Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում

Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում (ռուս.՝ Сталинские репрессии в Армении), 1920-1950-ականներին Հայկական ԽՍՀ-ում տեղի ունեցած քաղաքական զանգվածային բռնաճնշումներ, որոնք ընդգրկել են Հայաստանի ողջ բնակչությունը, այդ թվում հանրապետության ղեկավարներին, հոգևորականությանը, մտավորականությանը և ունևոր գյուղացիներին։ Բռնաճնշումները ընդգրկում էին հակահեղափոխական գործունեության, լրտեսության, հակախորհրդային քարոզչության կասկածանքով մարդկանց հետապդնումները, ինչպես նաև գույքի պետականացմանը, բնակչության բռնի տեղահանմանը խոչընդոտող կուլակների հետապնդումները։

Հատված «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի տարբեր համարներից կազմված «Ստալինյան բռնաճնշումներին (1930-1938 թվականներ) ենթարկվածք Հայաստանի քաղաքացիների ցանկեր» հավաքածուից, Սախարովի կենտրոն

Բռնաճնշումները, որոնք գագաթնակետին էին հասել 1936-1938 թվականներին (Մեծ տեռոր կամ եժովշչինա), իրականացվում էին ՆԳԺԿ մարմինների մասնակցությամբ` համաձայն վերադաս մարմինների հրահանգների։

Բռնաճնշումների հետազոտություն խմբագրել

Հայաստանում ստալինյան բռնաճնշումների ամբողջական ուսումնասիրությունը հնարավոր դարձավ 1990-ականների սկզբներին ՀՀ ԱԱՆ արխիվը բացելուց հետո։ Այն կատարվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության Պետական անվտանգության կոմիտեի առաջին նախագահ Հուսիկ Հարությունյանի օրոք (ով 1949 թվականի հունիսի 14-ին ընտանիքի անդամների հետ աքսորվել էր Հայաստանից)։ Այդ աշխատանքներն առավել ակտիվացան ՀՀ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին, ում պապը 1937 Մեծ տեռորի զոհերից էր։ Մասնավորապես, հրապարակվեցին բազում հոդվածներ, տպագրվեցին գրքեր, նկարահանվեցին փաստագրական ֆիլմեր և այլն[1]։

Սանձազերծված ստալինյան բռնաճնշումների ուսումնասիրությունը Հայաստանում փաստացի սկսվել է 1990-ականների սկզբներին, երբ բացվել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության համապատասխան արխիվը։ Այդ տարիներին եղան բռնության ենթարկված բազմաթիվ անձանց մասին հրապարակումներ (Հր. Ավետիսյանի, Ա. Վիրաբյանի, Ա. Սաքանյանի, Ա. Հովհաննիսյանի, Կ. Խալատովայի, Ստ. Ղարիբջանյանի, Դ. Գասպարյանի և այլոց հոդվածները[2]), սակայն երևույթն ամբողջությամբ այդպես էլ չներկայացվեց[3][4][5]։ Հրապարակվել են նաև այդ ժամանակաշրջանի Հայ առաքելական եկեղեցուն վերաբերվող արժեքավոր փաստաթղթեր[6]։

Զոհերի թիվը խմբագրել

Հայաստանում Ստալինյան բռնաճնշումները առավել բազմաքանակ զոհեր են եղել 1930-ականներին և 1949 թվականի հունիսի 14-ին[1]։ Մեծ էր բռնադատված մտավորականների, գրականության և արվեստի ներկայացուցիչների, հասարակական-քաղաքական, պետական գործիչների և, ընդհանրապես, հասարակության ակտիվ սերուցքը ներկայացնող խավերի քանակը 1937-1938 թվականներին։ 1920-1953 թվականներին ստալինյան բռնաճնշումների հայաստանիների թվի ճշտումը առաջին անգամ կատարվել է ՀՀ ԱԱՆ և ՆԳՆ արխիվների ցուցակային տվյալների հիման վրա (1930-1938 թթ. բռնաճնշումների ցուցակները՝ «Հիշեն անուն առ անուն» վերտառությամբ 1993-1996 թվականներին հրապարակվել է Հայաստանի Հանրապետություն և Ռեսպուբլիկա Արմենիա թերթերում)։ Սակայն, ինչպես նշում է Արմենակ Մանուկյանը, այդ ցուցակներում ընդգրկված են նաև լրտեսության, հայրենիքի դավաճանության, սահմանի ապօրինի անցման, բանդիտիզմի համար դատապարտվածները, որոնց մեծամասնությունը չի կարելի համարել քաղաքական բռնությունների զոհ, առավելևս, որ նրանց մի մասը չի արդարացվել անգամ մեր ժամանակներում։ Քաղաքական բռնաճնշումների ենթարկվածների ընդհանուր քանակը փոքր շեղումներով մոտ 42 հազար մարդ է, ինչը սակայն չի խանգարում ներկայացնելու այդ երևույթն ամբողջությամբ[1]։

