Յակ-12-ի առևանգման փորձ Երևանի մոտ

1961 թվականի սեպտեմբերի 10–ին՝ կիրակի օրը, Երևան քաղաքի օդային սահմանի մոտ երեք զինված տղամարդկանցից կազմված խումբը փորձել է առևանգել «Աերոֆլոտ» ընկերության «Յակ-12» թեթև շարժիչով ինքնաթիռը և դրանով փախչել Թուրքիա։ Սակայն օդաչուի դիմադրության շնորհիվ ինքնաթիռը վթարվել է քաղաքի մոտակայքում, որի հետևանքով առևանգիչներից մեկը մահացել է, իսկ մյուսները ձերբակալվել և դատապարտվել են։

Յակ-12-ի առևանգման փորձ Երևանի մոտ
Ընդհանուր տեղեկություններ
Թվականսեպտեմբերի 10, 1961
Ժամանակ1961 թվականի սեպտեմբերի 10, ժամը 08:09
ՎայրՇենգավիթ վարչական շրջան, ,
Թռիչքի վայրԷրեբունի օդակայան
Վերջնական կետԵղեգնաձոր
Զոհվածներ1 մարդ
Օդանավ
ՄոդելՅակ–12Մ
Ուղևորներ3
Անձնակազմ1
Կենդանի մնացած3

Ուղևորներ

խմբագրել

Ինքնաթիռում եղել են երեք ուղևոր[1]։

  • 18-ամյա Սերժ Թումանյան՝ Երևանի դրամատիկական թատրոնի դերասան և Երևանի պետական համալսարանի ուսանող։
  • 25-ամյա Հենրիկ Սեկոյան՝ բժշկական քոլեջի շրջանավարտ, սակայն աշխատել է կիրառական մաթեմատիկայի ԳՀԻ-ում որպես փականագործ–գործիքագործ։
  • 27-ամյա Գարեգին Մովսիսյան՝ զբաղվել է ապրանքների վերավաճառքով։

Բոլոր երեքն էլ դեմ են եղել խորհրդային կարգերին և երազել են արտասահմանում հրապարակել Խորհրդային Միությունում Ստալինյան բռնապետության մասին ինֆորմացիան։ Օդաչու Էրնիկ Գրիգորյանի հետ ծանոթանալուց հետո, Հենրիկ Սեկոյանը նրանից օդանավ վարելու մի քանի դասեր է առել, որից հետո եռյակը որոշել է փախչել արտասահման՝ առևանգելով ինքնաթիռը, որը պետք է վարեր Սեկոյանը։ 1961 թվականի սեպտեմբերի 10–ին՝ առավոտյան ժամը 6–ին խումբը ժամանել է Էրեբունի օդանավակայան, որտեղ ուրիշ ազգանուններով ձեռք է բերել տեղական չվերթի երեք տոմս[1]։

Առևանգում

խմբագրել

Այդ առավոտ թիվ 44348 ինքնաթիռը քաղաքացիական չվերթ պետք է իրականացներ Երևան–Եղեգնաձոր երթուղով, օդանավը վարել է 25-ամյա Էդուարդ Բախշինյանը։ Սրահ են բարձրացել երեք ուղևոր. Սեկոյանը տեղավորվել է օդաչուի մոտ, իսկ Թումանյանն ու Մովսիսյանը՝ հետևում։ Ժամը 08:05–ին Յակ-12–ը օդ է բարձրացել, իսկ հաշված րոպեներ անց օդաչուն հայտնել է. «Բարձրությունը հարյուր մետր է, խնդրում եմ թույլատրել շարժվել ընթացուղիով», որին ի պատասխան ենթակարգավարը թույլատրել է հետևել տեղային օդային գծերի սահմանված երթուղուն[2][3]։

