Յակոբ Բյոմե (գերմ.՝ Jakob Böhme, ապրիլի 24, 1575[1][2], Stary Zawidów, Gmina Sulików, Zgorzelec County, Լեհաստան - նոյեմբերի 17, 1624(1624-11-17)[3][4][5][…], Գյորլից, Lower Silesia[6]), գերմանացի քրիստոնեական միստիկ, տեսանող և աստվածաբան։

Յակոբ Բյոմե
Jakob Böhme
Ծնվել էապրիլի 24, 1575[1][2]
Stary Zawidów, Gmina Sulików, Zgorzelec County, Լեհաստան
Մահացել էնոյեմբերի 17, 1624(1624-11-17)[3][4][5][…] (49 տարեկան)
Գյորլից, Lower Silesia[6]
ՔաղաքացիությունԳերմանիա
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունփիլիսոփա, աստվածաբան և գրող
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3][7]
Կայքjacob-boehme.org
 Jakob Böhme Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Յակոբ Բյոմեն ծնվել է Գյոռլիցին մերձ Ալտզայդենբերգում 1575 թ.-ին. մահացել է 1624 թ.-ի նոյեմբերի 24-ին, Լաուզիտցում։ Իր ինքնակրթության ընթացքում լութերյան Աստվածաշնչի և գերմանացի միստիկների հետ համատեղ ուսումնասիրել է Միջնադարի մեծագույն գիտնականներից մեկի՝ ալքիմիկոս Թեոֆրաստ Պարացելսուսի (1493-1541) երկերը։ Միանգամայն ինքնուրույն յուրացրել է բնափիլիսոփայական և կրոնա-միստիկական գիտելիքների ահռելի մի ծավալ։ Իր սոցիալական վիճակով լինելով կոշկակարական մի արհեստանոցի տերը՝ նա տիրապետում էր այնպիսի խորունկ և ինքնատիպ մի մտքի, որ, հատուկ ոչ մի կրթություն չստանալով, այդուամենայնիվ, կարողացավ դառնալ Նոր ժամանակի փիլիսոփայության նախակարապետը և հիմնադիրը, ում համար, ինչպես ասում է Հեգելը, «ամաչելու կարիք չկա»։ Յակոբ Բյոմեն վառ օրինակն է այն իրողության, որ ոչ թե կոշկակարը պետք է ամաչի, որ զբաղվում է փիլիսոփայությամբ, այլ թեկուզ և «պրոֆիսիոնալ» այն փիլիսոփան, ում արածը ընդամենը… կոշկակարություն է։

Կյանքի ակտիվ շրջան

խմբագրել

Հայտնի «տեսիլքը», որը Բյոմեն ունենում է 25 տարեկանում (իր կոշկակարական արհեստանոցում աշխատելիս՝ նա հանկարծ արևի ողջ սկավառակը տեսնում է անագե ափսեի վրա արտացոլված), նրան օժտում է «բնության նվիրական խորքերը թափանցելու» շնորհով։ Բյոմեն մի տեսակ վերին ցուցում է ստանում, որը նրա իսկ խոստովանությամբ, սահմանում է նրա մտքի և կյանքի հետագա ողջ ուղղվածությունը։ Նա այդ և հետագայում «ոմն անծանոթի հետ» իր մի քանի խորհրդավոր հանդիպումների մասին երկար ժամանակ լռում է՝փորձելով ինքը իր մեջ իմաստավորել դրանց խորհուրդը։ Միայն 25 տարի անց՝ 1612 թվականին է նա համարձակվում իր աստվածային գիտելիքը բացել մարդկանց առաջ՝ գրելով իր առաջին՝ «Արշալույսը ծագելիս» գիրքը, որը տարածվում է ձեռագիր վիճակում և հետագայում, նրա մահվանից հետո, նրա հրատարակչի և հավատարիմ աշակերտի՝ Բալթազար Վալտերի կողմից ստանում է նաև «Aurora» անվանումը և հրատարակվում իբրև «Aurora կամ Արշալույսը ծագելիս»` «Փիլիսոփայության, աստղագիտության և աստվածաբանության արմատ կամ մայր` հավաստի հիմամբ»։

Ժամանակակիցների կողմից «տևտոնական փիլիսոփա» (այն ժամանակ միստիցիզմը ոչ առանց հիմքի կոչվում էր «տևտոնական փիլիսոփայություն») անվանյալ Բյոմեն, Մարթին Լութերի նման, կարծում էր, որ մարդու փրկությունը ոչ արտաքին բարի գործերով է, ոչ էլ անգամ Աստծուն արտաքնապես «աջակցելով», այլ միայն սրտի անենաներքին հավատով։ Քանզի առանց ներքին, հոգևոր վերածնունդի (մետանոյա) բարի գործերը ոչ մի արժեք չունեն։ Ոչ վերացական սքոլաստիկ ուսյալությունը, ոչ էլ, առավել ևս, մարդկային հեղինակության արտաքին իշխանությունն է ի վիճակի Հավիտենական Սկզբի վերականգնմանը, որը, ըստ Բյոմեի, մարդկային ցեղը ինչ-որ ժամանակ կորցրել է։ - Դրան ի զորու է միայն և միայն ներքին մարդու վերածնունդը։