Հայաստանի Հանրապետության բռնազավթումը Խորհրդային Ռուսաստանի կողմից խմբագրել

 
Ռուսական օկուպացիոն Կարմիր բանակը ներխուժել է Երևան, 1920 նոյեմբեր

1918 թվականի սեպտեմբերին հիմնադրված Հայաստանի Հանրապետությունը, որը հայկական առաջին անկախ պետություններ էր 1375 թվականի Կիլիկիայի հայկական թագավորության անկումից ի վեր, երկու տարի անց՝ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Ռուսաստանի կողմից ենթարկված բռնազավթման։ Հայաստանի Հանրապետությունը օկուպացնելուց և խորհրդային կարգեր հաստատելուց հետո ռուսական իշխանությունը մի քանի ամիս անց կանգնեց քաղաքացիական կռիվների իրողության առաջ։ 1921 թվականի Փետրվարյան ապստամբությունը կարճատև հաջողությունից հետո ճնշվեց ռուսական բանակի միջոցով։ 1922 թվականին՝ ԽՍՀՄ կազմավորումից հետո, Հայաստանը դարձավ այդ պետության հանրապետություններից մեկը։ Այս պահից մինչև 1991 թվականը Հայաստանի հետագա պատմությունն անքակտելի է դառնում այդ բռնապետության պատմությունից՝ ունենալով մասնակից ազգային և տեղական բնույթի յուրահատկություններ[1]։

1920-ականներից մինչև 1953 թվականի Խորհրդային Միությունում իրականացված քաղաքական բռնաճնշումները խոր բացասական ազդեցությունը ունեցան հասարակության և երկրի հետագա զարգացման վրա։ Հայաստանը այդ տարիներին, բռնազավթված լինելով Խորհրդային Ռուսաստանի կողմից, ԽՍՀՄ հանրապետություններից մեկն էր, ուստի լիովին կրեց ստալինյան բռնաճնշումների արհավիրքները։ 1920-ականի երկրորդ կեսին, 1930-ականներին և 1949 թվականին ԽՍՀՄ-ում ալիք առ ալիք բարձրացած ստալինյան բռնաճնշումները ցնցեին ինչպես ողջ խորհրդային պետությունը, այդպես էլ այդ բռնապետության մաս կազմողվ Հայաստանը[1]։

1920-1936 քաղաքական բռնաճնշումները խմբագրել

1920-ականներին սոցիալ-տնտեսական ասպարեզում Հայաստանում, ինչպես և ողջ ԽՍՀՄ-ում, փորձեր կատարվեցին լուծելու հանրապետության առջև կանգնած անմիջական խնդիրները, ներդվեց Նոր տնտեսական քաղաքականությունը՝ ՆԷՊ-ը, և այլն, սակայն դրանք չհասցվեցին ցանկանալի և տրամաբանական ավարտի[7]։

1920-ականների երկրորդ կեսին Խորհրդային Միությունում սկսված ներքաղաքական պայքարի իր արտահայտություններն ունեցավ նաև Հայաստանում, սակայն մինչ այդ, 1921-1922 թվականներին, Հայաստանում արձանագրվեցին զանգվածային բռնությունների առաջին դրսևորումները՝ Հայաստան առաջին Հանրապետության 1400 նախկին սպաներ, այվ թվում՝ գեներալներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, աքսորվեցին Ռուսաստանի Ռյազան քաղաքը[8]։

Հետագա տարիներին խորհրդային Հայաստանի իշխանությունների համար միշտ առկա էր ՀՅԴ «վտանգը»[9]։ 1920-ականներին Հայաստանի արտակարգ հանձնաժողովում, ապա ՊՔՎ-ում վարվող գործերի մեծամասնությունը նախկին դաշնակցական գործիչների կամ ընդհատակյա դաշնակցական կազմակերպությունների անդամների դեմ էր։ Ըստ ՀՀ ԱԱՆ արխիվի տվյալների՝ 1920-1930 թվականներին Հայաստանում քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է 1246 մարդ, որոնցից 52 մարդ ազատազրկվել է 1 տարով, 98 մարդ՝ 2 տարով, 545 մարդ՝ 3 տարով, 87 մարդ՝ 5 տարով, 14 մարդ՝ 10 տարով, 1 մարդ՝ 15 տարով, 44 մարդ գնդակահարվել է, իսկ 301 մարդ տարբեր պատճառներով ազատ է արձակվել։ Դատապարտվածների մեծ մասը գյուղացիներ էին, մնացածը՝ 51 զինվորական, 33 ծառայող, 27 մանկավարժ, 12 հոգևորական, 2 գրող, 1 գրականագետ, 2 բժիշ, 1 շրջկոմի քարտուղար, 1 գյուղխորհրդի նախագահ, 3 սովորող։ Ըստ շրջանների դատապարտվածների պատկերը հետևյալն՝ 297 մարդ՝ Երևանից, 227 մարդ՝ Գյումրիից, 89 մարդ՝ Էջմիածնից, 58 մարդ Եղեգնաձորից, 41 մարդ՝ Գավառից, 38 մարդ՝ Գորիսից, 33 մարդ՝ Աշտարակից, 33 մարդ՝ Դիլիջանից, 23 մարդ՝ Գառնիից, 21 մարդ՝ Կապանից, 19 մարդ՝ Արտաշատից, 14 մարդ՝ Հոկտեմբերյանից, 11 մարդ՝ Մեղրիից և այլն[10]։

