Մինաս Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մինաս Մ. Բարսեղյան (նաև՝ Մինաս Մանուկ Բարսեղ, պրոֆ. դոկտ. Պազիլյան, Բազիլ կամ Պազիլ խան հուլիսի 14, 1857, Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան - հուլիսի 22, 1922, Նիս), հայ բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան։
Ծնվել է | հուլիսի 14, 1857 |
---|---|
Ծննդավայր | Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան |
Մահացել է | հուլիսի 22, 1922 (65 տարեկան) |
Մահվան վայր | Նիս |
Կրթություն | Հայոց մարդասիրական ճեմարան (Կալկաթա) «Presidency College» Էդինբուրգի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, գիտնական, բանասեր, թարգմանիչ |
Աշխատավայր | Մելդոզ քաղաքի նահանգային հոգեբուժական հիվանդանոց Թեհրանի «Դարուլ-ֆունուն» դպրոց |
Պարգևներ | Պարսկաստանի կառավարության «Շիր-օ-խորշիդ» («Առյուծ և արեգակ») Ա աստիճանի շքանշան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1857 թվականի հուլիսի 14-ին Պարսկաստանի Նոր Ջուղա (Սպահան) քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է հայերեն և պարսկերեն լեզվով՝ Նոր Ջուղայի Դավրեժ թաղի Սբ. Մինաս եկեղեցուն կից դպրոցում։ 1871-74 թվականներին ուսանել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց մարդասիրական ճեմարանում։ 1874-77 թվականներին ուսանել է բելգիացի ջիզվիտների Կալկաթայի Սբ. Փրկիչ քոլեջում։ 1877-80 թվականներին ուսանել է Կալկաթայի անգլիական պետական «Presidency College»-ում, որի 4000 ուսանողների մեջ միակ հայն էր, և ստացել Կալկաթայի համալսարանի արվեստից մագիստրոսի (Master of Arts) աստիճան։ 1878-81 թվականներին «Presidency College»-ում սովորելուն զուգահեռ միաժամանակ բժշկություն է ուսանել «Medical College of Bengal»-ում և «Calcutta General Hospital»-ում։
1881-1882 թվականներին ուսումը շարունակել է Շոտլանդիայի (Մեծ Բրիտանիա) մայրաքաղաք Էդինբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետում և ավարտել փայլուն ցուցանիշներով։ Այստեղ ուսանելու ընթացքում ցուցաբերել է արտառոց ընդունակություններ և առաջ անցել իր հայ, պարսիկ, հնդիկ, անգլիացի, շոտլանդացի ազգերի 400 մրցակիցներից։ Այդ առիթով կատակել է. «Հայ ուղեղը ամենէն հինն է, եգիպտացւոց, ասորացւոց ու բաբելացւոց հետ պէտք է մրցի, սա նոր բուսած ազգերը մանուկներ են ու տակաւին մարդու տեղ չեն հաշուուիր»։
1882 թ. բժշկական կրթությունն ավարտելուց հետո մի քանի ամիս Էդինբուրգում աշխատել է պրոֆ. Ռուտեր ֆորդի բնախոսական (ֆիզիոլոգիական) թանգարանում։ 1882 թվականին եղել է բրիտանական «Քլան» շոգենավային ընկերության բժիշկը և Լիվերպուլից Բոմբեյ երթևեկել։ 1882/83-85 թվականներին աջակից բժիշկ է աշխատել Մելդոզ քաղաքի նահանգային հոգեբուժական հիվանդանոցում։ 1885/86-89 թթ. օգնական բժիշկ է աշխատել Մանչեստրի կանանց ու մանկանց հիվանդանոցում։ Բրիտանական բժիշկների միության և Էդինբուրգի համալսարանի խորհրդի անդամ է ընտրվել։ Անգլիայի հիվանդանոցներում աշխատելու ընթացքում լայն ճանաչում է ձեռք բերել հայ բժիշկների շրջանում։