Նա համոզված էր, որ գիտնականները և աստվածաբանները, պապերն ու կարդինալները աղավաղել են քրիստոնեությունը։ «Ով է փոխել Քրիստոսի ճշմարիտ, մաքուր վարդապետոթյունը և մշտապես ու ամենուր հարձակվել նրա վրա։ Գիտնականները, պապերը, կարդինալները, եպիսկոպոսներն ու անվանի մարդիկ։ Ինչու է աշխարհը հետևել նրանց։ Որովհետև նրանք կարևոր, ամբարտավան երևույթ են ունեցել, և նրանք սնապարծել են աշխարհի առջև։ Խելագար մի անառակ է դարձել մարդկային փչացած Բնությունը»։

Սակայն 1612 թ.-ին, «Արշալույսը» գրելու պահին, Բյոմերի համար արդեն միանգամայն պարզ է դառնում, որ «փչացած մարդկային Բնությունը» ի վիճակի չէ ներքուստ վերածնվել, հատկապես ծնունդ առնող բողոքական ուղղափառության, այդ ժամանակ հոգևորապես ցամաքած, «հետկոնկորդային» (1577) քրիստոնեության պայմաններում։ «Ինչն է, որ դեռ փակ է մնում։ Քրիստոսի ճշմարիտ վարդապետությո՞ւնը,- բանավիճորեն հարց է տալիս Բյոմեն։- Ոչ, այլ Փիլիսոփայությունն ու Աստծո խորունկ հիմունքը, երկնային երանությունը, հրեշտակների արարման հայտնությունը, սատանայի դժնդակ անկման հայտնությունը, ուրկից չարիքն է ծագում, այս աշխարհի արարումը, խորագույն հիմունքն ու խորհուրդը մարդու և այս աշխարհում բոլոր արարածների, վերջին դատաստանը և փոփոխությունը այս աշխարհի, մեռյալների հարության և հավիտենական կյանքի խորհուրդը»։

Հասուն տարիները

խմբագրել

Գերմանացի նոր մարգարեի և բարեփոխիչի առաջին ստեղծագործության` «Aurora»-ի առաջին ձեռագիր օրինակների տարածման պահից, երբ գրքին ծանոթանում է գյորլիցյան օբեր-պաստոր Գրեգոր Ռիխտերը, Բյոմեն հայտարարվում է հերետիկոս և հայտնվում է հալածանքների մեջ. քաղաքային խորհուրդը նրան պահում է հսկողության տակ, ապա արտաքսում է քաղաքից։ Հետագայում նրան թույլատրվում է վերադառնալ հայրենի քաղաք, սակայն ձեռքը գրիչ չառնելու խոստումով։ Վեց տարի անց, հակառակ բոլոր վտանգներին, նա իրար հետևից սկսում է հրատարակել իր հիմնական երկերը` «Նկարագրություն Աստվածային էության երեք սկզբունքների» (1619), «Վասն մարդկային կյանքի երրորդության» (1620), «Վասն Հիսուս Քրիստոսի մարդեղենացման» (1620), «De Signature Rerum կամ վասն բոլոր արարածների ծննդյան և կոչման» (1622), «Mysterium Magnum կամ Մեծ Խորհուրդը» (1623), «Վասն ողորմածության ընտրության» (1623)։

1624 թ.-ի մայիսին, երկար հալածանքներից հետո, Բյոմեն արձագանքում է սաքսոնական կուրֆյուրստի` պալատ այցելելու բարեհաճ հրավերին։ Վերջինիս մեջ Բյոմեն ձեռք է բերում իր ողջ կյանքի գործի հովանավորին։ Սակայն նույն թվականի օգոստոսին նա հիվանդանում է և նոյեմբերի 17-ին, 49 տարեկան հասակում, կնքում է մահկանացուն։ Հետագայում ավերված նրա գերեզմանի խաչի վրա գրվում են Վարդախաչականների խորհրդավոր բառերը. «Ծնվում ենք Աստծուց, մեռնում ենք Քրիստոսի մեջ, հարություն ենք առնում Սուրբ Հոգով»։

Ստեղծագործության ընդհանուր ակնարկ

խմբագրել
 
Յակոբ Բյոմեի երկերի առաջին հրատարակության տիտղոսաթերթը

Յակոբ Բյոմեի բուն «ուսուցիչը» «ողջ բնությունն է»։ Նրա ներսում է «ծնունդը», որը մարդուն վերածնում է աստվածային գիտելիքի մեջ։ Մարդը աշխարհը ուսումնասիրում է, որպեսզի ինքը դառնա աշխարհը։ Թեև գերբնական գիտելիքը աշխարհ է գալիս աստվածային պատկերացումից, բայց այն կարող է աշխարհ գալ միայն մարդու հետ, մարդու մեջ, ելնելով մարդուց և մարդու միջոցով։