Դաշնակցականներից բացի, 1920-ականներին աչքի են ընկնում նաև մի քանի բանդիտական խմբերի բացահայտման մասին գործերը, ինչպես նաև թուրքական հյուպատոսարանի հետ կապերի մեջ մեղադրվող Գ. Խուդոյանի, հայ սպեցիֆիկների առաջնորդ, գրականագետ Դ. Անանունի, տրոցկիզմի մեջ մեղադրվող Կապանի շրջկոմի քարտուղար Ա. Մանուկյանի գործերը։ Ուշագրավ են նաև եկեղեցականների նկատմամբ գործերը, որոնց մեջ, անշուշտ, առանձնանում են Սրապիոն եպիսկոպոս Սամուելյանի, կաթոլիկ եկեղեցու վարդապետ Ներսես Ակինյանի, ավետարանչական եկեղեցու Գյումրու համայնքի ղեկավար Ռափայել Մելիք-Ադամյանի գործերը։

Անհրաժեշտ է ընդգծել նաև այն բանը, որ Փետրվարյան ապստամբությունից հետո Հայաստանում վերջնականապես պարտված ՀՅԴ-ն 1920-ականներին արտասահմանից դեռևս շարունակում էր գործնական պայքարը խորհրդային բռնապետության դեմ, և այդ ժամանակաշրջանում ՊՔՎ-ի կողմից, իրոք, բացահայտվում էին նրանց գործողությունները հանրապետության տարածքում։ Դրա մասին վկայություն է տալիս նաև 1929 թվականին արտասահման փախած, նախկինում Իրանում ԽՍՀՄ հետախուզության ռեզիդենտ Գ. Աղաբեկովը[11]։ Պատմաբան Արմենակ Մանուկյանի կարծիքով, ՀՀ ԱԱՆ արխիվի գործերի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ 1920-ականներին կազմված գործերը, գրեթե առանց բացառության, հավաստի տվյալների հիման վրա են, ինչը չի կարելի ասել 1930-ականների հատկապես երկրորդ կեսի գործերի մասին, որտեղ գերակայում են շինծու գործերը։ Նախ, Հայաստանի արտակարգ հանձնաժողովը փնտրում էր ՀՅԴ նախկին ակտիվիստներին, ինչը տրամաբանական հետևանք էր Փետրվարյան ապստամբության։ Այսպես, 1921 թվականին ձերբակալվում և գնդակահարվում է ենթասպա Աավետիս Դադայանցը, որը ծառայել է Գարեգին Նժդեհի զորամսերում, եղել Յապոնի (Արմենակ Պարոնյանի) ղեկավարած հակահետախուզական ջոկատում[12]։ նույն ճակատագրին է արժանանում խմբապետ Յապոնը, որին ձերբակալում են 1924 թվականի հուլիսին Զանգեզուրում։ Գործերի նյութերը, պատմաբան Արմենակ Մանուկյանի վկայությամբ, պատմում են այն մասին, որ 1918 թվականին Յապոնը եղել է Բաքվում, որտեղ գլխավորել է հեծելազորային դիվիզիոն, ապա Հյուսիսային Կովկաս է տեղափոխվել և ծառայել Դենիկինի բանակի հակահետախուզությունում, իսկ վերջինիս ջախջախումից հետո տեղափոխվել է Զանգեզուր, որտեղ սկզբում վաշտի հրամանատար էր, այնուհետև՝ ռազմաճակատի հրամանատար Կապանի ուղղությամբ։ 1920 թվականին Կարմիր բանակի Զանգեզուր մտնելուց հետո, նրան մի քանի սպաների հետ ուղարկում են Բաքու, որտեղից աքսորում են Նարգեն կղզին։ Այնտեղից նա փախչում է և հայտնվում Երևանում, հետո Զանգեզուրում և Նժդեհի կողմից նշանակվում Սիսիանի պարետ, ապա դառնում է հակահետախուզության պետ, որտեղ «ոչնչացնում է շատ կոմունիստների»։ Կարծում ենք անհրաժետշու[13]։

Որպես ՀՅԴ նախկին անդամ, Փետրվարյան ապստամբության մասնակից և ընդհատակյա ՀՅԴ անդամ, 1922 թվականին երկու տարով Պետրոզավոդսկ է աքսորվում Արմենակ Բաղդասարյանը, իսկ «Խորհրդ. Հայաստանի համար որպես վնասարար տարրեր և Դաշնակցության ակտիվ մարտականներ»՝ Ռուբեն Թաթոյանը, Արամ Օգանեզովը, Ալեքսան Էլիզբարյանը և միքայել Օհանյանը՝ 5 տարի ժամեկտով[14]։ 1922 թվականի ամռանը ձերբակալվում և հինգ տարի ազատազրկում է ստանում Դրոյի 2-րդ հայկական կամավորական ջոկատում մարտնչած, մաուզերիստ Լևոն Մելիքսեթյանը, երեք տարի՝ նույն ջոկատի կամավոր, դրոշակակիր Խաչատուր Շահբազյանը և երկու տարի՝ Անդրանիկի առաջին հայկական կամավորական ջոկատի վաշտի հրամանատար Հովհաննես Ախեյանը[15]։ 1922 թվականին Թբիլիսիում Ջեմալ փաշայի սպանությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են 16 մարդ, որոնցից 14-ը ազատ են արձակվել, իսկ Անդրանիկի խմբապետերից Մավարշ Բասենցյանը և Հովհաննես Գյուլխանդարյանը 5 տարով աքսորվել են Ռուսաստան։ Պատմաբան Արմենակ Մանուկյանի վկայությամբ, վերոնշված կասկածանքները տվյալ գործով չձերբակալվածների նկատմամբ չեն հաստատվում[16]։

