Նավահո
Նավահո (ինքնանվանումը` դենե, դինե), հնդկացիական ցեղ, որ հիմնականում բնակվում է ԱՄՆ-ի տարածքում: Նավահո ցեղի լեզուն աթաբասկյան լեզվաընտանիքից է: Նավահոները Հյուսիսային Ամերիկայի հնդկացիական ամենաբազմաքանակ ժողովուրդներից են` մոտ 300.460 մարդ (2015)[1][2]:
նավահո | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||
300.460 (2015) | |||||||||
Բնակեցում | |||||||||
| |||||||||
Լեզու(ներ) | |||||||||
նավահո, անգլերեն | |||||||||
Հավատք(ներ) | |||||||||
քրիստոնեություն, անիմիզմ |
ՊատմությունԽմբագրել
Աթաբասկների ցեղային առանձին խմբեր Կանադայի հյուսիս-արևմուտքից և Ալյասկայի արևելքից սկսել են հարավ գաղթել 11-12-րդ դարերում, իսկ ժամանակակից նավահոների նախնիները ցեղակից ապաչների խմբերի հետ` 14-րդ դարում[3]: Մոտ 200 տարի պահանջվեց, որ նրանք հաստատվեն ԱՄՆ-ի հարավ-արևմուտքի Մեծ հարթավայրերում: Այստեղ նավահոների հիմնական զբաղմունքներն են դառնում հողագործությունն ու անասնապահությունը: Նրանք յուրացնում են այնպիսի արհեստներ, ինչպիսիք են մանածագործությունը, խեցեգործությունը: Նավահոների հյուսիսային ծագման մասին են վկայում ոչ միայն լեզվական ընդհանրությունները Կանադայի աթաբասկների հետ, կացարանի` հոգանի նմանությունը, այլև մշակութային ու հոգևոր այլ առանձնահատկություններ:
Պատմականորեն ճշգրիտ առաջին տեղեկությունները նավահոների մասին վերաբերում են 17-րդ դարի 20-ական թվականներին: «Аpachu» բառը հնդկացիական պուեբլոներից մեկի լեզվով նշանակել է «թշնամի», իսկ «Nabajo» բառը` «մշակված հողեր»: Այդպիսով, նավահո ժողովրդի սկզբնական անվանումը, որ իսպանացիները փոխառել են տեղի հնդկացիներից, նշանակել է «հողագործությամբ զբաղվող թշնամի»: Նրանք, ի տարբերություն ապաչների ցեղային այլ խմբերի, դեռ չէին անցել նստակյաց կյանքի: Այդ ժամանակաշրջանում նավահոները տեղակայված են եղել պատմական Չամա շրջանում, որ գտնվում է ներկայիս Նյու Մեքսիկո և Կոլորադո նահանգների սահմանի կենտրոնական մասում:
17-րդ դարի վերջին և 18-րդ դարասկզբին պուեբլո ցեղի ներկայացուցիչները իսպանացի գաղութարարների կողմից հսկվող տարածքներից ներթափանցում են այն տարածք, որ նախկինում բնակեցրել էին նավահոները: Դա հանգեցնում է նրան, որ նավահոները տեղաբնիկ պուեբլոներից մի շարք ավանդույթներ են փոխառում, այդ թվում` պուեբլիտո ամրոցների կառուցումը: Այդ ամրոցները պաշտպանական միջոց են հանդիսացել ինչպես իսպանացիներից, այնպես էլ յուտաների ու կոմանչների հարձակումներից: Նավահոների ավանդական կացարանը` հոգանը, կավով ծեփված գերաններով կառույց է:
Մինչև 19-րդ դարը շարունակվել է համայնական հասարակարգի աստիճանական անկումը, ընդ որում նավահոները փաստորեն կարողացել են պահպանել իրենց անկախությունը իսպանացի գաղութարարներից, այնուհետև նաև մեքսիկական իշխանություններից: Նրանք իրենց անկախությունը կորցրել են ավելի ուշ, երբ 1848 թվականին ԱՄՆ-ը նվաճում է Հյուսիսային Ամերիկայի հարավարևմտյան մասը: 1860-ական թվականների նավահոները բնակեցրել էին հիմնականում Արիզոնա (140.236 մարդ), Նյու Մեքսիկո (108.306 մարդ) և Յուտա նահանգները[4]:
Մեր օրերում նավահոների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, տարածված են նաև արհեստները: Նրանք ակտիվ մասնակցություն ունեն հնդկացիների կյանքի համար առավել լավ պայմաններ ստեղծելու պայքարում: Հավատացյալների մեծ մասը քրիստոնյա է, կան նաև կրոնների միախառնմամբ ստեղծված հավատալիքների հետևորդներ:
Նավահոների պատմական հողերը հայտնի են «Դինետա» անունով: Ներկայումս նավահո հնդկացիների մեծ մասը` մոտ 60 %-ը, ապրում է կիսաինքնավար տարածքում, որ հայտնի է Նավահո ազգ (անգլ.՝ Navajo nation) անունով: Տարածքի ամբողջ շրջակայքը բնակեցված է փոքրաթիվ հոպի ժողովրդի կողմից: Քանի որ հոպիները ակտիվ համագործակցում են արտաքին աշխարհի հետ, դա հաճախ կոնֆլիկտի առիթ է հանդիսանում նավահոների հետ: Չնայած բազմաթիվ փորձերին` ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռևս չի կարողանում լուծել նավահոների ու հոպիների միջև եղած կոնֆլիկտը:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Donovan, Bill. "Census: Navajo enrollment tops 300,000." Navajo Times 7 July 2011 (retrieved 8 July 2011)
- ↑ "Arizona's Native American Tribes: Navajo Nation." University of Arizona, Tucson Economic Development Research Program. Retrieved 19 Jan 2011.
- ↑ Watkins, Thayer. "Discovery of the Athabascan Origin of the Apache and Navajo Language." San Jose State University. (retrieved 28 Nov 2010)
- ↑ American Factfinder, United States Census Bureau
ԳրականությունԽմբագրել
- Iverson, Peter. Diné: A History of the Navahos. — Albuquerque: University of New Mexico Press, 2002 — ISBN 0-8263-2714-1.
- Джеймс Уиллард Шульц. «Сын племени Навахов»
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նավահո կատեգորիայում։ |