Բնության և Աստծո փոխներթափանցում («Եթե ուզում ես խոսել Աստծո մասին` պետք է առանց հոգնելու խորհրդածես բնության ուժերի մասին»), կանացի սկզբունքի (Սոփիա) նշանակությունը իրական ճանաչողության համար (ըստ մի ավանդության՝ երբ նա իր փիլիսոփա ընկերներից մեկից առաջին անգամ լսում է Idea բառը, բացականչում է՝ "Ich sehe eine reine und himmlische Jungfrau" - «Ես տեսնում եմ մաքուր և երկնային մի կույս»), մարդու՝ ազատության կարողությունը իբրև ներքին առնչություն Նախահիմքի հետ – ահա բյոմեական մտքի առաջնությունները։

Ազատության գաղափարը, որը գերմանական դասական փիլիսոփայության համար անկյունաքարային է, սկսվում է հենց Յակոբ Բյոմեից։ Քանի որ մարդը իբրև ոգեղեն, հոգևոր և մարմնական արարած մասնակից է Հավիտենականին, Աստվածայինին և Նախահիմքին, նա դրանց հետ առնչությունը ինքը իր մեջ պետք է հայտնաբերի։ Եվ քանի որ Նախահիմքը կամ Աստվածայինը անպայմանականորեն բոլոր իրերի ազատ կամքը և նախասկիզբն է, ուրեմն նաև մարդն է ազատ, այնքանով, որքանով դա հայտնաբերում է իր մեջ։ Մարդու ազատության աստիճանը նրա մեջ Աստվածայինի ներհոսքի աստիճանն է։

