Մուշի Ազգային Կենտրոնական վարժարան

Մուշի Ազգային Կենտրոնական վարժարան (Ազգային Կեդրոնական Վարժարան (Մուշ)) Արևմտյան Հայաստանի հայտնի դպրոցներից մեկը։ Գտնվել է Մուշում, հայտնի է եղել նաև Ներսիսյան վարժարան՝ Պոլսի Հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանի անունով։

Մուշի Ազգային Կենտրոնական վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1878
Լուծարված է1915
ՀիմնադրիրՆերսես Վարժապետյան
ԵրկիրՄուշ

Պատմություն խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1878 թվականին[1]՝ «Միացյալ ընկերություն հայոց» բարեգործական, կրթական կազմակերպության կողմից։ Վարժարանի տեսուչի պաշտոնը 1879-1884 թվականներին զբաղեցրել է նշանավոր մտավորական Մկրտիչ Սարյանը, որի օրոք վարժարանը հայտնի է դարձել։ Վարժարանը տեղակայված է եղել Մուշ քաղաքի Ձորի թաղի նորակառույց երկհարկանի շենքում` ընդարձակ և լուսավոր սենյակներով և իր ժամանակի համար արդիական բոլոր հարմարություններով։ Ուսուցչական կազմը եղել են Պոլսի ուսումնական հաստատությունների և Խարբերդի Եփրատ քոլեջի շրջանավարտները։ Վարժարանի լավագույն ուսուցիչներից է եղել Համբարձում Պերպերյանը, որը հետագայում տեսուչի պաշտոնում փոխարինել է Մկրտիչ Սարյանին։ Դասերի տևողությունը կազմել է օրական 6 ժամ, ուսուցումն իրականացվել է «Միացյալ ընկերություն հայոց» կազմակերպության կողմից տրամադրված նոր դասագրքերով։

Կենտրոնական վարժարանի գործունեության ամբողջ ծախսերը հոգացել է «Միացյալ ընկերություն հայոց» կազմակերպությունը, որը որոշ օժանդակություն է ստացել Պոլսում ապրող տարոնցիներից։

Կենտրոնական վարժարան էին ընդունվում ոչ միայն Մուշ քաղաքի ու Մուշի շրջակա գյուղերի, այլ նաև Սասունի, Խնուսի և այլ շրջաններից աշակերտներ։ Վարժարանի գործունեության առաջին տարում հաստատություն է ընդունվել մոտ 80 երեխա, հետագա տարիներին աշակերտների թիվը հասել է 150-ի։ Առաջին շրջանավարտները վարժարանը տվել է 1883 թվականին՝ 11 աշակերտ, 1884 թվականին՝ 15 աշակերտ։ Ավարտելուց անմիջապես հետո վարժարանի շատ ուսանողներ մեկնել են Մուշ գավառի տարբեր բնակավայրեր` նոր բացվող դպրոցներում դասավանդելու։

Մուշի Ազգային Կենտրոնական վարժարանում ուսանել են ազգագրագետ, բանահավաք–բանասեր, մանկավարժ, հասարակական գործիչ Սահակ Մովսիսյանը (Բենսե), հայդուկապետ, ռազմական տեսաբան, հայ ֆիդայական շարժման ղեկավարներից Հրայր Դժոխքը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Հակոբ Կոտոյանը, գրող, գավառական գրականության ներկայացուցիչներից, լրագրող և քաղաքական գործիչ Գեղամ Տեր-Կարապետյանը (Մշո Գեղամ), հայ հրապարակախոս, խմբագիր, արձակագիր, թարգմանիչ Գալուստ Անդրեասյանը և այլոք[2]։

Վարժարանի գործունեության ամենաբեղուն ժամանակաշրջանը եղել 1880-1884 թվականները։ Կրթարանի հեղինակության բարձրացմանը զուգահեռ աստիճանաբար սաստկացել են նրա նկատմամբ օսմանյան իշխանությունների ճնշումները։ Նրանց կողմից բացսաբար էր դիտվում վարժարանում անցկացվող մարմնամարզության դասերը։ Կենտրոնական վարժարանի շրջանավարտ Սարգիս Բդեյանը, որը եղել է ականատես այդ դեպքերին, նշել է՝ «Մուշում եվրոպական կրթական վերջին չափանիշներով գործող վարժարանի գոյությունը հարուցում էր նաև տեղի մուսուլման ազգաբնակչութեան նախանձը, թուրքերը, մեկ–երկու մեդրեսեներից բացի, ուրիշ դպրոց չունեին և ջանքեր էլ չեն թափում դպրոցներ բացելու»։

Դժգոհություն է հարուցվել հատկապես վարժարանի տեսուչ` Մկրտիչ Սարյանի վարած գործունեությունը, որն առանձնացել է իր հայրենասիրական բնույթով։ 1884 թվականի վերջին տեսուչը ձերբակալվել է՝ իբրև խռովարար։ Ազատ արձակվելուց հետո նա ստիպված հրաժարական է տվել իր պաշտոնին և հեռացել Մուշից։ 1885 թվականին տեսուչի պաշտոնը վարել է Հովհաննես Պերպերյանը, որը նույնպես ստիպված հրաժարական է տվել իր պաշտոնին և հեռացել Պոլիս։

1895 թվականի` Համիդյան ջարդերի և «զուլումի» տարում, «Միացյալ ընկերություն հայոց» կազմակերպությունը դադարեցնել է իր գործունեությունը, որին զուգահեռ փակվել են նրա կողմից հիմնադրված և ֆինանսական բոլոր կրթական հաստատությունները, այդ թվում` Մուշի Ազգային Կենտրոնական վարժարանը։

Մուշի Ազգային Կենտրոնական վարժարանը վերաբացվել է 1908 թվականին՝ Երիտթուրքերի հեղաշրջումից և սահմանադրական կարգերի վերահաստատումից հետո։ 1909-1910 թվականների ուսումնական տարում վարժարանն ունեցել է 165 աշակերտ (7 ուսուցիչ), իսկ 1910-1911 թվականների ուսումնական տարում` 122 աշակերտ (8 ուսուցիչ)։ Կենտրոնական Վարժարանը շարունակել է գործել մինչև 1915 թվականը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նորություններ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
  2. «Մուշը և Մուշի հայերը». Weblogtemplates (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
  3. Մշոյ Ազգային կեդրոնական վարժարան (Ներսէսեան վարժարան)