Նայիրի (գրահրատարակչական համալիր)

գրահրատարակչական համալիր

«Նայիրի», գրահրատարակչական համալիր։

Նայիրի
Տեսակհրատարակչություն
ՎայրԹեհրան, Իրան
Երկիր Իրան

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1948 թվականին Թեհրանում՝ ազգային, հասարակական գործիչ Սամվել Սարուխանյանի նախաձեռնությամբ։ 1969 թվականից Սարուխանյանի հետ համագործակցել է մանկավարժ, հրատարակիչ, ազգային գործիչ Սեպուհ Ամիրխանյանը (որը 1986-2011 թվականներին եղել է տնօրեն)։ Տպարանը վերասարքավորվել է ժամանակի լավագույն օֆսեթ և «Հայդելբերգ» տպագրական մեքենաներով։

«Նայիրին» պետական արտոնագիր ունեցող միակ հայալեզու հրատարակչությունն է Իրանում։ Հրատարակում է գիտական, գեղարվեստական, արվեստագիտական, երաժշտագիտական, երաժշտական, հոգևոր գրականություն, բառարաններ, զրուցարաններ, օրացույցներ, ալբոմներ՝ հայերեն, պարսկերեն, անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով։

«Նայիրիի»-ի կարևոր հրատարակություններից են Ա. Իսահակյանի «Ուստա Կարօ եւ օրթէ Յարութ» (1959) վեպը, Ա. Սարյանի «Պատմութիւն Չարմահալ գաւառի» (1980), Պ. Սևակի «Անլռելի զանգակատունը» և «Հատընտիրը» (երկուսն էլ՝ 1982), Արտակ արք. Մանուկյանի «Հայ եկեղեցու տոները» (1984), Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» (1991) պոեմը, Հ. Հախնազարյանի «Գողթան գաւառը» (1991) երկը, Ս. Մալխասյանցի «Հայերէն բացատրական բառարանը» (1994), Վ. Հարությունյանի «Հայերէն-պարսկերէն բառարանը», Հ. Մանսուրյանի «Պարսկերէն-հայերէն բառարանը», Մ. Խաչատրյանի «Հայերէն-անգլերէն-պարսկերէն բառարանը» (երեքն էլ՝ 2006), Կորյունի «Վարք Մաշտոցի» (2002), Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց», Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկերի պարսկերեն (առաջին անգամ) թարգմանությունները, նաև «Հայաստանը Սելեւկեանների ժամանակաշրջանում», «Հայաստանի եւ Իրանի պատմական, մշակութային առնչութիւնները» ուսումնասիրությունները, իրանահայ բանաստեղծների գործերից, Հ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Ա. Խնկոյանի և այլ մանկագիրների հեքիաթներ ու բանաստեղծություններ, խորհրդահայ գրողների գործեր, թարգմանական գրական, հրապարակախոսական երկեր (Ա. Հարությունյանի «Սպիտակ ջարդը եւ հայերը», 2004, «Չքաւոր ժողովուրդն է, որ երկիր է պահում», 2007, Նշան Թոփուզյանի «Պահանջատիրութեան ոգիով», 2005, Վ. Իսախանյանի «Արաքի Քեազազ գաւառի Քալաւա գիւղը...», 2009, ևն)։

2004, 2008 և 2010 թվականներին լույս է ընծայել «Նայիրի» տարեգրքի Ա, Բ, Գ հատորները (խմբագիր՝ Ս. Ամիրխանյան)։

Մշտապես համագործակցում է Հայաստանի և Սփյուռքի հայտնի հրատարակչությունների և տպարանների հետ, փոխանակում գրքեր։

2011 թվականին «Նայիրիի» տնօրեն է դարձել Նարեկ Ամիրխանյանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։