Աստված ոչ միայն զուտ հոգի է, այլ նաև «հավիտենական բնություն» - սրանով է, որ նա նախ և առաջ կենդանի հոգի է դառնում։ Ողջ բնությունը աստվածային զորությունը շարունակ ծնելու տենչանքի և կարոտի մեջ է։ Աստված Բյոմեի համար հիմնազուրկ, ավելի ճիշտ՝ համա-հիմնային էություն է՝ Ungrund։ Ungrund բառը <անհատակ> թարգմանելը կնշանակի այն թարգմանել սոսկ բառարանային նեղ իմաստով։ Իրականում գերմաներեն un- նախդիրը ոչ միայն ժխտում, այլև սաստկացնում է իրենից հետո եկող բառահիմքի իմաստը։ Ուրեմն՝ Աստված Բյոմեի համար - ողջ գոյավորի հիմնազուրկ հիմքն է և ոչ թե Ոչինչ, ավելի ճշգրիտ՝ նա ամեն ինչը և ոչ-ինչն է, բոլոր էությունների էությունը - Wesen aller Wesen։ Ողջ բնությունը, ըստ Բյոմեի, ծնվում է ինչ-որ Մատրիցից (Matrix), որը ողջ գոյավորի սկզբնաբանումն է։ Մատրիցային էությունները հավաքվում են Աստծո մեջ՝ իբրև հիմնազուրկ հիմքի, որը Բյոմեն բնութագրում է յոթը նշաններով, որոնցից հինգը զգայական են. ամենազոր, ամենագետ, ամենատես, ամենալուր, ամենահոտառու, ամենաճաշակ, ամենաշոշափ։ Կենտրոնանալով Աստծո մեջ՝ նրանք այնուհետև ներհոսում են արարյալ աշխարհ։ Անստեղծ Արարիչը ստեղծում է արարյալ աշխարհը ոչնչից, իսկ մի այլ դեպքում՝ ինքն իրենից, - Արարիչն ու արարյալը նույն բնույթն ունեն։ Արդեն Իր՝ Աստծո մակարդակով տեղի է ունենում ճաքը, կազմալուծումը, չարացումը (Ergrimmtheit)։ Աստված (Աստվածությունը) չարչարանքի (Qual) պես ծորում է արարյալ աշխարհի վրա (այստեղ փոխաբերականորեն արտահայտված է Աստծուն ուրացած և ի Քրիստոս գնացող մարդկության էութենական տառապանքի գաղափարը), ինչից աճում է նշանավոր օնոմատոբանաստեղծական (այսինքն՝ սեմանտիկականորեն մոտիկ համահունչ բառերը)<ասույթը>, որը հայերեն չի թարգմանվում. die Qual quellt (բառացիորեն՝ տառապանքը հոսում է)։ Ճաքը Աստծո մեջ, երկնքում, համապատասխանում է Աստծուց պառակտված սատանայի մասին համադոգմատիկ պատկերացմանը։ Աշխարհում հատվածական երևույթ-իրերի բազմակիությունը, ինչը գնալով ավելի ու ավելի է կոտորակվում, անկման արդյունք է, ինչը սկսվել է երկնքում։ Մինչ աշխարհի արարումը սատանայի ըմբոստությամբ և Աստծուց պառակտմամբ սկսված այդ անկման նախախնամությունը ձգվում է երկրի վրա մարդու մեղսագործությամբ։ Այդ անկանման մեջ հիմքն է մեղքի, ինչը կարող է թոթոփվել միայն ի Քրիստոս բարձրանալով, ով եկել է միասնությունը վերականգնելու և ցրիվ եկած մասերը Աստծո մեջ ի մի հավաքելու համար։ Այդ անկում-վերականգնումին մասնակից են աշխարհարարման բոլոր ոլորտները՝ Որակները, Տարրերը և Ոգիները. ֆիզիկականը, քիմիականը, զգացմունքները, հոգևորը։ Մեկը ծնվում է մյուսից և նույնպես <ծորում է> նրանից։ Աստծո զորությունից՝ երկինքը, երկնքից՝ աստղերը, աստղերից՝ տարրերը, տարրերից՝ երկիրը և արարածները։ Որակներն են կրակը, դառնությունը, աղը։ Ոգիները, կարծես թե նույն իրենք որակները, յոթն են (այստեղ Բյոմեն դարձյալ բանաստեղծականորեն կողք-կողքի է դնում համահունչ բառեր՝ խաղալավ նրանց սեմանտիկական նույնահնչողականությամբ. Quallgeister - բխող ոգիներ և Qualitaeten - որակներ) - թթուն, քաղցրը, դառը, կծուն, սերը, հնչյունը, բնությունը։ Սերը հինգերորդ ոգին է կամ quinta essentia-ն։ Հնչյունը յոթներորդն է, այն ինքը Աստվածություն է։ (Աստված Մովսեսին հայտնվեց հնչուն Բառով՝ Ինքը մնալով անտես)։ Յոթներորդը բնությունն է, իսկ այն Աստված է, որը բոլոր ոգիները հավաքում է իր մեջ։ Բնության պսակը մարդն է, անսեռ մարդը, ով մեղսագործությունից հետո բաժանվում է տղամարդու և կնոջ, - մի միկրոկոսմոս, որ բաղկացած է զգացմունքից, դատողականությունից և բանականությունից։ Մարդու ներքին կառույցը իրենից երկիրը երկնքին կապող մի սյուն է ներկայացնում, որով անցնում է այն, ինչը աստղերից չարի և բարու բաժանված՝ իջնում է երկնքից։ Իր մեջ չարն ու բարին կենտրոնացնող մարդու գլխավորությամբ բնությունից անջատվում են տարրերը (որոնցից էլ բաղկացած է բնությունը), որոնք իրենց որակներով մասնակից են մարդկային զգացմունքներին՝ ինչպես բարի, այնպես էլ մեղսական. օդը տապը և ցասումն է, ջուրը՝ ցուրտը և խոնարհությունը, կրակը Աստծո մեջ բարիք է, չարի մեջ՝ դառնություն, չարչարանք։ Հողը տտիպն է և այլն։ Չարչարանքը, ի դեպ, առկա է բոլոր որակներում։ Այս ողջ բազմազանությունը Բյոմեի համար երրորդության համակարգ ունի. երկու հիմնական երրորդությունները՝ Աստված-բնություն-արարած, կրակ-դառնություն-աղ, - միմյանց հարաբերվում են իբրև իրենց՝ էությունների և նրանց որակների անտինոմիաներ։ Ըստ այդմ՝ որակները հանդես են գալիս իբրև իրերի փոխակերպությունները, նրանց այլագոյությունը։ Բյոմեն օգտվում է նաև ալքիմիական բառապաշարից. յոթ ոգիները, որ ծնվում եմ մեկը մյուսից, ի մի են բերվում ալքիմիական երրորդության մեջ - ծծումբի, սնդիկի և աղի (Sulphur, Mercurius, Sal)։ Ամբողջության մեջ այս երեք ալքիմիական տարր-խորհրդանիշերը կազմում են այն, ինչը Բյոմեն կոչում է Salniter, ինչ-որ կենտրոնակետ, որից և որի մեջ տեղի է ունենում միմյանց փոխակերպվող իրերի ծնունդը։ Աստվածության հայտնությունը բնութկան մեջ <Մեծ Խորհուրդն> է - <Mysterium Magnum>-ը։ Այսպիսով, Աստված, ըստ Բյոմեի, բնության մեջ ներկա է և իբրև նրան հավասար ինչ-որ բան, և իբրև անդրանցումային էություն, որ հեղվում է աշխարհի վրա և աշխարհին հայտնվում է իբրև Աստվածություն։ Ամեն ինչ անցնում է ամեն ինչի մեջ, փոխվում է իրար և ծնվում է իրարից։ Իսկ Գերիմաստությունը Բյոմեի համար ինչ-որ ինքնուրույն որակ է, որը հատուկ է և Արարիչ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, և Կույս Մորը։ Սոֆիա-իմաստնությունը հենց իր՝ Երրորդության հատկությունն է, բայց այն նաև Աստծո հարսն է։ Հետևաբար, այն Կույս Մարիամն է, ով դրա շնորհիվ Հիսուս Քրիստոսին ոչ միայն մայր է դառնում, այլ նաև Հարս, քանզի Քրիստոս Երրորդության մեջ համաէակից է Հորը։ <Երեք սկզբունքներում> իր մտքերը զարգացնելով՝ Բյոմեն շարունակում է. առաջին սկզբունքը <խավարի տանջանքն է>, երկրորդը՝ <լույսի զորությունը>, երրորդը՝ խավարից ծնվելով ելնելը՝ լույսի զորությամբ։ Լուսը և լույսի զորությունը - Աստված է, խավարից ելանելը՝ Սուրբ Հոգին, խավարը մարդն է, որ մոլորված է մեղքի մեջ։ Այս եռակիության իմաստը - մարդու աստվածացումը, նրա ելն ի Քրիստոս - բխում է քրիստոնեության երրորդության ողջ համակարգից։ Չափազանց հետաքրքիր է <Վասն իրերի նշանակության> երկում լեզվի ծագման մեկնաբանությունը։ Իրերի անունները՝ պատյաններ են, դրանք իրենց արտաքին ձևերով վերարտադրում են իրերի էությունը, բացում են նրանց ներքին էտիմոլոգիական ձևը։ Անունները, այդպիսով, հավասարազոր են իրերին։ Իրերը, ներքուստ միմյանց ծնելով, իսկույն անուններ են ստանում և դառնում են անուն-իրեր՝ ներկայացնելով մի պրոցես, որը հայելու պես անդրադարձնում է աշխարհի արարումը Աստծո Խոսքով. Աստծո Խոսքից՝ աշխարհն է, աշխարհի իրերից՝ մարդկային բառը։ Այստեղ Բյոմեն անդրադառնում է <մեծ գաղտնիքին> և գրում է. <...բոլոր իրերի նախաակունքը մի միասնական էությունն է, նա էլ բոլոր էությունների Գաղտնիքն է և Հատակի վրա Անհատակության Հայտնությունը>։ Բյոմեի վերջին աշխատությունը՝ <Քրիստոսաբանությունը>, ավարտի է հասցնում նրա աստվածաբանական համակարգը, որը հիմնականում համընկնում է հայրաբանական պատկերացումներին։

