Բացել գլխավոր ցանկը

Մրտավարդ կովկասյան

բույսերի տեսակ
Մրտավարդ կովկասյան
Turkish Rhododendron caucasicum.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Հավամրգածաղկավորներ
Կարգ Eudicots
Ընտանիք Հավամրգազգիներ
Ցեղ Մրտավարդ
Տեսակ Մրտավարդ կովկասյան
Լատիներեն անվանում
Rhododendron caucasicum


Մրտավարդ կովկասյան, լեռնավարդ կովկասյան (լատ.՝ Rhododendron caucasicum), hավամրգազգիների ընտանիքի, մրտավարդ ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Մշտադալար թուփ է, պառկած, սողացող ցողուններով և աղեղնաձև բարձրացող ճյուղերով, մինչև 1-1,5 մ բարձրությամբ։ Կեղևը մուգ գորշավուն է։ Երիտասարդ ընձյուղները թեթևակի աղվամազով են ծածկված։ Բողբոջային թեփուկները սովորաբար երկար են պահպանվում ընձյուղների վրա։ Տերևները երկարավուն են, կամ երկարավուն-էլիպսաձև, 4-12 սմ երկարությամբ, 1,8-4 սմ լայնությամբ, կլորավուն կամ սուր գագաթով, հիմքում սեղմված, թեթևակի ոլորված եզրերով, աղոտ, մուգ կանաչավուն, մերկ, ներքևից նուրբ, շիկագույն կամ դարչնագույն մազմզուկներով ծածկված, 0,5-1,7 սմ երկարության տերևակոթուններով: Ծաղիկները 7-10-ական խմբերով գտնվում են աղվամազապատ, 2-4 սմ երկարության ծաղկակոթունների վրա։ Բաժակը թաղիքանման է, մանր, եռանկյուն բաժիններով։ Պսակը սպիտակ է կամ կրեմագույն, կանաչ խալերով, ծաղկաթափի ժամանակ վարդագույն գույն է ստանում, ընդ որում խալերը կարմրում են։ Տրամագիծը 5 սմ է, լայն-ձագարաձև, զանգականման, 10 առէջներով, սերմնարանը թաղիքանման մազմզուկներով է ծածկված։ Պտղատուփը շիկաթաղիքանման է։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին: Բավականին ցրտադիմացկուն է, տերևները պարունակում են դաբաղանյութեր, վիտամին C:

ՏարածվածությունԽմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում (Մեծ Կովկաս, Արևմտյան և Արևելյան Անդրկովկաս), հյուսիսարևելյան Անատոլիա (Լազիստան)։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Համզաչիմանում, Միափորի լեռնաշղթայում փոքրիկ թփուտների ձևով, անտառի եզրին։ Ներկայումս ՀՀ-ում ստույգ հայտնի են ընդամենը երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ2–ից պակաս է[1]: Սովորաբար աճում է մերձալպյան և ալպյան գոտում, անտառի վերին սահմաններից բարձր, ծովի մակերևույթից մինչև 1800-3000 մ-ի սահմաններում, համեմատաբար խոնավ լեռնալանջերում, որտեղ հողի ռեակցիան չեզոք է կամ թույլ թթվային։ Գերադասում է ստվերոտ լանջերը, աճում է խոշոր թփուտների ձևով։ Արարատյան դաշտի պայմաններում վատ է աճում, քանի որ խիստ տուժում է օդի չորությունից և հողում կալցիումի առատությունից։ Դժվար է տանում վերատնկումը։ Այն սակավաթիվ մշտադալար տեսակներից է, որոնք չորրորդական դարաշրջանի սառցապատման շրջանում պահպանվել են ձյան շերտի տակ։ Իր բնական տարածման սահմաններում ներկայումս էլ ձմեռում է նույն եղանակով։ Գրանցված է Հայաստանի բուսականության «Կարմիր գրքի» այն տեսակների թվում, որոնց տարածման սահմանները աստիճանաբար կրճատվում են և անհետացման վտանգի տակ են գտնվում։

ԿիրառությունԽմբագրել

Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում ծաղիկների գույնով, թփի ձևով[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Մրտավարդ կովկասյան»։ www.mnp.am։ Վերցված է 2016-01-09 
  2. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (274)։