծագում է հյուսվածքների նյարդային սնուցման փոփոխությունների դեպքում։ Այդ խանգարումների հետևանքով զարգանում են շրջանառական տեղաշարժեր, դիստրոֆիայի և կենսամեռուկային փոփոխություններ, որոնք ավարտվում են մեռուկով։ Այդպիսին են մեռուկները կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում (օրինակ՝ չփակվող խոցերը ծայրամասային նյարդերի վնասվածքների դեպքում)։ Սնուցանյարդային մեռուկի վառ օրինակ են պառկելախոցերը։
Ալերգիկ մեռուկ
խմբագրելՀյուսվածքների ալերգիկ մեռուկը հանդես է գալիս գերզգայունացած օրգանիզմում և, որպես կանոն, դանդաղացված տիպի գերզգայունության արտահայտությունն է։ Սովորաբար դա վարակային, ալերգիկ և ինքնաիմուն (աուտոիմուն) հիվանդությունների դեպքում հաճախ հանդիպող ֆիբրինոիդ մեռուկն է։
Անոթային մեռուկ
խմբագրելԱնոթային կամ անգիոգեն մեռուկը առաջանում է թրոմբոզի, էմբոլիայի, երկարատև սպազմի հետևանքով։ Արյան անբավարար հոսքը առաջացնում է թթվածնաքաղց (իշեմիա) և հյուսվածքի մահ օքսիդավերականգնման պրոցեսների ընդհատման հետևանքով։ Այս մեռուկը անվանում են նաև իշեմիկ մեռուկ կամ ինֆարկտ։ Անոթային մեռուկը ամենատարածված տեսակն է։ Հանդիպում է այն հիվանդությունների դեպքում, որոնց հիմքում ընկած են անգիոնևրոզը և զարկերակների լուսանցքի խցանումը (աթերոսկլերոզ, հիպերտոնիկ հիվանդություն, խցանող Էնդարտերիտ, Ռեյնոյի հիվանդություն)։
Կլինիկաձևաբանական տարբերակում
խմբագրելԿախված օրգանների և հյուսվածքների կառուցվածքաֆունկցիոնալ առանձնահատկություններից, որոնցում առաջանում է մեռուկը, ինչպես նաև դրա առաջացման պատճառներից և զարգացման պայմաններից, տարբերում են մեռուկի հետևյալ կլինիկաձևաբանական ձևերը.
- մակարդումային (չոր կոագուլացիոն),
- ջրիկացումային (թաց կոլիկվացիոն),
- փտախտ (գանգրենա),
- սեկվեստոր,
- ինֆարկտ։
- Մակարդումային մեռուկը բնորոշվում է նրանով, որ այդ դեպքում առաջացող մահացած հյուսվածքները չոր են, ամուր, մոխրավուն։ Չոր մեռուկի հիմքում ընկած են բնազրկման պրոցեսները։ Հյուսվածոը այդ դեպքում բնազրկվում է։
- Ջրիկացումային մեռուկը բնութագրվում է հյուսվածքի լուծումով և խոռոչների (կիստաների) առաջացումով։ Զարգանում է սպիտակուցներով համեմատաբար աղքատ և հեղուկներով հարուստ հյուսվածքներում, որտեղ գոյություն ունեն նպաստավոր պայմաններ հիդրոլիտիկ պրոցեսների համար։ Տիպիկ թաց նեկրոզ է հանդիսանում գլխուղեղում կամ ողնուղեղում լուծման և փափկեցման օջախը։ Սովորաբար դա գլխուղեղի գորշ պնդեցման օջախն է (իշեմիկ ինֆարկտ), որն ունի անորոշ ձև և մոխրագույն շիլայանման զանգված է։
- Փտախտը արտաքին միջավայրի հետ շփվող հյուսվածքների մեռուկն է։ Այդ դեպքում հյուսվածքները դառնում են մոխրագույն կամ սև, որը կախված է արյան գունակների փոխակերպումից երկաթի սուլֆիդի։
- Սեկվեստրը մահացած հյուսվախքի տեղամաս է, որը չի ենթարկվում աուտոլիզի, չի փոխարինվում շարակցական հյուսվախքով և ազատ տեղավորվում է առողջ հյուսվածքների շրջանում։ Սեկվեստները սովորաբար առաջանում են ոսկրերում ոսկրածուծի բորբոքման ոստեոմիելիտի ժամանակ։ Սեկվեստրացվում են և փափուկ հյուսվածքները, բայց փափուկ հյուսվածքների սեկվեստրները, որպես կանոն, արաք լուծվում են։
- Ինֆարկտը հյուսվածքի մեռուկն է, որն առաջանում է արյան շրջանառության խանգարումների դեպքում, երբ կա սակավարյունություն։
Աղբյուրներ
խմբագրել- Manual of Surgical Pathology (Author. Susan C. Lester MD PhD)
- Պաթոլոգիական անատոմիա - Երկրորդ վերահրատարակություն (հեղ. պրոֆ. Ն. Դ. Վարդազարյան, ԵՊԲՀ)
Արտաքին հղումներ
խմբագրել- ԵՊԲՀ Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Հարցեր բժիշկներին - Անվճար բժշկական խորհրդատվություն
- ՀՀ ԱՆ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան
- Պառկելախոցեր, կանխարգելումը և բուժումը Արխիվացված 2014-03-03 Wayback Machine
- Ինչպես խուսափել պառկելախոցերից Արխիվացված 2014-03-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեկրոզ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 467)։ |