Ժամը 08:09–ին, երբ ինքնաթիռը թռել է Արաքս գետի վրայով, կապը հանկարծակի ընդհատվել է։ Սեկոյանը դանակով կտրել է ռադիոկայանի լարերը։ Դրան զուգահեռ հետևի երկու ուղևորը հարձակվել են օդաչուի վրա՝ նրան դանակով վնասվածքներ հասցրել, որից հետո քաշել են աթոռից։ Այդ ընթացքում ինքնաթիռը սկսել է օդում տարբեր շարժուձևեր կատարել. մեկ կտրուկ բարձրություն է հավաքել, մեկ ցած իջել։ Օդանավի ղեկը կառավարել է Սեկոյանը, որը սակայն չի կարողացել պահպանել հորիզոնական թռիչքը, քանի որ չի իմացել սարքատախտակի վրա բարձրության ղեկի տեղը, որի կառավարման բռնակը գտնվել է ղեկից ձախ, այն դեպքում, երբ նույն բռնակը ձգված է եղել, որպեսզի ինքնաթիռի քթամասը դեպի վերև մնա։ Այդ ժամանակ Բախշինյանը գոռացել է, որպեսզի օդաչուին վերադարձնեն ղեկի մոտ, հակառակ դեպքում բոլորը կկործանվեն, ինչի հետ առևանգիչները ստիպված համաձայնվել են։

Ստանալով ղեկը՝ օդաչուն բարձրության ղեկը բերել է չեզոք վիճակի՝ դրանով օդանավին բերել նորմալ թռիչքային վիճակի, բայց հետո ղեկը հանկարծակի աջ է թեքել, ինչից հետո առևանգիչների ոտքերը գետնից կտրվել են, քանի որ Յակ-12–ը շուռ գալով՝ դեպի ներքև է սլացել։ Այնուհետև մոտ 200 կմ/ժ արագության տակ ղեկն ամբողջ ուժով քաշել է դեպի իրեն, որպեսզի ինքնաթիռի քթամասը բարձրանա, սակայն այդ մանևրից դուրս գալու համար բարձրությունը չի հերիքել։ Ժամը 08:11–ին ինքնաթիռն անիվներով կպել է ծառերին և քթի վրա շուռ եկել դաշտում, շրջվել մեջքի վրա և կործանվել։ Ամբողջ թռիչքը տևել է 6 րոպե[3]։

Վթարի հետևանքով բոլորը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, առավել ծանր վնասվածքներ է ստացել Գարեգին Մովսիսյանը, որը հետագայում հիվանդանոցում մահացել է (մեկ տվյալով՝ մի քանի ժամ անց[1], մեկ այլ տվյալով՝ հաջորդ օրը)։ Մյուս առևանգիչներին բռնել են ինքնաթիռին մոտեցած գյուղացիները[3]։

Հետևանքներ

խմբագրել

ՏԱՍՍ-ի հաղորդագրության համաձայն՝ օդաչուն ստացել է դանակի 9 վերք, բայց ողջ է մնացել (վնասվածքները խոր չեն եղել, քանի որ հասցվել են ծալովի դանակով)[4]։ Բուժումից 51 օր անց նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնացել, և նա նորից որոշել է վերադառնալ ավիացիա՝ արդեն վարելով մեծ ինքնաթիռներ[3]։ Դեպքից երկու ամիս անց Բախշինյանը հրավիրվել է Մոսկվա՝ կոմերիտմիության կենտկոմի պլենումին, որտեղ պարգևատրվել է Կարմիր դրոշ շքանշանով[5][6]։ 1964 թվականին նա ամուսնացել է[2]։

Թումանյանն ու Սեկոյանը դատապարտվել են գնդակահարության, սակայն, որոշ տվյալներով, նրանց չեն գնդակահարել, այլ ուղարկել են ուրանի հանքարան, որտեղ էլ նրանք մահացել են[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Софяник, Олег (2017 թ․ մայիսի 6). «Схватка в воздухе. Попытка угона армянскими диссидентами самолета в Турцию» (ռուսերեն). Тайны истории. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 Шуваева-Петросян, Елена (2013 թ․ սեպտեմբերի 10). «Выполняя долг священный свой» (ռուսերեն). Собеседник Армении. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Эдуард Аянян, Такуи Асланян (2013 թ․ օգոստոսի 1). «Дела небесные» (ռուսերեն). imYerevan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  4. «Дороже жизни». ТАСС. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  5. «Эдик Бахшинян и Рубен Есаян — рыцари армянского неба» (ռուսերեն). Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  6. Сергей Дроздов Воздушные пираты Страны Советов(ռուս.) // Авиация и время. — 2009. — № 2.

Արտաքին հղումներ

խմբագրել