Նապոլեոնի թագ, Նապոլեոն Բոնապարտի թագադրման համար պատրաստված թագ, որն օգտագործվել է 1804 թվականի դեկտեմբերի 2-ին որպես ֆրանսիացիների կայսր թագադրվելիս։ Նապոլեոնն այդ թագն անվանել է «Կառլոս Մեծի թագ», ինչպես անվանվել է Ֆրանսիայի հնագույն թագավորական թագադրման թագը մինչև Ֆրանսիական հեղափոխության ժամանակ յակոբինների կողմից ոչնչացվելը։ Դա թույլ է տվել Նապոլեոնին զուգորդել իրեն ֆրանկների թագավոր և Սրբազան հռոմեական կայսրության կայսր, միջնադարյան հայտնի միապետ Կառլոս Մեծի հետ։

Նապոլեոնի թագը, որը նա անվանել է «Կառլոս Մեծի թագ»

ԱղբյուրներԽմբագրել

1790-ական թվականների ֆրանսիական հեղափոխությունը հանգեցրել է ֆրանսիական թանկարժեք հնագույն թագերի մեծ մասի ոչնչացմանը, ինչպես նաև ֆրանսիական միապետության վերացմանը և թագավոր Լուի XVI-ի ու թագուհի Մարի Անտուանետ մահապատժին։ Երբ տասը տարի անց Նապոլեոնը հայտարարել է իրեն ֆրանսիացիների կայսր, նա որոշել է ստեղծել իր համար կայսերական նոր տարբերանշաններ, որոնց մեջ կենտրոնական տարրը եղել է «Կառլոս Մեծի թագը»։ Այն պատրաստել է արքունի ոսկերիչ Մարտեն-Գիյոմ Բյեննեն 1804 թվականին[1]։

ԿիրառումԽմբագրել

Հենց թագադրման ժամանակ, որը տեղի է ունեցել ոչ թե ավանդական Ռեյմսի տաճարում,այլ Փարիզի Աստվածամոր տաճարում, Նապոլեոնը փաստացի օգտագործել է երկու թագ։ Սկզբում նա իր գլխին դրել է հռոմեական կայսրերի դափնեպսակ։ Դրանից հետո նա կարճ ժամանակով գլխին է դրել կայսերական «Կառլոս Մեծի թագ», ապա դրել այն կայսրուհի Ժոզեֆին դը Բոհարնեի գլխին։

Արտաքին տեսքԽմբագրել

Ինչպես և շատ այլ եվրոպական թագեր, Նապոլեոնի թագը բաղկացած է եղել ութ կիսակամարից։ Դրանք դրվագազարդված են անտիկ զարդաքանդակներով և սերդոլիկներով՝ երեսակված կաբոշոնով։ Կիսակամարների հատման տեղում գտնվում է ոսկե գունդ, որի վերևում գտնվում է խաչ։ Թագը նմանեցված է միջնադարյան ոճին և զուրկ է ադամանդներով ու թանկարժեք քարերով զարդարանքներից, որոնք նորաձև են եղել ավելի ուշ շրջանի թագերի ստեղծման ժանանակ։ Թագը տրամագիծը կազմում է 18,5 սմ, բարձրությունը՝ 25 սմ։

Առաջին կայսրությունից հետոԽմբագրել

 
Նապոլեոնը կայսերական գահին (դափնեպսակով). Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրի նկար, 1806 թվական

Նապոլեոնի թագը կիրառվել է մինչև 1815 թվականին նրա երկրորդ հրաժարումը։ Նապոլեոնի տապալումից հետո որպես Ֆրանսիայի թագավոր գահ է բարձրացել արքա Լուի XVIII-ը՝ Լուի XVI-ի եղբայրը։ Ի տարբերություն իր եղբոր և Նապոլեոնի՝ նոր թագավորը նախընտրել է թագադրում չանցկացնել։ Երբ 1824 թվականին արքա է դարձել նրա եղբայր Շառլ Բուրբոն-ը, նա վերականգնել է Ռեյմսում միապետի ավանդական թագադրման ծեսը և թագադրվել է մինչհեղափոխական ֆրանսիական թագով՝ Լուի XV-ի թագով։ Այդ թագադրությունը դարձել է վերջինը. 1830 թվականին Կառլոս X-ի գահընկեցությունից հետո այլևս չի եղել ոչ կայսերական, ոչ թագավոր թագադրում։

Երբ Նապոլեոն III-ը 1852 թվականին հռչակել է իրեն ֆրանսիական կայսր, նա հրաժավել է անցկացնել թագադրում և չի կրել Նապոլեոն I-ի թագը։ Ամեն դեպքում նրա և կայսրուհի Եվգենյայի համար ստեղծվել է երկու թագ՝ Նապոլեոն III-ի թագը և կայսրուհի Եվգենյայի թագը։

Ֆրանսիական գահի թանկարժեք իրերի վաճառքԽմբագրել

1885 թվականին, որպեսզի արգելի թագավորական կամ կայսերական վերականգնման հետագա փորձերը, Ֆրանսիայի Ազգային ժողովը որոշել է վաճառել ֆրանսիական գահի թանկարժեք իրերի հիմնական մասը։ Պատմության համար պահվել են միայն մի քանի թագեր, իսկ դրանց թանկարժեք մասերը փոխարինվել են գունավոր ապակիներով։ Նապոլեոն I-ի թագը եղել է սակավաթիվ պահպանվածներից մեկը։ Այժմ այն ցուցադրվում է Փարիզի Լուվրի Ապոլլոնի սրահում։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Heinz Biehn Die Kronen Europas und ihre Schicksale. — Wiesbaden: Limes Verlag, 1957.