1924 թվականին Երևանում ձերբակալվում են ընդհատակյա ՀՅԴ հինգ անդամ, որոնցից Զազիկ Բաղրամյանը և Արշակ Սարուխանյանը Երևանի կազմակերպության Կենտկոմի անդամներ էին։ Նրանց սկզբում դատապարտում են տարբեր ժամկետների աքսորի (1-ից 5 տարի), սակայն 1925 թվականի հունիսին ազատ են արձակում՝ արգելելով 3 տարի ժամկետով բնակվել Անդրկովկասում և ԽՍՀՄ-ի խոշոր քաղաքներում[17]։ 1927 թվականի նոյեմբերին Էջնիածնի շրջանում ձերբակալվում են 59 մարդ, որոնք մեղադրվում են ՀՅԴ ընդհատակյան անդամակցության մեջ։ Նրանցից 5-ին ազատ են արձակում հանցանքի անապացուցելի լինելու, 1-ին՝ սոցիալական դրության համար, 4-ին՝ հաշվի առնելով տարիքը, իսկ մյուսները դատապարտվում են 3-ական տարի աքսորի[18]։

Ուշագրավ է 1927 թվականի մայիսին Նախիջևանից Երևան մեկնող գնացքում ձերբակալված Երևանի համալսարանի ուսանող Ալեքսանդր Եսայանի գործը, որին կալանավորել են՝ մոտը հայտնաբերելով դաշնակցական նամակներ։ Նա փաստորեն ընդհատակյան ՀՅԴ սուրհանդակն էր և դատապարտվում է աքսորի 3 տարի ժամկետով[19]։ 1928 թվականին Երևանում բացահայտվում է 12 հոգանոց դաշնակցական կազմակերպություն՝ Միքայել Մելիք-Մուրադովի գլխավորությամբ։ Նրան ազատազրկում են 10 տարով, իսկ մյուսներին՝ 3-ից 5 տարով[20]։ 1929 թվականի վերջին Երևանում ձերբակալվում են ընդհատակյան ՀՅԴ 35 անդամ, որոնց ղեկավարն էր Գրիգոր Մոկացին, իսկ դրանից քիչ անց, Էջմիածնի շրջանում՝ 33 մարդ և այլն[21]։ Այս ամենից հասկանալի է դառնում, ինչպես եզրակացնում է պատմաբան Արմենակ Մանուկյանը, նաև 1927 թվականի հուլիսին դաշնակցական բանակի գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության նախկին ղեկավար աշխատակիցներ Վահագ Մուրադյանի, Միքայել Դոդոխյանի, Գրիգոր Խաչատրյանի, Գրիգոր Երամովի ձերբակալությունը և երկարատև ժամկետով (10 տարի) դատապարտումը[10]։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ նրանք մեղադրվում են «Դաշնակցական ժամանակաշրջանում ակտիվ հակահեղափոխական գործունեություն վարելու և այլ ժամանակ լրտեսական գործունեության մեջ՝ անգլիացիների օգտին»[22]։

Հայաստանում 1920-ականների սկզբներին թուրքական հյուպատոսարանի հետ կապերի համար լրտեսության մեջ են մեղադրում նաև «Զանգի» գյուղատնտեսական ընկերության վարչության նախագահի տեղակալ Գեղամ Խուդոյանը, որն աքսորվում է 2 տարով, և ուսուցիչ Միր-Հուսեյն Միր-Բաղիրովը, որին աքսորում են 3 տարով[23]։

1920-ականի սկզբներին, մասնավորպաես 1923 թվականի գարնաննը սահմանը գաղտնի անցնելու փորձ կատարելիս ձերբակալվում են 10 հոգի՝ «ընդհատակյա քաղաքական շայկա», Պողոս Սիմոնյանի գլխավորությամբ։ Այդ խմբի մասին ԱՀ-ը նախնական տվյալները ստացել էր Թավրիզի ռեզիդենտուրայից, որտեղից հայտնել էին, որ սահմանը անցնելու են փետրվարյան ապստամբության ակտիվ մասնակիցները։ Այս անգամ առավել խիստ էր խորհրդային իշխանությունների վճիռը, և խմբի 2 անդամներ դատապարտվեցին գնդակահարության, իսկ մյուսները՝ 2-ից 5 տարի ազատազրկման[24]։

Դավիթ Անանունու գործը խմբագրել

 
Դավիթ Անանուն

ՀՀ ԱԱՆ արխիվում 1920-ականների գործերից առանձնանում է 1903 թվականի Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, գրականագետ Դավիթ Անանունու գործը, որին ձերբակալում են 1927 թվականի սեպտեմբերին՝ մեղադրելով հակահեղափոխական գործունեության մեջ։ Ինչպես նշված է նրա մեղադրական եզրակացությունում, «Հայ սպեցիֆիկների առաջնորդ Դ. Անանունը Հայաստան է եկել 1919 թ., երբ երկրում տիրում էր Դաշնակցական ամենաթողությունը» և սկսում է համագործակցել դաշնակցական կառավարության հետ որպես գրականագետ և հասարակական գործիչ։ Հեղինակություն և վստահություն էր վայելում դաշնակցական կառավարության անդամների մոտ, հատկապես բարեկամություն էր անում Ս. Վրացյանի հետո, որի փաստացի խորհրդականն էր 1921 թվականի «փետրվարյան դաշարկածախնդրության» ժամանակ։ Ապա նրա հակաբոլշևիկյան բնույթի հոդվածներն են հիշում[10]։

