Փարիզի Աստվածամոր տաճար
Փարիզի Աստվածամոր տաճար (Նոտղը Դամ դը Պաղի, ֆր.՝ Notre Dame de Paris, nɔtʁ dam də paʁi), կաթոլիկ եկեղեցի Փարիզի կենտրոնում, մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Տաճարը պատկանում է Փարիզի թեմին։ Տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում՝ Փարիզի 4-րդ շրջանում։ Տաճարի տեղում եղել է Փարիզի առաջին քրիստոնեական եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոսի բազիլիկը, որն էլ իր հերթին կառուցվել է գալա-հռոմեական Յուպիտեր աստծու տաճարի հիմքերի վրա։ Գոթական տաճարը կառուցվել է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլիի նախաձեռնությամբ՝ 1163-ից 1345 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Տաճարի խորանի հատվածը օծվել է 1182 թվականին։ Արևմտյան ճակատի և աշտարակների կառուցումն ավարտվել է XIII դարի երկրորդ քառորդին։ 1235 թվականից մեծ փոփոխությունների է ենթարկվել. նավի կոնտրֆորսերի միջև կառուցվել են մատուռներ (XIII դարի կեսեր), տրանսեպտի չափերն են մեծացրել (ճարտարապետեր՝ Ժան դը Շել, Պիեռ դը Մոնթրեյ), ավելացվել են դասի մատուռները (Պիեռ դը Շել, Ժան Ռավի) և դեամբուլատորիայի մեծ արկբուտանները (Ժան Ռավի, XIV դարի սկիզբ)։ XIX դարում Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի ղեկավարությամբ Ֆրանսիական հեղափոխությունից տուժած տաճարի արձանային հատվածը ռեստավրացիայի են ենթարկել, վերականգնել են նավի վարդակ պատուհանները և նոր ծայրաձող են տեղադրել[4]։
Հետագայում՝ 1831 թվականին՝ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» նովելի հրապարակումից հետո, կառույցի հանրաճանաչությունը վերածնվել է։ 1963 թվականի սկզբին տաճարի ճակատային հատվածը մաքրվել է դարերի ծխից և մրից՝ վերականգնելով իր իրական գույնը։ Մեկ այլ մաքրման և վերականգմնան արշավ է սկսվել 1991-2000 թվականներին[5]։
Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է։ Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը։
Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։
2019 թվականի ապրիլի 15-ին տաճարը հրդեհվել է[6]։ Այն կրել է մեծ վնասներ այդ թվում քանդվել է սրածայր գմբեթը և վնասվել տանիքի 2/3-ը։ Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը տաճարում ընթացող վերականգնողական աշխատանքներն են[7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://mairiepariscentre.paris.fr/equipements/notre-dame-de-paris-1202
- ↑ base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Ларусс 1979 года в 22-х томах, т. 15, с. 6596
- ↑ «History of the Construction of Notre Dame de Paris» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Փարիզի Աստվածամոր տաճարում՝ հուժկու հրդեհ
- ↑ Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում․ LIVE(չաշխատող հղում)
- ↑ Տաճարի ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 18:50-ին: Հրշեջներն ասում են, որ հրդեհը «ամենայն հավանականությամբ կապված է» վերականգնման աշխատանքների հետ:
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի Աստվածամոր տաճար» հոդվածին։ |