Բյոմեի փիլիսոփայության կենտրոնակետերից է չարի խնդիրը։ Նրան ոչ նորպլատոնականների «լավատեսական» այն մեկնությունն է բավարարում, որը չարը երևութականություն և խաբկանք է համարում և անտեսում է նրա իրողությունը, ոչ էլ «հոռետեսությունը» ավանդական լութերականության, ըստ որի համաշխարհային չարը մնում էր տխուր մի իրողություն, ինչը բարոյա-կրոնական ոչ մի արդարացում չունի։ Բյոմեն փորձում է բացատրել, որ չարը Աստվածային անհատականության ինքնաբացահայտման անհրաժեշտ մի հետևանք է։ Պատանեկության օրերում տեսած և նրան ապշեցրած տեսիլքը՝ երբ արևը իր ողջ երևույթով արտացոլվել էր անագե ամանի վրա, ասես թե նրա համակարգի առանցքն է. Այն չարի մեկնությունը գտնում է նրանով, որ ամեն ինչ իր դրսևորման և հայտածման համար կարիք ունի ֆոնի, հակադրության, ամեն «այո» կարիք ունի իր «ոչ»-ին։ Սա կիրառելի է նաև աստվածային սկզբի համար։ Բյոմեն հանգում է Աստվածայինի ծագման և զարգացման մտքին։ Խոսքը ժամանակի մեջ ծննդաբանության մասին չէ – խոսել Աստծո զարգացման մասին՝ նշանակում է խոսել միայն և միայն տրամաբանական պահերի մասին, որոնցից էլ բաղկացած է Աստվածության ինքնահայտնությունը և ինքնաբացահայտումը։ «Լույսը` խավարից»։ Եվ Աստծո անձնական, գիտակցական, որոշակի գոյության համար հարկավոր է նրա հակառակադրությունը՝ խավարչտին Nichts-ը (Ոչինչ-ը)` անորոշը, անձևը, «վիհը»։ Յուրաքանչյուր հայտնություն հակառակադրություն է։ Այն իրականանում է եռյակ գործողությամբ. «չարից և բարուց անդին» տարերային կամք՝ Հոր սկիզբը. կամքի պայծառացում բանականությամբ, որը նրան որոշակի բարիքի նպատակամղվածություն է հաղորդում՝ Որդու սկիզբը. կամքի և բանականության իրական համադրություն – Սուրբ Հոգու զորությամբ։ Աստվածության այս եռյակությունը իր պատկերը գտնում է Աստվածային իմաստնության մեջ, որն էլ չորրորդ դեմքն է Աստծո մեջ, բայց սոսկ Աստվածության եռամիասնական ակտիվության խորհրդանիշը։ Նյութական աշխարհի, ինչպես և աստվածության ծագումը պայմանավորված է անհատականության դրսևորման անհրաժեշտությամբ։ Ողջ աշխարհը մինչև իր ներսը ոգեշունչ է և միավորված մոգական մի միասնությամբ. Ֆիզիկականը ամենուրեք խորհրդանշում է հոգեբանականը։ Աշխարհի արարումը հանգում է տարածա-ժամանակայնորեն մեկուսացված գոյության մեջ հոգևոր սկիզբների արտաժամանակային և արտատարածական փոխներթափանցման խզմանը։ Տարածությունն ու ժամանակը հոգևոր միասնության քայքայման աղբյուրն են։ Աշխարհում գոյություն ունեցող հոգևոր էակներից միայն հրեշտակներն են օգտվում գոյության հավիտենականությունից։ Նրանք տարածականորեն-ազատ ոգիներ են, որոնք ինքնակամ իրագործում են աստվածային սկիզբը։ Այդ ազատությունը բերել է Լուցիֆերի գլխավորությամբ հրեշտակների մի մասի անկանմանը Աստծուց։ Լուցիֆերի մեջ Բյոմեն ընդգծում է Անմեռության գիտակցությունը։ Լուցիֆերի անկումը բնության մեջ խառնաշփոթ է առաջացնում և, միաժամանակ, սկիզբ է տալիս ժամանակի ծնունդին։

