Յուվարաշ Ավչյան

գյուղատնտեսական արտադրության հայ խորհրդային ​​կազմակերպիչ և առաջավոր

Յուվարաշ Հակոբի Ավչյան (1903, Հայաստան), գյուղատնտեսական արտադրության հայ խորհրդային կազմակերպիչ և առաջավոր։ ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի «III Ինտերնացիոնալ» կոլտնտեսության նախագահ։ 1950 թվականին ստացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, որից հինգ տարի անց զրկվել է կոչումից։

Յուվարաշ Ավչյան
Ծնվել է1903
ԾննդավայրՀայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զբաղեցրած պաշտոններկոլտնտեսության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Լենինի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1903 թվականին ժամանակակից Հայաստանի տարածքում։ Ապրել է Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ) Մեծ Շահրիար գյուղում (1950 թվականից՝ Նալբանդյան)[1]։

1930-1951 թվականներին եղել է «III Ինտերնացիոնալ» կոլտնտեսության նախագահը, որը գտնվել է Հոկտեմբերյանի շրջանում։ Կոլտնտեսության ոռոգելի դաշտերում մշակվել է բամբակ։ Նրա ղեկավարությամբ կոլտնտեսությունը պարբերաբար գերակատարել է բամբակի և գյուղատնտեսական մյուս մշակաբույսերի բերքատվության պետական պլանը և դրանց պետությանը հանձնման սահմանված առաջադրանքները[1]։

1949 թվականին, ըստ փաստաթղթերի, Հոկտեմբերյան քաղաքի բամբակի մթերման կետին է հանձնվել 5972,7 ցենտներ բամբակ։ Այսպիսով, 1 հեկտարից միջին բերքատվությունը կազմել է 35,1 ցենտներ 170 հա տարածքում։ Այդ արդյունքը պարգևներ ստանալու իրավունք է տվել չորս կոլտնտեսականի, այդ թվում՝ նախագահին, ովքեր դարձել են Սոցիալիստական աշխատանքի հերոսներ։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1950 թվականի հունիսի 14-ի հրամանագրով ոռոգելի հողերից ծխախոտի և բամբակի բարձր բերք ստանալու, կոլտնտեսության կողմից բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների պարտադիր մատակարարումների սահմանված առաջադրանքները կատարելու, 1949 թվականին բոլոր մշակաբույսերը սերմերով ապահովելու համար 1950 թվականին Յուվարաշ Ավչյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[1]։

1951 թվականին որպես կոլտնտեսության նախագահը տեղափոխվել է Հոկտեմբերյանի շրջանում գտնվող Արգավանդ գյուղ։ Շուտով գյուղի կոլտնտեսությունը դարձել է տարածաշրջանի առաջատար բամբակագործական տնտեսություններից մեկը[1]։

1952 թվականին ԽՍՀՄ բամբակագործության նախարարությանն ուղարկված Նալբանդյան գյուղի բնակչի նամակի հիման վրա ստուգվել է 1949 թվականի բամբակի բերքատվության արդյունքները։ Նամակում Ավչյանը մեղադրվել է բամբակի բերքատվության վերաբերյալ տվյալները կանխամտածված կեղծելու մեջ՝ բարձր պարգևներ ստանալու համար։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ 1949 թվականի դեկտեմբերին բամբակի մթերման կետի և կոլտնտեսության միջև փոխադարձ հաշվարկներ կատարելիս թույլ է տրվել սխալ՝ վերջնահաշվակի արդյունքում աղտոտվածության և չորացման նորմատիվային չափերով մթերման ծավալը նվազեցնելու հետո պարզվել է, որ փաստացի հանձնվել է 4856 ցենտներ բամբակ, իսկ միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմել է 28,6 ցենտներ։

Նման արդյունքն այլևս իրավունք չի տվել ստանալ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ Սխալ հաշվարկը ճանաչվել է տեխնիկական սխալ, այն կոլտնտեսության նախագահի կողմից շահադիտական նպատակներ չի հետապնդել։ Երեք տարի նամակագրություն իրականացնելուց հետո, չնայած ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը դեմ է եղել Ավչանին կոչումից զրկելուն, սակայն ի վերջո հակառակ որոշում է կայացվել[1]։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1955 թվականի մարտի 5-ի հրամանագրով չեղյալ է համարվել Յուվարաշ Հակոբի Ավչյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին 1950 թվականի հունիսի 15-ի հրամանագիրը[1]։ Մնացած պարգևներից նա չի զրկվել։

Յուվարաշ Ավչյանը զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Բնակվել է Արգավանդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)։ Մահվան ամսաթիվն անհայտ է[1]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Յուվարաշ Ավչյանը ստացել է հետևյալ պարգևները[1]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1950 թվականի հունիսի 14, Լենինի շքանշան - № 123097 և Մուրճ և մանգաղ մեդալ - № 5132, 1955 թվականին զրկվել է կոչումից),
  • Լենինի շքանշան (8.02.1944),
  • Մեդալներ։

Ծանոթագրություններ խմբագրել