Այնուամենայնիվ, Դավիթ Անանունը մնում է Հայաստանում և խմբագրում է «Վերածնունդ» ամսագիրը և աշխատում Հայաստանի հեղափոխության թանգարանում։ Ըստ այդ փաստաթղթի, նրա ազդեցության տակ երիտասարդությունը 1924 թվականին ստեղծել է «Երիտասարդ Մնեշևիկների» կազմակերպությունը՝ Սուրեն Մխիթարյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Հայկազունիների» խումբը, որոնք «Հայկական ազգային հարցի լուծումը տեսնում էին այնպես, ինչպես Անանունը»։ Հիշատակվում է նաև նրա ակտիվ կապերի մասին Երևանում ընդհատակյա գործող Դաշնակցության Կենտկոմի և Իրանում հաստատված ՀՅԴ ղեկավարության հետ։ Հաշվի առնելով այդ ամենը, Հայաստանի ՊՔՎ-ն նպատակահարմար չի գտնում Անանունու ազատության մեջ գտնվելը Անդրկովկասում, ուստիև ձերբակալում է, և Անդրֆեդերացիայի ՊՔՎ-Հատուկ Խորհրդակցությունը նրան աքսորում է Ռուսաստան 3 տարի ժամկետով, որը հաստատվում է ԽՍՀՄ ՄՊՔՎ-ին կից Հատուկ Հանձնաժողովի կողմից[25]։

1989 թվականին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1989 թվականի հունվարի 16-ի հրամանագրի համաձայն Դավիթ Անանունը արդարացվել է[26]։

Կապանի ՀԿ(բ)Կ շրջկոմի քարտուղար Արամ Մանուկյանի գործը խմբագրել

1929 թվականի հուլիսին ձերբակալվում է 1926-1927 թվականներին Կապանի ՀԿ(բ)Կ շրջկոմի քարտուղար աշխատած Արամ Մանուկյանը, որին մինչև այդ՝ 1928 թվականի նոյեմբերին, ձերբակալ էին ընդդիմադիր աշխատանքի համար, ապա ազատ արձակել։ Նա մեղադրվում էր ակտիվ ընդհատակյա տրոցկիստական գործունեության, հակախորհրդային բնույթի գրականություն ստանալու, պահպանելու և տարածելու մեջ։ 1928 թվականի նոյեմբերին, երբ ձերբակալվում է ընդդիմության ակտիվ գործիչների մի խումբ, ղեկավարությունը անցնում է Արամ Մանուկյանի, Վագրատ Պողոսյանի և Արտաշես Մանոկւյանի ձեռքը, որը փաստորեն «կենտրոն» է դառնում։ Ձերբակալվելուց հետո Արամ Մանուկյանը խոստովանում է մեղադրանքների ճշմարիտ լինելը, հանձնում է իր մոտ պահպանվող ընդդիմության արխիվը՝ ցուցակներով և գրականությամբ, ապա հայտարարություն տալիս ընդդիմությունից դուրս գալու մասին։ Արամ Մանուկյանի մեղադրական եզրակացության վրա կա Հայաստա ՊՔՎ,ի նախագահի տեղակալ Պետրոսյանի գրությունը. «ազատել»։ Այլ փաստաթղթեր գործում չկան[26]։

Հոգևորականների դեմ գործեր խմբագրել

 
 
Ձերբակալված ՀԿԵ վարդապետ Ներսես Ակինյանը և ավետարանչական եկեղեցու Գյումրու համայնքի ղեկավար Ռափայել Մելիք-Ադամյանը։

1920-1930 թվականների ուսումնասիրված արխիվներում գրանցված են 12 հոգևորականների, այդ թվում՝ հայ առաքելական, ավետարանական և կաթոլիկ եկեղեցիների ճանաչված գործիչներ Սրապիոն եպիսկոպոս Սամուելյանի, Գյումրու հայ ավետարանչական համայնքի ղեկավար Ռափայել Մելիք-Ադամյանի, Մխիթարյան միաբանության վարդապետ Ներսես Ակինյանի, ինչպես նաև մոլոկանների կրոնական ղեկավարներ Միխայիլ Զադորկիի, Միխայիլ Տելեգինի, Իոն Մորոզովի և Ֆեոդոր Կանավալովի վրա։

Բռնաճնշումներ քաղաքական և պետական գործիչների դեմ խմբագրել

ՀՅԴ առաջնորդությամբ հռչակված և երկու տարի գոյություն ունեցած Հայաստանի առաջին Հանրապետության փաստը և Խորհրդային Ռուսաստանի կողմից հետագա օկուպացիան իր հետքն է թողել 1920-1930-ականների Հայաստանի վրա, և խորհրդային իշխանության կողմից այնպես էր ներկայացվում, որ իբր դաշնակցության «վտանգը» խորհրդային իշխանության և ժողովրդի համար առկա էր և առարկայական։