Մեղքը և փրկությունը

խմբագրել

Աշխարհի արարչության նկարագրությամբ Բյոմեն հիմնականում ելնում է աստվածաշնչյան պատկերացումներից։ Մեղսագործությունը նախ և առաջ արտահայտվեց նրանով, որ մարդը չբավարարվեց աշխարհի նաիվորեն ամբողջական կոնկրետ ճանաչողությամբ, այլ ցանկացավ ճանաչել նրա հատկությունները՝ ռեֆլեքսիայից օգտվելով՝ դրանք վերլուծելով վերացական մտածողությամբ։ Մյուս պահը Աստծո կամքին չանսալն էր։ Ադամը անդրոգին էր՝ «սեռական տարբերություններից անդին» էակ, նրա հոգևոր հարսնացուն Երկնային Սոփիան էր։ Մեղսագործությունից հետո նրա մեջ արթնացան մարմնական ցանկությունները, և Աստված նրա համար ստեղծեց կնոջը։ Մեղքի ճակատագրական հետևանքը եղավ մահը։ Ադամը, սակայն, մեղանչեց նրանով, որ տրվեց մեղքին, բայց մեղքը արդեն կար նրանից առաջ։ Դա մեղմեց նրա մեղքը և հնարավոր դարձրեց քավությունը։ Բարու և չարի պայքարն սկսվում է արդեն պատմության ժամանակավոր ընթացքի մեջ, նախապատրաստվում է քավիչի՝ Քրիստոսի գալուստը։ Բայց փրկության ուղին աստվածության արտաքին գործունեությամբ չի պայմանավորված։ Մարդն ազատ է, և սեփական անշեջ հավատով և աղոթքով նա իր համար փրկության հնարավորություն է ստեղծում։ Առանց հավատի ներքին վերածնունդի գործերը ոչ մի նշանակություն չունեն։ Բայց նրա ձեռբերմամբ սկսվում է նաև անդադար իրական հաղթանակը չարի վրա։ Հավիտենականը մեղսագործությամբ փոխարինվել է ժամանակայինով, այժմ դարձյալ պետք է ընթանա հավիտենական սկզբի վերականգնման ընթացքը։ Երկրի վրա պետք է հաստատվի այն դրախտը, որը պետք է Ադամը տարածեր։ Պատմության ավարտը հավետենության սկիզբն է – Աստծո Արքայության հաստատումը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։

Յակոբ Բյոմեի գաղափարները իրենց ազդեցությունն են թողել այնպիսի մտածողների վրա, ինչպիսիք են Քրիստիան ֆոն Ռոզենռոթը, Ֆրանց ֆոն Բաադերը, Յոհան Համանը, Նովալիսը, Հեգելը, Շելլինգը, Նիկոլայ Բերդյաևը, Վլադիմիր Սոլովյովը, Դեմյոն Ֆրանկը և այլն։

«Նրա (գերմանացի առաջին փիլիսոփայի) հիմնական գաղափարը ամեն ինչ մի բացարձակ միության մեջ պահելու ձգտումն է - բացարձակ աստվածային միությունը և բոլոր ներհակությունների միավորումը Աստծո մեջ... Բյոմեի հիմնական միտքն է, որ Ունիվերսումը բոլոր իրերի մեջ մ ի աստվածային կյանք է - ավելի պարզ` որ Աստծո եզական էությունից է հավիտենապես ծնվում բոլոր զորությունների և որակների բովանդակությունը՝ Որդին, ով ճառագում է այդ զորություններում. ուժերի սուբստանցի հետ այդ Լույսի միությունը Աստվածն է » (Գ.Վ. Ֆ. Հեգել)։

