Միհրան Սվազլյան
Միհրան Սվազլյան (Սվազլը) (1863, Զմյուռնիա, Բյուզանդական կայսրություն - 1935, Բոստոն, ԱՄՆ), հայ հրապարակախոս, գրող, հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան։ Հայ առաջին լոբբիստական կազմակերպությունների հիմնադիր-նախագահ։
Միհրան Սվազլյան | |
---|---|
Ծնվել է | 1863 |
Ծննդավայր | Զմյուռնիա, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | 1935 |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | հրապարակախոս, գրող, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ և իրավաբան |
Կենսագրություն
խմբագրելՄիհրան Սվազլյանը ծնվել է 1863 թվականին, Զմյուռնիայում։ Անգլերենի իմացության շնորհիվ Կիպրոսի անգլիական կառավարական պալատում 18 տարեկանում եղել է քարտուղար և գանձապահ։ Սովորել է Զմյուռնիայի անգլիական քոլեջում, ապա՝ Ֆրանսիայի Էքս քաղաքի համալսարանում։ Հրատարակել է «Հայաստան» (1888-1892 թվականներ, Լոնդոն), «Արմինյըն Հերալդ» (անգլերեն, 1917-1919 թվականներ, Բոստոն) պարբերականները, որտեղ իրենց հոդվածներն են տպագրել և հայասիրությամբ թրծվել եվրոպացի առաջավոր մտածողներ Լորդ Ջեյմս Բրայսը, Էմիլ դը Լավլեն, Ժյուլ Սիմոնը, Ուիլյամ Էվարթ Գլադստոնը և ուրիշներ։ Լորդ Ջեյմս Բրայսի նախագահությամբ Սվազլյանը Լոնդոնում կազմակերպել է Եվրոպային Հայ դատի մասին իրազեկող բազմամարդ հավաքներ, աշխատակցել է հեղինակավոր “Daily News,” “New Review” և այլ պարբերականներին։ Արդյունքում հիմնվել է Մեծ Բրիտանիայում հայկական առաջին լոբբիստական կազմակերպությունը՝ Անգլո-հայկական ընկերությունը, որին անդամակցել են ժամանակի երևելի օտարազգի հայասեր գործիչներ, եղել է Ամերիկայի հայ ազգային միության (1917 թվական, Բոստոն) հիմնադիր-նախագահը։ Միությունը ԱՄՆ-ում գործող 187 մասնաճյուղերով իրականացրել է Հայաստանի ազատագրմանն ի նպաստ դրամահավաքներ, աջակցել կամավորական շարժման կազմակերպմանը, հրատարակել է հայոց պատմությանը վերաբերող գրականություն, նպաստել 1918 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայ դատին առնչվող ունկնդրումների անցկացմանը, Հայաստանի ամերիկյան կոմիտեի (1919) և Հայաստան-Ամերիկա ընկերության ստեղծմանը։ Սվազլյանն աջակցել է Հնչակյան կուսակցությանը (1887), եղել Վերակազմյալ Հնչակյան (1896), ապա՝ միացյալ Ռամկավար-Ազատական (1921) կուսակցությունների հիմնադիր-ղեկավարներից, այդուհանդերձ, հանուն համազգային նպատակների կարողացել է Ամերիկայի հայ ազգային միության շուրջ համախմբել համերաշխ գործելու պատրաստակամություն դրսևորած հայ քաղաքական չորս կուսակցությունների (Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան, Վերակազմյալ Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Հայ Սահմանադրական Ռամկավար), ազգային երկու եկեղեցիների (Առաքելական, Ավետարանական) և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչներին Միությունն ամերիկյան պաշտոնական շրջանակների կողմից ճանաչվել է որպես ամերիկահայ գաղութը ներկայացնող մարմին՝ դառնալով հայկական առաջին լոբբիստական կազմակերպությունն ԱՄՆ-ում։ Սվազլյանը եղել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի խորհրդատուն հայկական տարածքների նկատմամբ ամերիկյան մանդատի հաստատման աշխատանքներում, անդրադարձել է Հայ դատին, հայ հասարակական-քաղաքական կյանքին («Ի յիշատակ Միհրան Սվազլեանի» (1944) գրքում[1][2][3]։
Միհրան Սվազլյանը մահացել է 1935 թվականին, Բոստոնում։
Մեջբերումներ Միհրան Սվազլյանից
խմբագրելԻնծի համար հայրենասիրութիւնը արժանապատւութեան խնդիր է։ |
Որքան անհրաժեշտ է Հայ ցեղին համար ունենալ տեսիլք մը, բեւեռային աստղ մը, անոր ուղղելու համար մեր բոլոր քայլերը։ |
Գրականություն
խմբագրել- Մեսիայան Ե., Դրօշին տակ, Նյու Յորք, 1918, էջ 154-184։
- Ավագյան Ք., Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գաղութի պատմությունը (սկզբնավորումից մինչև 1924 թվական), Երևան, 2000, էջ 116-120, 154։
- Ավագյան Ք., Հայ առաջին լոբբիստական կազմակերպությունը ԱՄՆ-ում, տես «Հայոց պատմության հարցեր» հ. 4, Երևան, 2003։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 488-489։
- ↑ «ՄԱԳԱՂԱԹ.AM » Միհրան Սվազլյանի պատմական փորձառության դասերը» (արաբերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Mihran Svazlian». OVENK - Armenian pictures, Armenian images, Armenian photos and video (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մարտի 18. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.