Միքելանջելոյի գաղտնի սենյակ

տարածք Ֆլորենցիայի Սան Լորենցո բազիլիկայի Մեդիչիների մատուռների տակ, որտեղ ապրել և նկարել է Միքելանջելոն

Միքելանջելոյի գաղտնի սենյակ կամ Միքելանջելոյի թաքուն սենյակ (իտալ.՝ La stanza segreta di Michelangelo), ստորգետնյա տարածք, որը հայտնաբերվել է 1975 թվականին Ֆլորենցիայի Սան Լորենցո բազիլիկայի Մեդիչիների ժամատան տակ, ենթադրվում է, որ 1530 թվականին, երկու ամիս ծառայել է Միքելանջելոյին որպես ապաստարան։ Այս փակ սենյակում նա թողել է իր հետքը՝ պատերը զարդարելով տասնյակ էսքիզներով[1]։

Միքելանջելոյի գաղտնի սենյակ
իտալ.՝ La stanza segreta di Michelangelo
Տեսակթանգարան
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՖլորենցիա
Մասն էՄեդիչիների ժամատուն
ՀասցեPiazza di Madonna degli Aldobrandini, 6 - Firenze
Հիմնադրվել է2023
Մակերես30 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ

Նկարագիր խմբագրել

Գաղտնի սենյակը՝ 10 մ x 3 մ չափերով տարածք է, որը պարունակում է ածուխի նկարներ, որոնք որոշ փորձագետներ վերագրել են Միքելանջելոյին, հայտնաբերվել է 1975 թվականին, երբ պաշտոնյաները նոր ելք էին փնտրում Մեդիչիների ժամատնից՝ աճող այցելուներին տեղավորելու համար։ Սենյակում հայտնաբերված գծանկարները հղումներ են այնպիսի գործերի, ինչպիսիք են Լաոկոոնի գլուխը, Դավթի արձանը և Սիքստինյան կապելլայի առաստաղը զարդարող որմնանկարները, ինչպես նաև այլ քանդակներ և նկարներ, դեռևս ուսումնասիրվում են արվեստագետների կողմից։ Արվեստաբանները ենթադրում են, որ գծանկարները պատկանում են Միքելանջելոյին։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ այս պատերը ծառայել են ապագա նախագծերի գաղափարներն ուրվագծելու, ինչպես նաև նկարչի նախորդ աշխատանքների էսքիզները պահպանելու համար[1][2]։

Պատմություն խմբագրել

1530 թվականին Ֆլորենցիայի պաշարման ժամանակ, իշխող Մեդիչի ընտանիքի հետ նրա լարված հարաբերությունների պատճառով՝ Միքելանջելոն փախել է Կղեմես VII պապի բարկությունից, որը նույնպես Մեդիչիների ընտանիքի անդամ էր։ Պապի զայրացել էր, քանի որ նկարիչը կարճատև հանրապետական ​​կառավարության համար՝ 1527-1530 թվականներին, երբ Մեդիչիներին քաղաքից քշել էին, քաղաքի ամրությունների վերահսկիչ էր աշխատել։ Ենթադրաբար Սան Լորենցոյի առաջնորդ Ջովան Բատիստա Ֆիջիովանին էր թաքցրել նկարչին։ Միքելանջելոն ներում է ստացել մոտ երկու ամիս հետո, հետևաբար թաքստոցում մնացել է 1530 թվականի հունիսի վերջից մինչև հոկտեմբերի վերջը։ Դրանից հետո նա վերսկսել է իր պարտականությունները Ֆլորենցիայում մինչև 1534 թվականին քաղաքից հեռացել է Հռոմ[1]։

Բացահայտում խմբագրել

1975 թվականի նոյեմբերին թանգարանի համար հարմար նոր ելքի տարբերակ փնտրելիս թանգարանի այն ժամանակվա տնօրեն Պաոլո Դալ Պոգետտոն հանձնարարել է վերականգնող Սաբինո Ջովանոնիին մաքրել Նոր Սրբարանի աբսիդի տակ գտնվող նեղ միջանցքը։ Փոքր սենյակը ուներ 10 մետր երկարություն, երեք մետր լայնություն և երկուսուկես մետր բարձրություն և մինչև 1955 թվականը օգտագործվել է փայտածուխ պահելու համար։ Հետագա տարիներին կնքված դուռը մոռացության է մատնվել մնալով զգեստապահարանների, կահկարասու հետևում։ Գիպսի երկու շերտ հեռացնելով՝ Ջովանոնին պատերին հայտնաբերել է փայտածուխով և սանգվինայով նկարված մի քանի ֆիգուրներ, որոնք Դալ Պոգետտոն հիմնականում վերագրել է Միքելանջելոյին։ Աշխատանքների հեղինակությունը դեռևս գիտական բանավեճի առարկա է[2][3]։

Կարգավիճակ խմբագրել

Բացահայտումից հետո սենյակն այցելուների համար տասնամյակներ շարունակ փակ է եղել՝ նեղ տարածության և նեղ աստիճաններով մուտքի հետ կապված մտահոգությունների պատճառով, ինչը վտանգ էր ներկայացնում և գծագրերի անվտանգության և հնարավոր վնաս պատճառելու մտահոգությամբ։ Սակայն 2023 թվականի նոյեմբերից սենյակը փորձնական կարգով բաց է մինչև հաջորդ տարվա մարտի վերջ։ Այցելուները պետք է նախապես ամրագրեն և մուտքը սահմանափակվում է 15 րոպեով մեկ՝ չորս հոգանոց խմբի համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Italy's hidden history revealed as Renaissance and Roman sites open to the public». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  2. 2,0 2,1 designboom, myrto katsikopoulou I. (2023 թ․ նոյեմբերի 3). «michelangelo's secret drawing room in florence opens to the public for the first time». designboom | architecture & design magazine (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  3. 3,0 3,1 «Michelangelo's "secret room" opens regularly for visitors». theflorentine.net.