1937-1938 Մեծ տեռորը Հայաստանում խմբագրել

1920-ականների ԽՍՀՄ ներքաղաքական կյանքի հիմնական հետևանքներ էր Լև Տրոցկու վտարումը երկրից և տրոցկիզմի ջախջախումը։ Սակայն մենատիրական իշխանության գնացող Ստալինը այլևս կանգ չէր առնում։ Նա, օգտագործելով անգամ երկրի տնտեսական ծանր վիճակը իր նպատակներին հասնելու համար, արդեն 1929 թվականի վերջին և հատկապես 1930-ականների սկզբներին համատարած կոլեկտիվացման ծրագրի իրագործմանը զուգահեռ իրագործեց առաջին զանգվածային բռնությունները երկրում։ Տնտեսական խնդիրները վարչարարական միջոցներով լուծելուն զոհ գնացին հարյուր հազարավոր մարդիկ, միաժամանակ տեղի էին ունենում առաջին քաղաքական դատավարությունները, որոնցով, մեկը մյուսի հետևից Ստալինը ասպարեզից հեռացնում էր իր հնարավոր քաղաքական մրցակիցներին։

Հասկանալի պատճառներով 1930-ականներին Հայաստանում կատարված իրադարձությունները դեռևս ըստ հարկի ուսումնասիրված չեն։ Առաջին հերթին այն պատճառով, որ խորհրդային բռնատիրական տարիներին փակ էին տվյալ ժամանակահատվածին վերաբերվող բազմաթիվ արխիվային փաստաթղթերը։ Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից ի վեր շատ արխիվներ (ՀՀ ԱԱՆ-ի, ՆԳՆ-ի, ՀՔԿՓԿՊԱ-ի և ՊԿՊԱ-ի նախկինում գաղտնի արխիվները), որոնք հնարավորություն են տալիս հանգամանորեն և հիմնավոր լուսաբանել Հայաստանի նորագույն պատմությոան այդ ժամանակահատվածը։

Զոհերի թիվը խմբագրել

1930-ականների սկզբին ԽՍՀՄ-ում, ինչպես նաև խորհրդային ռուսական լծի տակ գտնվող Հայաստանում, ծավալվեց համատարած կոլեկտիվացման շարժումը, որի ընթացքում էլ ծայր առան զագնվածային բռնությունները։ Դրանք, որոշ ընդմիջումից հետո, առավել լայն և դաժան բնույթ ստացան 1937-1938 թվականներին, ստանալով Մեծ տեռոր անվանումը, երբ վերջնականապես ձևավորվեց Ստալինի մենատիրական համակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ ԽՍՀՄ-ում 1930-ականների բռնաճնշումների քանակի գնահատականը չափազանց տարբեր է, սակայն ըստ վերջին տարիների հրապարակումների, որոնք հենվում են արխիվային տվյալների վրա, այդ թիվը հասնում է 6-7 միլիոն մարդ[27]։

Մասնավորապես, 1937-1938 թվականներին բռնադատվել է 1,4 մլն մարդ, իսկ ՍՄԿԿ 20-րդ համագումարում Պ. Պոսպելովի գլխավորությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը նշում է, որ 1935-1940 թվականներին երկրում հակախորհրդային գործունեության մեղադրանքով ձերբակալվել է 1,635 մլն մարդ, որոնցից 688,503-ը գնդակահարվել են[28]։ Պատմաբան Արմենակ Մանուկյանը, ՀՀ ԱԱՆ արխիվի կարճված գործերի ֆոնդում կատարված ուսումնասիրության հիման վրա առանձնացնում է այդ բռնությունների ծավալի և պատժաչափերի ամբողջական պատկերը Հայաստանում։ Այդպիսով, Մանուկյանի բերված թվերը ցույց են տալիս, որ 1930-1938 թվականներին Մեծ տեռորի զոհ է դարձել 14904 հայաստանցի, որոնց գերակշիռ մասը՝ 8837 մարդ, բռնադատվել է 1936-1938 թվականներին[10]։

Տարեթիվ Բռնադատվածների թիվը 3 տարի 5 տարի 8 տարի 10 տարի Գնդակահարություն Ուղղիչ ճամբարներ Համակենտրոնացման ճամբարներ Ազատ են արձակվել
1930 1802 367 222 452 47 80 156 270 225
1931 1464 366 238 452 51 13 27 181 155
1932 852 161 42 302 14 2 60 124 171
1933 1497 216 78 848 16 9 70 56 388
1934 122 30 7 60 2 2 10 - 14
1935 330 52 30 135 5 2 52 - 41
1936 733 159 165 245 14 1 138 1 40
1937 4951 50 209 619 749 3140 431 1 67
1938 3153 29 103 649 823 1390 304 1 65
Ընդհանուր[10] 14904 1494 1094 3651 1721 4639 1248 634 1166

Ինչպես նկատելի է, պատիժների թիվը հատկապես մեծ է 1937-1938 թվականներին, երբ բռնությունների են ենթարկվել 8104 մարդ[10]։

Երկրորդ աղյուսակում բերված է Հայաստանում բռնադատվածներին ներկայացված մեղադրանքների ցանկը։ Ինչպես նշում է պատմաբան Արմենակ Մանուկյանը, արխիվային համապատասխան գործերում ամենից հաճախ հանդիպող դաշնակցական կամ տրոցկիստական գործունեության համար մեղադրանքները բացակայում էին այդ տարիների ՀԽՍՀ քրեակակն օրնեսգրքում։ Հիշատակված մեղադրանքները հիմնականում ընկննում էին քրեական օրենսգրքի հատուկ մասին առաջին գլխի «Կոնտռևոլյուցիոն հանցագործություններ» հոդվածի տակ[29]։