  1. Aurora (Արշալույսը ծագելիս), 1612
  2. De tribus principiis (Նկարագրություն աստվածային էության եռակիության), 1619
  3. De triplici vita hominis (Վասն մարդու եռակի կյանքի), 1620
  4. Psychologica vera (Տասնչորս հարց վասն հոգու), 1620
  5. De incarnatione verbi (Վասն Հիսուս Քրիստոսի մարդեղենացման), 1620
  6. Sex puncta theosophica (Վասն յոթը աստվածաբանական կետերի), 1620
  7. Sex puncta mystica (Վասն յոթը միստիկական կետերի), 1620
  8. Mysterium pansophicum (Հիմնազեկույց երկրային և երկնային միստերիայի մասին։ ), 1620
  9. Informatorium novissimorum (Վասն վերջին ժամանակների), 1620
  10. Christosophia (Ճանապարհ առ Քրիստոս), 1621
  11. Libri apologetici (Schutz-Schriften wider Balthasar Tilken), 1621
  12. Antistifelius (Bedenken über Esaiä Stiefels Büchlein), 1621
  13. Ingleich Vom Irrtum der Secten Esaiä und Zechiel Meths, 1622
  14. De signatura rerum, (Վասն բոլոր արարածների ծննդի և կոչման), 1622
  15. Mysterium Magnum (Մեկնություն Մովսեսի առաջին գրքի), 1623
  16. De electione gratiae (Von der Gnaden-Wahl), 1623
  17. De testamentis Christi (Վասն Քրիստոսի կտակի), 1623
  18. Quaestiones theosophicae (Դիտարկում աստվածային հայտնության), 1624
  19. Tabulae principorium (Տախտակ աստվածային հայտնության երեք սկզբունքների), 1624
  20. Apologia contra Gregorium Richter (Պաշտպանական ճառ ընդդեմ Ռիխտերի), 1624
  21. Libellus apologeticus (Schriftliche Verantwortgung an E.E. RAth zu Görlitz), 1624
  22. Clavis (Schlüssel, das ist Eine Erklärung der vornehmsten Puncten und Wörter, welche in diesen Schriften gebraucht werden), 1624
  23. Epistolae theosophicae (Աստվածաբանական թղթեր), 1618 - 1624
  • Jacob Böhme։ Sämtliche Schriften, 11 Bde. Faks. der Ausgabe von 1730, hrsg. von Will-Erich Peuckert. Frommann-Holzboog, Stuttgart-Bad Cannstatt 1955-1989, ISBN 978-3-7728-0061-0
  • Jacob Böhme։ Die Urschriften, 2 Bde., im Auftrag der Akademie der Wissenschaften zu Göttingen hrsg. von Werner Buddecke. Frommann-Holzboog, Stuttgart-Bad Cannstatt 1963-66, ISBN 978-3-7728-0073-3

