Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մուշեղ Թումանյան (1889, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1938, Սիբիր, ԽՍՀՄ), հայ բնագետ, ուսուցիչ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ավագ որդին։ Մուշեղ անունը դրվել է ի պատիվ Րաֆֆու «Սամվել» վեպի հերոսի[1]։

Մուշեղ Թումանյան
 
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ բնագետ և ուսուցիչ
Ազգություն Հայ
Ծննդյան օր 1889
Ծննդավայր Թիֆլիս
Վախճանի օր 1938
Վախճանի վայր Սիբիր
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Հայր Հովհաննես Թումանյան
Մայր Օլգա Թումանյան
Զավակներ Անահիտ, Նադեժդա, Վիգեն

Կենսագրություն խմբագրել

Մուշեղ Թումանյանը ծնվել է 1889 թվականին Թիֆլիսում։ Մանկությունն անցել է Շուլավերում՝ մորական տատ Շուշանիկ Մաճկալյանի տանը։ Վերջինս մեծ դեր է խաղացել Մուշեղի ուսման գործում՝ նպաստելով, որ նա ընդունվի Թիֆլիսի արական գիմնազիա։ 1908 թվականին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Թումանյանի նկատմամբ ներկայացվել է «ազգայնական հայացքների և դաշնակցության գործի» կեղծ մեղադրանք։ Նրա հետ ձերբակալվել է նաև ավագ որդին՝ 8-րդ դասարանի աշակերտ Մուշեղը։ Արդյունքում նա մեկ տարի ուշ է ավարտել գիմնազիան։ Բաց թողածը լրացնելու նպատակով Մուշեղը բանտում զբաղվել է ինքնակրթությամբ։ Այդ տարիներին ևս պահպանել է կյանքի նկատմամբ լավատեսական մոտեցումը․ բանտում Թումանյանի գրած «Վայրէջք» բանաստեղծությանը պատասխանել է «Վերելք» չափածո խորհրդածություններով։

1910 թվականին Մուշեղն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը։ Թումանյանը երազում էր, որ որդիներից մեկը երկրաբան դառնա և առանձնապես մեծ հույսեր էր կապում ավագ որդու հետ՝ նշելով․

  Լոռին մեծ ապագա ունի, հանքերով հարուստ երկիր է․ երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում․․․[1]  

Մուշեղն ինքն էլ վաղուց հետաքրքրվում էր բնությամբ․ ցանկանում էր ունենալ ծաղիկների հավաքածու։

Համալսարանական տարիներին Մուշեղն ակտիվորեն մասնակցել է հայ երիտասարդների կազմակերպած հավաքույթներին։ Նա ցավով էր ընդունում, որ երիտասարդները աստիճանաբար մոռանում են հայերենը։ 1915 թվականին, ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է ծառայության Իգդիրի երկրորդ դրուժինայի կազմում՝ որպես կամավոր։ Ծառայությունն ավարտելուց հետո սովորել է Սանկտ Պետերբուրգի Սակրավորների ուսումնարանում։

1916 թվականին կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով։ 1918-1920 թվականների իրադարձություններից հետո կնոջ և նորածին որդու՝ Վիգենի հետ տեղափոխվել են Թիֆլիս, այնուհետև՝ Շուլավեր։ Տեղի դպրոցում դասավանդել է ֆիզիկա և քիմիա։ Ծրագրում էր կազմել բնագիտության դասագրքեր դպրոցականների և ուսանողների համար։ Զուգահեռ զբաղվել է այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով։

1937 թվականին նոյեմբերի 5-ին Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել է և աքսորվել Տայշետ՝ Արևելյան Սիբիր, որտեղ էլ 1938 թվականին մահացել է։

Ամուսնու մահվան մասին իր օրագրություններում Մարիան գրել է․

  Բոլորովին անմեղ այդ մարդը, սրտի հիվանդությամբ տառապող, չդիմացավ և կես տարի հետո մահացավ։ 1955 թվականին նա արդարացվեց[1]։  

Ընտանիք խմբագրել

 
242.986x242.986փքս

Կնոջ՝ Մարիա Սոկալսկայայի հետ ծանոթացել է Պետերբուրգում սովորելու տարիներին։ Մարիան ազգությամբ լեհ էր և սովորում էր համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Իրենց ծանոթության մասին Մարիան գրել է․

  Մենք սկսեցինք հանդիպել և սիրեցինք իրար։ Ես և Մուշեղը գրեցինք մեր ծնողներին մեր ամուսնանալու մասին։ Նույն օրը երկուսից էլ անմխիթար պատասխաններ ստացանք։ Մայրս գրում էր, որ այդ սերը ճակատագրական սխալ է։ Հովհաննես Թումանյանը գրում էր, որ ցավալի է, որ բանաստեղծի ավագ որդին ամուսնանում է ռուսի հետ։ Մենք կարդացինք միմյանց այդ նամակները, բայց մեր զգացմունքները չմարեցին։ Որոշեցինք ինքնուրույն դասավորել մեր կյանքը[1]։  

Սովորելով հայերեն կարդալ ու գրել՝ Մարիան ամուսնու մահից հետո էլ շարունակել է ուսուցչական գործունեությունը, մասնակցել Հովհաննես Թումանյանին նվիրված բոլոր միջոցառումներին։

Մուշեղ Թումանյանն ու Մարիա Սոկալսկայան ունեցել են երեք երեխա՝

  • Անահիտ Թումանյան,
  • Նադեժդա Թումանյան,
  • Վիգեն Թումանյան (1921-1941)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյանի զավակները։ Մուշեղ Թումանյանը և իր ընտանիքը․-Եր․։ Հովհ․ Թումանյանի թանգարան, 2018․-408 էջ (Արևելք-Արևմուտք մատենաշար)

Աղբյուրներ խմբագրել