Տարեթիվ Հակախորհրդային գործունեություն Դաշնակցական գործունեություն Հակահեղափոխական գործունեություն Բանդիտիզմ Տրոցկիզմ Հակակոլտ. գործունեություն Լրտեսություն Ահաբեկչություն Ազգայնամոլական քարոզչություն
1930 391 298 71 33 1 1 - 2 -
1931 227 200 7 16 4 7 5 - -
1932 144 118 6 20 1 6 3 - -
1933 202 53 24 7 4 14 3 1 -
1934 21 2 8 - - - - - -
1935 76 2 16 1 9 - 1 1 -
1936 214 7 50 17 89 2 8 1 -
1937 2266 971 345 102 60 48 37 6 8
1938 1463 362 163 58 49 30 44 2 1
Ընդհանուր[10] 5004 2013 690 254 217 108 101 13 9

Մեծ տեռորի սկիզբը խմբագրել

Տեռորի ակտիվ փուլը խմբագրել

Մաքրումներ բանակում խմբագրել

Բռնաճնշումներ հանրապետության ղեկավարների և կուսակցության անդամների նկատմամբ խմբագրել

Մտավորականության բռնաճնշումները խմբագրել

Բանաստեղծներ և գրողներ խմբագրել

Գիտության գործիչներ խմբագրել

Արվեստի գործիչներ խմբագրել

Մեծ տեռորի ավարտը խմբագրել

Մատնությունների դերը խմբագրել

Բռնաճնշումների էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ խմբագրել

Խոշտանգումներ խմբագրել

«Ժողովրդի թշնամիների» հարազատների հետապնդումները և ճակատագիրը խմբագրել

Բբռնաճնշումները և կրոնը խմբագրել

ԽՍՀՄ այլ հանրապետություններում հայերի բռնաճնշումներ խմբագրել

Տվյալ պահին դեռ հնարավոր չէ ամբողջապես ներկայացնել ԽՍՀՄ ողջ տարածքում հայերի նկատմամբ կատարված բռնաճնշումները, մասնավորապես, ճշգրտելու նրանց քանակը, սակայն նրանից առավել հայտնի են Հայկ Բժշկյանցը (Գայ), Վ. Տեր-Վահանյանը, Ս. Խուդյակովը (Ա. Խամփերյանցը), Ա. Մելիք-Շահնազարովը, Ն. Ավշարովը, Ս. Տեր-Գրիգորյանը և ուրիշներ։ Հայտնի է, որ հայերը բնակվում էին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում, առավելապես Ռուսաստանում, Վրաստանում և Ադրբեջանում[1]։

ԽՍՀՄ փլուզումից հետո այլ հանրապետություններում հայերի բռնաճնշումների մասին փաստաթղթերը պահպանող արխիվները (նախկին ՊԱԿ-ի) դարձել են անկախ պետությունների սեփականությունը։ Ռուսաստանում այդ արխիվները գտնվում են առանձին սուբյեկտներում, Վրաստանում՝ հրդեհի հետևանքով այրվել են, Ադրբեջանում՝ հայտնի չէ[1]։

Զոհերի հիշատակ խմբագրել

 
Բռնադատվածների հուշահամալիրը Երևանում

1999 թվականի հունիսի 14-ին ընդունվեց ՀՀ ԳԽ օրենքը «Բռնադատվածների մասին», 1999 թվականի հունիսի 14-ին զանգվածային աքսորումների 50-ամյակը նշելու կապակցությամբ ՀՀ կառավարության կողմից այդ օրը հայտարարվեց Բռնադատվածների հիշատակի օր, հուշաքար դրվեց քաղաքական բռնադատվածների հիշատակը հավերժացնելու նպատակով կառուցվող ապագա հուշարձանի տեղում[1], որը բացվեց 2001 թվականի հոկտեմբերի 9-ին Վանաձորի երկաթուղայիների այգում։ 2008 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվեց Բռնադատվածների հուշահամալիրը, որը կառուցվել է Ազատության պողոտայի սկզբնամասում, Կասկադի վերին հարթակում, որտեղ նախկինում գտնվում էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված հուշահամալիրը[30]։