Գրականություն

խմբագրել
  • Werner Buddecke, Matthias Wenzel (Hrsg.)։ Jacob Böhme։ Verzeichnis der Handschriften und frühen Abschriften. Städtische Sammlungen für Geschichte und Kultur, Görlitz 2000, ISBN 3-00-006753-1
  • Werner Buddecke։ Die Jakob-Böhme-Ausgaben. Teil 1։ Die Ausgaben in deutscher Sprache. Neudr. [1937] Topos, Vaduz 1981, ISBN 3-289-00233-0
  • Werner Buddecke։ Die Jakob-Böhme-Ausgaben. Teil 2։ Die Übersetzungen. Neudr. [1957] Topos, Vaduz 1981, ISBN 3-289-00256-X
  • Günther Bonheim։ Zeichendeutung und Natursprache. Ein Versuch über Jacob Böhme. Königshausen & Neumann, Würzburg 1992, ISBN 3884797174 (zugl. Dissertation, Uni Bonn 1989)
  • Paul Deussen։ Jakob Böhme. Über sein Leben und seine Philosophie. 2. Aufl. F.A. Brockhaus, Leipzig 1911
  • Gerhard Dünnhaupt։ Jacob Böhme. In։ Personalbibliographien zu den Drucken des Barock, Bd. 1. Stuttgart։ Hiersemann 1990, S. 672-702. ISBN 3-7772-9013-0 (Werk- und Literaturverzeichnis)
  • Frank Ferstl։ Jacob Boehme – der erste deutsche Philosoph. Eine Einleitung in die Philosophie des Philosophus Teutonicus. Weißensee, Berlin 2001, ISBN 3-934479-57-X
  • Andreas Gauger։ Jakob Böhme und das Wesen seiner Mystik. 2. Aufl. Weißensee-Verlag, Berlin 2000, ISBN 3-934479-30-8 (zugl. Dissertation, TU Dresden 1994)
  • Christoph Geissmar։ Das Auge Gottes. Bilder zu Jakob Böhme. Harrassowitz, Wiesbaden 1993, ISBN 3-447-03453-X
  • Joachim Hoffmeister։ Der ketzerische Schuster. Leben und Denken des Görlitzer Meisters Jakob Böhme. Evangelische Verlagsanstalt, Berlin 1976
  • Maik Hosang։ Jacob Böhme. Der erste deutsche Philosoph - Das Wunder von Görlitz. Senfkorn-Verlag, Görlitz 2007, ISBN 3-935330-24-3
  • Richard Jecht (Hrsg.)։ Jakob Böhme. Gedenkgabe der Stadt Görlitz zu seinem 300jährigen Todestage. Magistrat, Görlitz 1924
  • Alexandre Koyré։ La Philosophie de Jacob Boehme. Vrin, Paris 1929 (Neuausgabe 2002, ISBN 2711604454)
  • Ina Rueth։ Jacob Böhme und die Pest zu Görlitz. Theater Görlitz, Görlitz 2007
  • Donata Schoeller Reisch։ Enthöhter Gott - vertiefter Mensch. Zur Bedeutung der Demut, ausgehend von Meister Eckhart und Jakob Böhme. Alber, Freiburg i. Br. 2002, ISBN 3-495-47923-6
  • John Schulitz։ Jakob Böhme und die Kabbalah. Eine vergleichende Werkanalyse. Lang, Frankfurt am Main 1992 (urspr. Dissertation, Ann Arbor 1990)
  • Gerhard Wehr։ Jakob Böhme. Mit Selbstzeugnissen und Bilddokumenten. 8. Aufl. Rowohlt, Reinbek bei Hamburg 2002, ISBN 3-499-50179-1
  • Matthias Wenzel։ Der Mystiker und Philosoph Jacob Böhme (1575-1624). Sein Weg in die Welt – und zurück nach Görlitz. In։ BIS - Das Magazin der Bibliotheken in Sachsen, 1 (2008), S. 82–85 (Volltext) – zu den Beständen in der OLB Görlitz
  • Erkenntnis und Wissenschaft - Jacob Böhme (1575 - 1624). Internationales Jacob-Böhme-Symposium Görlitz 2000. (= Neues Lausitzisches Magazin – Beiheft; 2). Oettel, Görlitz und Zittau 2001, ISBN 3-932693-64-7
  • Friedrich Wilhelm Bautz։ Böhme, Jakob. In։ Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 1, Hamm 1975, Sp. 661–665.
  • Dibelius։ Böhme, Jakob. In։ Realencyklopädie für protestantische Theologie und Kirche (RE). 3. Auflage. Band 3, Hinrichs, Leipzig 1897, S. 272–276.
  • Werner Buddecke։ Böhme Jacob. In։ Neue Deutsche Biographie (NDB). Band 2, Duncker & Humblot, Berlin 1955, S. 388–390.
  • Julius Hamberger։ Böhme, Jacob. In։ Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 3, Duncker & Humblot, Leipzig 1876, S. 65–72.
  • Jakob Böhme. In։ Ulrich Thieme, Felix Becker u. a.։ Allgemeines Lexikon der Bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart. Band 26, E. A. Seemann, Leipzig 1932, S. 538
  • Вер Г. Якоб Бёме. - Урал LTD, 1998
  • Головин А. В. Философские воззрения Якоба Бёме на становление и формообразование вещей // Ученые записки кафедр общественных наук вузов Ленинграда. Философия. Вып. X. Л. 1969.
  • Горфункель А.Х. Мистический пантеизм Якоба Бёме // Горфункель А.Х. Философия эпохи Возрождения. Учеб. пособие - М.։ Высш. школа, 1980. - С. 330-343. - 368 с. - 50000 экз.
  • Горфункель А.Х. Мистический пантеизм Якоба Бёме // Горфункель А.Х. Философия эпохи Возрождения։ Учебное пособие - 2-е изд., стереотипное. - М.։ Книжный дом «ЛИБРОКОМ», 2009. - С. 330-343. - 368 с. -  (Из наследия мировой философской мысли։ великие философы). - ISBN 978-5-397-00872-3.
  • Носов Н. Психология ангелов по Якобу Бёме // Человек. - 1994. - № 6. - С. 88-95.
  • Резвых П. Якоб Бёме։ язык тела и тело языка // Новое литературное обозрение. - 2003. - № 63 ([2])
  • Фокин И. Л. Феноменология теогонической души в учении Я.Бёме //Вестник Ленинградского государственного университета имени А. С. Пушкина. - 2008. - № 1 (10). - С. 7-18. [3]
  • Фокин И. Л. Проблема свободы в первоначальном учении о «божественных качествах» Я.Бёме //Вестник Ленинградского государственного университета имени А. С. Пушкина. - 2008. - № 3 (14). - С.20-28.
  • Шаулов С. М. Всемирный семиозис Якоба Бёме и основания эстетики барокко // ГУМАНИТАРНЫЕ ИССЛЕДОВАНИЯ в Восточной Сибири и на Дальнем Востоке. - № 3 (7). - 2009. - С.11-14.
  • Bailey, Margaret Lewis (1914). Milton and Jakob Boehme; a study of German mysticism in seventeenth-century England. - New York։ Oxford University Press.
  • Swainson, William Perkes (1921). Jacob Boehme; the Teutonic philosopher. - London։ William Rider & Son, Ltd.
  • Zdenek V. David, "The Influence of Jacob Boehme on Russian Religious Thought" // Slavic Review, 21 (1962), 1. - pp. 43–64.
  • Weeks, Andrew (1991). Boehme։ An Intellectual Biography of the Seventeenth-Century Philosopher and Mystic. - State University of New York Press. ISBN 978-0-7914-0596-3.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Jaqua M. The Illumination of Jacob Boehme — 1984.
  2. 2,0 2,1 Jacob Böhme: The Teutonic Philisopher — 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118512579 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. CONOR.Sl
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Բյոմե» հոդվածին։