1889 թվականին, երբ Պարսկաստանի Նասրէդդին շահն այցելել է Անգլիա, բժիշկը նրան ներկայացել է որպես Անգլիայի պարսկական գաղութի անդամ։ Շահը հիանալով նրա մասնագիտական հմտության վրա՝ հրավիրել է Թեհրան՝ Իրանյան համալսարանում անգլերեն և բժշկագիտություն դասախոսելու։ 1889 թ. այցելել է Կ. Պոլիս և մեկնել Պարսկաստան։ 1889-1911 թվականներին բժշկություն է դասավանդել Թեհրանի «Դարուլ-ֆունուն» (արվեստների) դպրոցում/համալսարանում։ Պրոֆեսորի կոչում և բժշկապետի աստիճան է ունեցել։ Թեհրանում աշխատելու քսաներկու տարվա ընթացքում տվել է բազմաթիվ փայլուն շրջանավարտներ, որոնք պարսիկ մտավորականության վերնախավն են դարձել հետագայում։ Երկար տարիներ եղել է շահի պալատի բժշկապետը և բժշկական խորհրդատուն։ Եղել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեսպանների ընտանեկան բժիշկը։ Երկու տարի եղել է պարսկական կազակների 2000-անոց ջոկատի բժշկապետը։ Տիրապետելով մի շարք օտար լեզուների՝ մեծ թվով բժշկական աշխատություններ եվրոպական լեզուներից պարսկերենի է թարգմանել։
Հեղինակ է բազմաթիվ հասարակական-քաղաքական, բժշկական (հոգեբուժական տեսանկյունից հետաքրքրական) հոդվածների, որոնք տպագրվել են անգլիական, պարսկական, կովկասյան և պոլսահայ պարբերական ներում։ 1911 թվականին տեղափոխվել է Կ. Պոլիս և գիտական, բանասիրական ու հասարակական լայն գործունեություն ծավալել։ Կ. Պոլսում եղել է պարսկական դեսպանատան բժշկապետը։ Թղթակցել է անգլիական «Medical Chronicle», «Hospi tal», «British Medical Journal» և այլ բժշկական պարբերա կանների՝ հրատարակելով բազմաթիվ գիտական հոդվածներ։ Հայրենակիցների շրջանում բժշկաառողջապահական գիտելիքներ տարածելու նպատակով գրել է մի շարք հայերեն բժշկական գիտահանրամատչելի հոդվածներ և գրքեր, որոնցից է, օրինակ, խոլերային նվիրված ծավալուն աշխատությունը։ Կ. Պոլսում անդամակցել է Հայ բժիշկների միությանը, եղել է Օսմանյան կայսերական բժշկական կաճառի, Բրիտանական բժիշկների միության, Էդինբուրգի համալսարանական խորհրդի, Հայկական Կարմիր խաչի և հայկական ու օտար մասնագիտական ու հասարակական այլ կազմակերպությունների անդամ։ 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ օսմանյան կառավարությունը աքսորել է նրան, սակայն Պարսկաստանի դեսպանի ազդու միջնորդության շնորհիվ ազատվել է և ապաստանել Բուլղարիայում։ 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվելուց հետո, ընտանիքով մեկնել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքը` կազդուրվելու։
Պարգևատրվել է Պարսկաստանի կառավարության «Շիր-օ-խորշիդ» («Առյուծ և արեգակ») Ա աստիճանի շքանշանով, խանության տիտղոսով և այլ պատվանշաններով ու պարգևներով։ Մահացել է 1922 թվականի հուլիսի 24-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։ 1914 թվականի դրությամբ ունեցել է Փարիզի բժշկական համալսարանաում ուսանող որդի և 3 դուստր, որոնք սովորում էին Կ. Պոլսի Բերա թաղամասի անգլիական դպրոցում։
Աշխատություններ
խմբագրել- Pathologie interne, par Dieulafoy, պարսկերեն թարգմանություն։
- Pathologie externe, par quatre agreges։ Kermission, Bouget etc., պարսկերեն թարգմանություն։
- Holden’s Landmarks of Anatomy, պարսկերեն թարգմանություն։
- Ընդարձակ ուսումնասիրություն խոլերայի մասին։
Տարափոխիկ հիվանդությունների մասին մի շարք հոդվածներ է տպագրել «Տերբիյետ» շաբաթաթերթում։
Թեհրանի պարսկերեն «Հաբլ-օլ-մաթին» օրաթերթում հոդվածներ է տպագրել «Վեզիֆե» և «Գապուս» ծածկանուններով։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
խմբագրել- Ղազարեան Վահան, Բժշկական տարեցոյց, Կ. Պոլիս, 1914։
- Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։
- Վարդանյան Ստելլա, Հայաստանի բժշկության պատմություն, Երևան, 2000։