Կազմակերպություններ խմբագրել

Գործում է Հայաստանի բռնադատվածների միությունը (նախագահ՝ Ռուդոլֆ Գրիգորյան), Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե (ղեկավար՝ Կարապետ Ռուբինյան)[30]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Հայերեն
  • Մանուկյան Արմենակ / Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953թթ. - Երևան։ «Առերեսում» - Անի հրատ., 1999 - 264 էջ։
  • Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում։ Պատմություն, հիշողություն, առօրյա / Հ. Խառատյան, Գ. Շագոյան, Հ. Մարության, Լ. Աբրահամյան; ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միություն միջազգային համագործակցության ինստիտուտ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», ISBN 9785808011854, 2015, 439 էջ
Ռուսերեն
  • У порога в ад / Размик Еремян. - Ереван : Гитутюн, 2004. - 63 с., [2] л. ил., портр.; 20 см.; ISBN 5-8080-0590-6
  • История инакомыслия в СССР : Новейший период / Людмила Алексеевна; Моск. группа содействия выполнению Хельс. соглашений. - М. : Зацепа, 2001. - 382 с.; 24 см.; ISBN 5-94168-008-2
  • Социальные потрясения в судьбах народов [Текст] : (на примере Армении) / Г. Хомизури. - Москва : Интеллект, 1997. - 416 с. : табл., факс.; 23 см.; ISBN 5-87047-036-6 (в пер.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Արմենակ Մանուկյան, Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953 թթ., Երևան, ««Առերեսում»-Անի հրատ.», 1999 — 5-6, էջեր 5-6 — 264 էջ. — 1000 հատ։
  2. Տես՝ «Լենինյան ուղիով» թ.թ. 5,6, 1990, «Երեկոյան Երևան» 20.06.1988, «Հայություն» (20-31.03.93, 30.04.93 և այլն), «Գոլոս Արմենիի» (12.07.1991, 11.01.1992 և այլն), «Երկրապահ» (18-25.06.98, 6.12.98 և այլն), «Հայաստանի Հանրապետություն» (24.02.1999, 30.03.1999 և այլն), «Ռեսպուբլիկա Արմենիա» (1.05.1992, 26.06.1992) և այլն։
  3. Դ. Գասպարյան, Փակ դռների գաղտնիքը, Երևան, 1994
  4. Ալեքսանդր (Ակսել) Ստեփանի Բակունց, մեղադրական գործ 4131, աշխատ. Դ. Գասպարյանի, Երևան, 1999
  5. Ս. Ստեփանյանց, Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնատիրության օրոք, Երևան, 1994
  6. Տես՝ Ս. Բեհբուդյանի կազմած «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» հատորաշարում, գիրք Ա, Երևան, 1994, գ. Բ, Երևան, 1996, գ. Գ, Երևան, 1997, Ա. Մանուկյան, Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 թթ., Երևան, 1937, Էդ. Լ. Մելքոնյան, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը Խորհրդային Հայաստանում 1923-1937 թթ., Երևան, 1999
  7. Մանրամասն՝ Գ.Մ. Գեղամյան, Սոցիալ-տնտեսական փոփոխությունները Հայաստանում ՆԷՊի տարիներին (1921-1936 թթ.), Երևան, 1978
  8. Տես՝ «Հայություն», նոյեմբեր 1992 թ., մայիս 1994, Զինվոր, թ.թ. 4, 5, 6, 1993 և այլն
  9. Տես՝ Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու), պատ. խմբագիր և կազմող՝ պրոֆ. Վ.Ն. Ղազխեցյան, Երևան, 1999
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Արմենակ Մանուկյան, Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953 թթ., Երևան, ««Առերեսում»-Անի հրատ.», 1999 — 9-28, էջեր 9-28 — 264 էջ. — 1000 հատ։
  11. Г.С. Агабеков, ГПУ, Записки чекиста, Б., 1930, էջ 115-116
  12. Տես, ՀՀ ԱԱՆԱ, Ք.գ., 10865
  13. ՀՀ ԱԱՆԱ Ք.գ. 9712, թ. 4
  14. ՀՀ ԱԱՆԱ Ք.գ. 5871, թ.թ. 15, 96
  15. ՀՀ ԱԱՆԱ Ք.գ. 77
  16. ՀՀ ԱԱՆԱ Ք.գ. ԿԳՖ, գ. 3336, թ. 130
  17. ՀՀ ԱԱՆԱ Ք.գ. 9342, թ.թ. 146, 169
  18. ՀՀ ԱԱՆԱ Ք.գ. ԿԳՖ, գ. 6923
  19. ՀՀ ԱԱՆԱ , Ք.գ. 11160
  20. ՀՀ ԱԱՆԱ ԿԳՖ, գ. 5196
  21. ՀՀ ԱԱՆԱ Ք.գ. ԿԳՖ, գ. 6022, հ. 1, թ.թ. 328-329, 418, գ. 6055, թ. 558
  22. ՀՀ ԱԱՆԱ Ք.գ. 10827, թ.թ. 145, 154
  23. ՀՀ ԱԱՆԱ Ք.գ. 30, թ. 25-27 և Ք.գ. 81, թ. 27
  24. ՀՀ ԱԱՆԱ Ք.գ. 9566? թ. 88
  25. ՀՀ ԱԱՆԱ ԿԳՖ, գ. 9373, թ. 89-99
  26. 26,0 26,1 ՀՀ ԱԱՆԱ ԿԳՖ, գ. 9373, թ. 101
  27. История России, под ред. М.М. Шумилова, С.П. Рябикина, С.-Петербург, 1997, էջ 371
  28. В.В. Дмитриенко и др., История Отечества, XX в., М., 1995, էջեր 246, 433
  29. ՀԽՍՀ Քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածում նշված է. «Կոնտրռևոլյուցիոն է համարվում ամեն մի գործողություն, որի նպատակն է տապալել, քայքայել կամ թուլացնել բանվորագյուղացիական Սովետների և ՍՍՌ միության Կոնստիտուցիաների հիման վրա այդ սովետների կողմից ընտրված բանվորագյուղացիական կառավարությունների իշխանությունը...»»
  30. 30,0 30,1 Բացվեց Բռնադատվածների հուշահամալիրը