Մուալլականեր (արաբերեն՝ المعلقات, al-muʕallaqaːt, արաբ․՝ معلقة‎‎՝ կախված), բանաստեղծություններ, որոնք գրվել են Նախաիսլամական Արաբիայում՝ 7 նշանավոր հեղինակների կողմից և համարվում են նախաիսլամական շրջանի լավագույն ստեղծագործությունները[1]։

Ըստ ավանդույթի՝ մուալլականերն այնքան սիրված են եղել ժողովրդի կողմից, որ դրանք կախվում էին հեթանոսական տաճարների մուտքի մոտ, այստեղից էլ անվանումը՝ «կախված»։ Սակայն ավելի ուշ ուսումնասիրողների կողմից այս վարկածը հերքվեց, քանի որ մուալլակա տերմինը նրանք բացատրում էին նրա մեկ այլ նշանակությամբ՝ «կապել», ասելով, որ արաբները մուալլակաների ստեղծումը համեմատում էին ուլունքահատիկը թելի վրա շարելու պրոցեսի հետ վզնոց պատրաստելու համար։ Արաբական միջնադարյան աղբյուրներից շատերը նշում են մուալլակաների 7 նշանավոր նախաիսլամական պոետներին՝ Իմրուլկայս, Տարաֆա, Զուհեյր, Անտարա, Ալ-Հարիս իբն Հիլլիզա, Ամր իբն Քուլսում և Լաբիդ։

Պատմություն

խմբագրել

Մի քանի դարերի ընթացքում վաղ արաբական պոեզիայի լավագույն նմուշները պահվում էին ասացողների(արաբ․՝ «راوِ»՝ ռաուի‎‎) մտքում և միայն 8-րդ դարի կեսերից բանաստեղծներն ու ռաուիները սկսեցին դուրս հանել դրանք ժամանակակիցների հիշողությունից և հավաքել հատուկ հավաքածուների մեջ։ Տարբեր չափերի հավաքածուների գրառումը լայն թափ ստացավ հատկապես 9-րդ դարում։ Երևան եկան ինչպես առանձին հեղինակների բանաստեղծությունների հավաքածուները՝ դիվանները, այնպես էլ տարբեր բանաստեղծների կյանքի ու գործունեության մասին պատմող բազմազան անթալոգիաներ։ Արաբերենի տաղաչափական ձևերն արդեն ստեղծվել էին վաղ իսլամական շրջանում։ Հավանական է, որ սկզբում ստեղծվել է հանգավոր արձակը (արաբ․՝ «سَجْعٌ »՝ սաջ‎‎)։ Նրանում միտքը արտահայտվում է մի քանի կարճ նախադասությամբ։ Հանգավոր արձակից առաջացել են արաբերեն բանաստեղծության ամենապարզ տաղաչափական ձևը՝ ռաջազը (արաբ․՝ «رَجَزٌ»‎‎)։ Դեռևս 8-րդ դարում հիմնվում է գիտություն տաղաչափության մասին (արաբ․՝ «علم العروض»‎‎՝ իլմ-ալ-Արուդ)։ Դրա համաձայն՝ բանաստեղծական տողը ստեղծվում է վանկերի միատեսակ տևողականության որոշակի հերթագայությամբ։ Կարճատև և երկարատև վանկերը միասին կազմում են բանաստեղծական ոտք։ Երկու կամ երեք ոտքերից կազմվում է կիսատող, իսկ երկու կիսատողից էլ արդեն կազմվում է բանաստեղծական տողը՝ բեյթը։ Հանգավորվում են բեյթի վերջին հարֆերը։ Հաճախ արաբերեն բանաստեղծությունները անվանվում են ըստ իրենց հանգի, օրինակ «լամիյյա» այն բանաստեղծությունն է, որի բոլոր տողերը ավարտվում են «լամ»՝ ل տառով, «կաֆիյյա»՝ «կաֆ»՝ ق տառով, «նունիյյա»՝ ن «նուն» տառով, և այսպես շարունակ։

Նախաիսլամական շրջանում ստեղծվեցին 10-12 բեյթանոց կիտան (արաբ․՝ «قطعة»՝ հատված, պատառիկ‎‎) և 50-100 բեյթանոց կասիդան (արաբ․՝ «قصيدة»‎‎)։ Կիտան սովորաբար փոքրիկ բանաստեղծություն էր մի թեմայի շուրջ, պարզ կառուցվածք ուներ, որը կարող էր և ինքնուրույն հանդես գալ և դառնալ կասիդայի հատված։ Կասիդան իր կառուցվածքով ավելի բարդ ստեղծագործական ձև է. այն կազմված է թույլ կապերով կապված մասերից, որոնք տարբերվում են միմյանցից սյուժեով և ոճով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kirsten Eksell, "Genre in Early Arabic Poetry." Taken from Literary History: Towards a Global Perspective, vol. 2, pg. 158. Eds. Anders Pettersson, Gunilla Lindberg-Wada, Margareta Petersson and Stefan Helgesson. Berlin: Walter de Gruyter, 2006. ISBN 9783110894110

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել